Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համոզեք ձեր վատ գործընկերներին, որպեսզի դիմումներ գրեն եւ հեռանան, որպեսզի չխայտառակեն ոչ թե ռեսպուբլիկան, այլ՝ ձեզ». Կարեն Անդրեասյանը՝ դատավորներին

Հոկտեմբեր 06,2022 14:41

Այսօր պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել ու քննարկվում է արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանին եւ փոխնախարար Երանուհի Թումանյանցին ԲԴԽ անդամ ընտրելու հարցը:

Կարեն Անդրեասյանը, խոսելով դատավորների կարգապահության մասին, ասաց, որ պետք է ունենան պատասխանատվության միջոցներ. «Վերջերս մի դեպք էր եղել, որ դատավորը բռնության զոհ կնոջ հանդեպ թույլ էր տվել էթիկայի որոշակի կոպտագույն խախտում: Պետք է հասկանալ, որ դատավորը պետք է հստակ ունենա իր էթիկայի վարքականոնը ու իմանա, որ դրա համար ունենալու է պատասխանատվություն»:

Նա ասաց, որ դատավորների բեռը պետք է թեթեւացնել, որ ժամանակ ունենան վերապատրաստվելու ու չմոռանան պատասխանատվության ենթարկվելու մասին: Նա, խոսելով դատական վճռի ուշացումների մասին, ասաց, որ սուբյեկտիվ ու ոչ սուբյեկտիվ դեպքեր կան, կարող է դա կապված լինել դատավորի ծանրաբեռնվածության հետ, կարող է կապված լինի կոռումպացվածության հետ. «Լինում են դեպքեր, երբ դատական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք իրենց շահագրգռվածություններից ելնելով՝ կարող են առաջ գցել ինչ-որ մեկի գործը, կարող են դիտավորյալ էլ ձգձգել այն, ինչ կարող էին չձգձգել: ԲԴԽ-ի խնդիրն է լինելու բացահայտել նրանց, ովքեր չարամիտ են ու չարագործ են ու օգնել այն դատավորներին, որոնք իրենք են զոհը այդ ձգձգումների, բեռը վերցնել իրենց վրայից»:

ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարցրեց ՄԻԵԴ վճիռներից, երբ դատավորի մի սխալի պատճառով փոխհատուցումն իրականացնում է ՀՀ քաղաքացին: Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Վերջերս դատավորներից մեկն ասաց՝ եթե Կարեն Անդրեասյանը իր նախկին խոսքերով է գալիս, թող չգա, եթե գալիս է նոր մոտեցումներով՝ թող գա: Դա վերաբերում է հետեւյալին՝ ես ասել եմ՝ այսքան լավ դատավոր կա, այսքան վատ դատավոր կա, նախկինում շատերին եմ քննադատել: Հիմա կա դատավորների մի խումբ, որն անհանգստացած է, որ ես գալիս եմ դատական համակարգ՝ սեփական ինչ-որ պատկերացումներով ու ինչ-որ անձանց թիրախավորելով, ինչպես միգուցե իրենցից ոմանք թիրախավորել են ժամանակին իրենց համար ոչ յուրային քաղաքացիներին, որոնք հաղթել են հետո ՄԻԵԴ-ում: Ես չունեմ յուրային կամ ոչ յուրային դատավոր գործընկեր: Ժամանակին, երբ ես դատական զեկույցը գրել էի, թվեր էի հրապարակել դատավորների կաշառքի եւ այլն, ինձ ասում էին՝ դե կոնկրետ մի դեպք ասա: Հիմա էլ ասում եմ՝ վատ դատավորներ կան, ասում են՝ դե կոնկրետ անուն ասա: Հարգելի գործընկերներ, եկեք այդ միամիտ խաղից դուրս գանք: Դուք ինքներդ նայեք ձեր շուրջը, այնպես արեք, համոզեք ձեր վատ գործընկերներին, որպեսզի դիմումներ գրեն եւ հեռանան, որպեսզի չխայտառակեն ոչ թե ռեսպուբլիկան, այլ՝ ձեզ, որովհետեւ ոչ թե Կարեն Անդրեասյանն է ձեզ վարկաբեկել, ձեզ վարկաբեկել են ձեր կողքը նստած փող վերցնող դատավորները: Տա Աստված, այլեւս նրանցից ոչ մեկը համակարգում չգա: Ես կլինեմ ԲԴԽ-ում, որ մյուս գործընկերներիս հետ պարզեմ՝ կա՞ն, թե՞ չկան այդպիսի դատավորներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31