Ավելի քան 300 շահառուներ կարժանանան 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհի՝ բիզնես ծրագիր իրագործելու համար, այս մասին այսօր հայտնեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը՝ «Անի գրանդ հոթել» հյուրանոցում կազմակերպված «Նպաստառու ընտանիքների ինքնազբաղվածության խթանման առկա հնարավորությունները» խորագիրը կրող հանդիպմանը:
Տիկին Անտոնյանն ընդգծեց, այս ծրագիրը սոցիալական ոլորտում կոնկրետ գործնական քայլ է, որն աղքատության մեջ գտնվող մարդկանց վարքագծային փոփոխությունների է ուղղորդում: Նրա խոսքով, նման հանդիպման նպատակ է գործընկեր և շահագրգիռ կառույցներին ներկայացնել ծրագրի շահառուների ձեռնարկատիրական կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ի մի բերել ներկա փուլում դաշտում առկա ինքնազբաղվածության ապահովման այլ հնարավորությունները:
Ներկայացնելով ծրագրի իրականացման փուլերը՝ Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը տեղեկացրեց, որ նախ ընտրվել են 4000 շահառուներ, որոնցից հետո 2000-ն անցել են մոտիվացիոն հարցազրույցներ, ծրագրի փուլ անցել են 600-ը, ապա միայն 300-ն են արժանացել դրամաշնորհի, որի միջոցով կիրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն: Ծրագիրը նախատեսում է ՀՀ հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Լոռի և Շիրակ, խթանել նպաստառու ընտանիքների ձեռնարկատիրական գործունեությունը։
Նա կարևորեց, այն հանգամանքը, որ այս ծրագրի շնորհիվ՝ նպաստ ստացող քաղաքացիների մոտ նախ հոգեբանական փոփոխություն է նկատվում, որն էլ մղում է բիզնես ծրագրերի իրականացմանը: Ծրագրի շահառու կարող են դառնալ ընտանեկան նպաստի համակարգում գրանցված այն ընտանիքները, որոնք ունեն 3 և ավելի երեխա, մեկ կամ երկու երեխա, որոնցից առնվազն մեկը մինչև հինգ տարեկան:
Կարդացեք նաև
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդեռային շատ հուզել էր յուրաքանչյուր շահառու ընտանիքի պատմությունը․ «Շատ հուզիչ տեսարան էր, երբ Չարենցավանում 8 երեխա ունեցող մի ընտանիք դարձավ այս ծրագրի մասնակից և սկսեց զբաղվել կարի փոքր արտադրությամբ»:
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ