Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեղերի արտաքին գովազդը կթույլատրվի․գործադիրը հավանություն տվեց նախագծին

Հոկտեմբեր 06,2022 12:12

Նախատեսվում է թույլատրել դեղերի արտաքին գովազդը։ Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց էկոնոմիկայի նախարարության առաջարկած՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին։

Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախագիծը զեկուցելիս ասաց՝ ներկայումս արգելված է դեղերի արտաքին գովազդը, իսկ դեղերի գովազդի մյուս տեսակները թույլատրվում են․ «Նման կարգավորման հիմնավորումը շատ թույլ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտաքին գովազդը, որպես տեղեկատվության ներկայացման հարթակ, շատ ավելի նեղ շրջանակ է ընդգրկում, քան հեռուստագովազդը»։

Նախարարը ներկայացրեց այս տարի իրականացրած հետազոտության տվյալները, ըստ որի՝ Հայաստանում առաջատար դիրքը շարունակում է պահպանել հեռուստագովազդը, որը կազմում է բնակչության 27,8 %, համացանցը` 1,9 % եւ արտաքին գովազդը (փողոցներում)՝ 1,4 %։

Նախագծի հիմնավորման մեջ գրված է․ «Դեղերի արտաքին գովազդը չի կարող սպառնալիք հանդիսանալ բնակչության շրջանակներում, քանի որ դեղորայքի արտադրությունը և շրջանառությունը իրականացվում է առողջապահության նախարարի հրամանով, ուստի այստեղ լրացուցիչ ռիսկեր առկա չեն»։

Այս նախագծի նպատակն է՝ գովազդի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար հավասար մրցակցային դաշտ ապահովել։

Քերոբյանը նաեւ նշեց, որ արտաքին գովազդում իրականացված փոփոխությունների հետեւանքով արտաքին գովազդի ոլորտի ընկերություններ հասույթը կտրուկ նվազել է՝ մինչեւ 30%, եւ երբ արգելվել է , օրինակ, շահումով խաղերի, կազինոների գովազդը, ընկերությունների մոտ լուրջ խնդիրներ են առաջացել․ «Այս փոփոխությամբ փորձում ենք նաեւ օգնել ստեղծել հավասար պայմաններ եւ թույլ տալ, որ մի քիչ ավել գումար աշխատեն։ Սա ընդհանրապես չի ազդի դեղերի գների վրա, որովհետեւ խոշոր դեղագործական ընկերություններն արդեն ունեն հատկացված մարքեթինգային միջոցներ։ Մենք օգնելու ենք ավելի հեշտ ծախսեն գումարները»։

Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ այս ոլորտը խիստ կարգավորվում է, եւ այս նախագիծը վերաբերում է միայն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է եւ գովազդի թույլտվության պայմանները խիստ են․ «Ամեն ինչ անելու ենք, որ սա չվնասի սպառողների իրավունքներին»։

Մհեր Գրիգորյան

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ նախարարությունը գովազդի բովանդակության, գովազդային տեղեկատվության վրա ազդեցություն ունի՞, որովհետեւ դա էլ է վտանգավոր հարց։

Ի պատասխան Ավանեսյանն ասաց․ «Օրենքը տալիս է սպառիչ պատասխան՝ այն բացառությունները, որոնք չեն կարող ներառվել գովազդի տեքստի, նկարի կամ պատկերի շրջանակներում։ Գովազդը չի կարող հուշել, որ տվյալ արտադրանքը հարյուր տոկոսով բուժում է եւ նման ցանկ ունենք»։

Փոխվարչապետը նաեւ հետաքրքրվեց՝ դեղերի գովազդի տեղադրման վայրերի հետ կապված խնդիր կա՞, օրինակ` դպրոցների մոտ եւ այլն։ Նախարար Քերոբյանը հստակեցրեց՝ դրա անհրաժեշտությունը չկա։

Ավանեսյանն էլ հավելեց, որ նախագիծը քննարկելու են ԱԺ-ում, բոլոր հարցերը մանրամասն պետք է վերլուծեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31