Այսօր պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել ու քննարկվում է արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանին եւ փոխնախարար Երանուհի Թումանյանցին ԲԴԽ անդամ ընտրելու հարցը:
Կարեն Անդրեասյանին ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Կարեն Անդրեասյանն իր ելույթում ասաց, որ մարդիկ ձանձրացել ու հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարանները այլեւս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ. «Ես այս մասին խոսում եմ 20 տարի, իմ խոսքերից էլ են հոգնել»: Ըստ նրա, մեր երազանքների դատարաններն ունենալու համար քիչ բան չի արվել, բայց արդյունքները բավարար չեն. «Բոլոր փորձերն ունեցել են մասնակի հաջողություն, մեծամասամբ՝ ձախողումներ: Եթե լինի վստահության քվե, ես կլինեմ ԲԴԽ այն անդամներից մեկը, որ կգործեմ արդար»,- խոստացավ Անդրեասյանը՝ ասելով, որ արդար դատարանը միշտ եղել է իր երազանքը ու սա քայլ է՝ իր երազանքին մոտենալու:
ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարցրեց՝ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ դուք մասնավոր իրավաբանական ընկերության սեփականատեր եք ու չեք կարող այդ հիմքով լինել ԲԴԽ անդամ: Կարեն Անդրեասյանը պարզաբանեց. «Ես հիմա հատուկ չեմ տա այդ ընկերության անունը, որ չգովազդեմ: Ես, ինչպես լսեցիք կենսագրությունից, երկար տարիներ զբաղվել եմ տեղեկատվական իրավունքով եւ մեդիա էթիկայով: Ուզում եմ մեր լրագրողներին խնդրել, որ հրապարակումներ անելուց նախ ճշտեն բաց աղբյուրներից, այսինքն, սուտ չգրեն: Ես երբեք չեմ եղել այն իրավաբանական ընկերության բաժնետեր, որի մասին գրված է (հրապարակման մեջ, ի դեպ, չեն էլ նշել, որ նա եղել է բաժնետեր՝ գրվել է, որ նրա ընտանիքը եւ մասնավորապես՝ կինը՝ Եվա Առաքելյանը 40 տոկոս մասնակցություն ունի․-խմբ)։ Այդ ընկերությունում իմ կինն ունի բաժնեմաս, բայց օրենքում չկա որեւէ արգելք, որ դու չես կարող լինել այս հարգարժան մարմնի անդամ, եթե քո որեւէ ազգական կամ մտերիմ զբաղեցնում է իրավաբանական որեւէ ընկերությունում որեւէ դերակատարում: Մարդիկ հակված են մտածելու, որ օրենքներ գրողները հիմարներ են: Եթե կարիք լիներ սահմանափակելու, օրինակ, կարող էին գրել, որ ԲԴԽ անդամը չի կարող ունենալ կին, որն ունի բաժնեմաս իրավաբանական ընկերությունում: Սա չի արվել, ընդ որում, չեն կարող մեղադրել սրանում գործող իշխանությանը, որովհետեւ այդ օրենքը գրվել է վաղուց, քան գործող իշխանությունը ստանձնել է իր դերակատարումը»:
Կարեն Անդրեասյանը լրագրողներին եւ որոշ փաստաբանների, որոնք շահերի բախում են ուզում տեսնել այնտեղ, որտեղ ըստ նրա գոյություն չունի, հորդորեց ԲԴԽ անդամի հետ կապված օրենսդրությամբ ամրագրված դրույթներին ծանոթանալ՝ շահերի բախման եւ ինքնաբացարկի դեպքում. «ԲԴԽ-ն չի քննում առանձին դատական վեճեր, որտեղ իմ կինը կարող է լինել փաստաբան ու ներկայանալ: ԲԴԽ-ն դատում է դատավորներին կամ դատավոր դարձող թեկնածուներին ու հետեւաբար բոլոր այն դեպքերում, երբ կլինի փոքր-ինչ շահերի բախում, իմ կինը, իմ որեւէ ծանոթ կուզի դառնալ դատավոր, ես կբացահայտվեմ ու ինքնաբացարկով չեմ լինի իրենց համար դատավոր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ