Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինները պետք է նախապես անցնեն պատշաճ բուժհետազոտություն. Թագուհի Թովմասյան

Հոկտեմբեր 06,2022 14:22

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 26-ի որոշմամբ հայտարարել է մինչև 3680 քաղաքացու մասնակցությամբ պահեստազորայինների վարժական հավաքներ` 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը։

Այս օրերին շարունակ ստանում եմ բազմաբնույթ բողոքներ՝ գործընթացի հետ կապված, այդ թվում՝

– Վարժական հավաքին ենթակա պահեստազորայինները զրկված են լիարժեք բժշկական ստուգում անցնելու իրավունքից. քաղաքացիները մասնավորապես նշում են, որ իրենց ծանուցելու և զինկոմիսարիատից վարժական հավաքների վայր տեղափոխելու գործընթացը կազմակերպվում է բավականին արագ՝ նույնիսկ նույն օրը, և արդյունքում իրենք չեն կարողանում լիարժեքորեն իրացնել համապատասխան բժշկական հետազոտություններ անցնելու իրենց իրավունքը, որը ամրագրված է օրենքով,

– Քաղաքացիներից շատերը զինկոմիսարիատի աշխատակիցներին հայտնել են, որ իրենց անձնական գործերում եղել են բոլոր այն բժշկական փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում իրենց ժամանակին տրվել է տարկետում։ Այս կերպ քաղաքացիները ուշադրություն են հրավիրել իրենց առողջական խնդիրներին, որոնք կարող են բարդանալ հավաքներին ներգրավման դեպքում, սակայն ի պատասխան` ստացել են տեղեկություն, որ անձնական գործերում ժամանակին դրված բժշկական փաստաթղթերը որոշակի ժամանակ անց ոչնչացվել են,

– Վարժական հավաքների համար քաղաքացիներին տրամադրվող գումարը մի քանի անգամ զիջում է նրանց ամսական աշխատավարձի չափին, և այդ պատճառով ընտանիքը հայտնվում է կենցաղը սպասարկելու, վարկերի մարման լրջագույն խնդրի առջև․ մարդիկ իրենց աշխատավարձի չափը հաշվի առնելով՝ պլանավորել էին իրենց ծախսերը, վարկեր վերցրել, սակայն վարժական հավաքներում ներգրավվելով՝ կանգնում եմ լրջագույն ֆինանսական խնդրի առջև։

– Վարժական հավաքներին ներգրավվելու ծանուցագիր են ստանում մարդիկ, ովքեր մասնագետ չեն և չեն կարող պիտանի լինել ոչ մասնագիտական գործունեություն ծավալելիս: Բայց դա հաշվի չի առնվում շատ դեպքերում:

Ընդունելով վարժական հավաքների անհրաժեշտությունը հատկապես նման ծանրագույն պայմաններում գտնվող մեր պետության համար՝ հայտարարում եմ․

– Վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինները պետք է նախապես անցնեն պատշաճ բուժհետազոտություններ, նախկինում առկա առողջական խնդիրները պետք է ենթարկվեն մանրակրկիտ ուսումնասիրության, և կատարվեն մասնագիտական եզրահանգումներ, իսկ գործընթացը չպետք է արհեստականորեն արագացվի մարդու իրավունքների տեսանկյունից այն անընդունելի նպատակով, որ չբացահայտվեն մարդկանց առողջական խնդիրներն ու հավաքներին ընդգրկվելու անհամատեղելիության հանգամանքները,

– ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ որպես իրավասու գերատեսչություն, պետք է մշակի այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս կկարգավորեն հավաքներում ընդգրկվող անձանց վարձատրության խնդրահարույց հարցերը, իսկ Կառավարությունը պետք է հրատապ քննարկի հավաքներում ներգրավման արդյունքում ֆինանսապես տուժող քաղաքացիներին համապատասխան երաշխիքներ տրամադրելու, գուցե հավաքներում ներգրավման ժամանակահատվածում պահեստազորայինների վարկային պարտավորությունների սառեցման հարցում բանկերի հետ համագործակցելու հնարավորությունները։

– Ինչպես նաև պետք է, որ յուրաքանչյուր մարդ, ըստ մասնագիտացման, ներգրավվի վարժական հավաքներում:

– Նախկինում էլ եմ հայտարարել, հիմա էլ կոչ եմ անում մեր քաղաքացիներին վարժական հավաքներում ներգրավմանն առնչվող բոլոր խնդրահարույց հարցերի դեպքում կապ հաստատել մեզ հետ 011513230, 041888842 հեռախոսահամարներով։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ
մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31