Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընտրվեմ, այդ պահից սկսած ես շնորհակալ եմ, բայց այլեւ որեւէ ձեւով պարտական չեմ լինելու եւ իմ որոշումները, նաեւ հրաժարական տալը չեմ ճշտելու ձեր հետ». Կարեն Անդրեասյանը՝ ՔՊ-ին

Հոկտեմբեր 06,2022 13:51

«Երբ ես 2013-ին հրապարակեցի դատական զեկույցը, այդ օրվանից սկսած ես ոչ թե աշխատում էի, այլ ամենօրյա պայքարի ու դաժան հարաբերությունների մեջ էի: Եթե դու գտնում ես, որ արդյունավետ չես, օգտակար չես, պիտի հրաժարական տաս: Այն իրավիճակում, որ կար 2016-ին, ես հրաժարական եմ տվել, որովհետեւ գտել եմ, որ անիմաստ է այդ դերում այլեւս շարունակել: 2014-ին, 2015-ին հրաժարական չեմ տվել, որովհետեւ արդյունավետության շողեր կային»,- այսօր ԱԺ նիստում ասաց արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը:

Այսօր պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել ու քննարկվում է արդարադատության նախկին նախարար  Կարեն Անդրեասյանին եւ փոխնախարար Երանուհի Թումանյանցին ԲԴԽ անդամ ընտրելու հարցը:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ այսօրվա քաղաքական իրավիճակը այդպիսին չէ, ինչ 2016-ին ու հուսով է՝ ստիպված չի լինի ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական տալ՝ գտնելով, որ անիմաստ է իր աշխատանքը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ չկա՞ պարտավորություն այն մարդկանց նկատմամբ, որոնք վստահում են ձեզ պաշտոնը, հրաժարական տալուց ինքնուրո՞ւյն է որոշելու, թե՞ հարցնելու է իրեն ընտրողներին: Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ինքնավար եւ անկախ պաշտոնյաների դեպքում, ամենայն հարգանքով ԱԺ պատգամավորների նկատմամբ, որոնք հիմա որոշելու են կողմ կամ դեմ քվեարկել, այն պահից սկսած, երբ կողմ քվեարկեն ու ես ընտրվեմ, այդ պահից սկսած ես շնորհակալ եմ ձեզ, բայց այլեւ որեւէ ձեւով պարտական չեմ լինելու եւ իմ որոշումները, նաեւ հրաժարական տալը չեմ ճշտելու ձեր հետ: Դա է սահմանադրությամբ ամրագրված տրամաբանությունը»:

ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը հորդորեց Անդրեասյանին խոստումներ տալ, թե ինչ է անելու՝ ԲԴԽ անդամ դառնալով: Նա պատասխանեց, որ ԲԴԽ անդամը միայն մի ձեւ ու մի անելիք ունի՝ քվեարկել արդար. «Հիմնական հարցը հետեւյալն է՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ չենթարկել: Առաջին բանը, որ պետք է անի ԲԴԽ անդամը, նման դեպքերում՝ արդար քվեարկի: Ո՞ր դատավորին առաջխաղացում ապահովել քո քվեարկությամբ, որին՝ ոչ, ո՞ր դատավորի թեկնածուին աջակցել քո քվեարկությամբ, որին՝ ոչ, այս հարցերում արդար քվեարկելու համար եմ ես ուզում գնալ ԲԴԽ: Կարող է թվալ, որ արդարադատության նախարարի համեմատ շատ փոքր է այդ լծակն ազդեցությունը, բայց ես ձեզ երաշխավորում եմ, որ 10-ից 1 ձայնը այդ խորհրդում հաճախ կարող է շատ ավելի մեծ բան անել, քան նախարարը՝ 1 տարվա ընթացքում»:

Անդրեասյանի խոսքով՝ արդար մարդիկ սպասում են, որ ԲԴԽ-ում արդար ձայների քանակն ավելանա ու ինքը գնում է՝ դառնալու այդ մեկ ավել ձայնը այն կշեռքում, որը կշռելու է ավելի՝ դեպի արդարություն:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ դատական համակարգում լուրջ անելիքներ կան. «Կան դատավորներ, որոնք հիմա ինձ համարում են դատական համակարգի համար ոչ յուրային եւ ես գնում եմ ապացուցելու, որ չի լինելու յուրային-ոչ յուրային եւ բոլորս լծվելու ենք՝ մաքրելու դատական համակարգը՝ անարդարությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31