Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվաբնակ գործարարի ներկայացրած հաղորդմամբ փաստվում է այլ հանցագործություն

Հոկտեմբեր 06,2022 13:30

«Առավոտում» այս տարվա մայիսի 14-ին («4 տարի է արդեն, ինչ մենք Հայաստանի դատարաններում պայքարում ենք մեր կատարած ներդրումների համար») եւ «Շահագործել են արտադրամասը Էջմիածնում, ստացել շահույթ, իսկ ինձ հեքիաթներ են պատմում» (13.09.2022) տպագրվեց հայր եւ որդի Արարատ եւ Արտյոմ Տեր-Անտոնյանների ներդրումների, նրանց կողմից կանաչ կերերի արտադրությամբ զբաղվող ընկերություն հիմնելու, ապա նրանցից ըստ էության խլելու մասին:

Սեպտեմբերի 26-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում նշանակվել էր մոսկվաբնակ գործարար Արարատ Տեր-Անտոնյանի հայցով հերթական նիստը: 2021 թվականի դեկտեմբերից նա գտնվում է Հայաստանում՝ դատական գործընթացներին մասնակցելու համար: Պատասխանող կողմը դարձյալ հարկ չէր համարել ներկայանալ դատարան, երբ պատշաճ ծանուցված էր: Դատավորը փորձել էր ճշտել հայցվորի դիրքորոշումը, առանց պատասխանողների նիստը անցկացնելու համար, ինչին դեմ էր եղել Տեր-Անտոնյանը: Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին:



Արարատ Տեր-Անտոնյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ սեպտեմբերի 28-ին ստացել է Արմավիրի մարզի դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ս. Մնացականյանի երեք թերթից բաղկացած որոշումը՝ բողոքը բավարարելու մասին:

Արարատ Տեր-Անտոնյանը հայտնել էր, որ 17.06.2019թ.-ից մինչեւ 15.08.2019թ. ընկած ժամանակահատվածում ՌԴ Մոսկվա քաղաքից դրամական փոխանցումներ են կատարվել Հայաստան՝ արտադրամասի ստեղծման համար։ 12.08.2019թ. կնքվել է պայմանագիր՝ հիմնելու «Գրին Փիդ Պրոդակշն-Արարատ» ԳԱԿ ՍՊԸ-ն, որը պետական գրանցման 16.08.2019թ. է ենթարկվել:

Կազմակերպության բաժնեմասերը բաշխված են եղել հետեւյալ կերպ՝ Հակոբ Գոզուբոյուկյանին 38%՝ Հրաչյա Մայիլյանի հետ միասին բաժնեմաս, Գուրգեն Մարտիրոսյանին 10% բաժնեմաս իր եղբոր՝ Արմեն Մարտիրոսյանի հետ միասին, իսկ Արարատ Տեր-Անտոնյանին 52% բաժնեմաս՝ տղայի՝ Արտյոմ Տեր-Անտոնյանի հետ միասին: Տեր-Անտոնյանը հանդիսանում է հիմնարար տնօրենը՝ մինչ այսօր։ Գումարները փոխանցումներից հետո Հայաստան, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի 33 հասցեում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես նրանց է փոխանցվել Մոսկվա՝ միայն նկարների տեսքով, մոսկվաբնակ գործարարը խնդրել էր իրենց տրամադրել գումարների նպատակային ծախսման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, սակայն չեն ստացել այդ տեղեկատվությունը տարբեր անիմաստ եւ մտացածին պատճառաբանություններով: Փոխադարձ համաձայնության գալով՝ որոշել են ընկերության գործունեությունը իրականացնել եւ որպես արտադրամաս օգտագործել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի 33 հասցեում գտնվող տարածքը, որի օգտագործման համար վարձակալության պայմանագիրը պետք է կնքվեր «Գրին Փիդ Պրոդակշն-Արարատ» ԳԱԿ ՍՊ ընկերության կողմից:

Ըստ մարզի դատախազության որոշման, երեք տարի առաջ «Տեր-Անտոնյանի կողմից տրված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը եւ 2019թ. դեկտեմբերի 9-ին կայացված որոշումը վերաբերվում է այլ դեպքի, մասնավորապես, Արարատ Տեր-Անտոնյանի գործընկերներ՝ Արմեն Մարտիրոսյանի եւ Հակոբ Գոզուբոյուկյանի կողմից վերջինիս խաբելու, եւ իր կողմից ներդրված գումարները հափշտակելու հանգամանքին: Մինչդեռ, 2022թ. օգոստոսի տասնհինգին Արարատ Տեր-Անտոնյանի ներկայացրած հաղորդմամբ փաստվում է այլ հանցագործություն, մասնավորապես, արտադրամասի սարքավորումներն այլ վայր տեղափոխելու եւ հափշտակելու վերաբերյալ»:

Արարատ Տեր-Անտոնյանը «Առավոտին» ասել էր, որ նշյալ անձինք Վարձակալության պայմանագիր են կնքել հինգ տարով՝ 2021թ. փետրվարի 23-ին, տարածքի սեփականատեր հանդիսացող Էդվարդ Բաբայանի եւ իրենց ՍՊԸ-ի՝ «Գիդրոպոնիկ Գրին Փիդ» հետ: Հենց այդ ընկերությունն էլ, ըստ գործարարի, շահագործում է իրենց ստեղծած եւ հիմնած կանաչ կերերի արտադրամասը եւ ստանում են եկամուտներ ու տիրանալով թե իրենց ֆինանսական ներդրումներին, թե ստեղծված գույքին, արտադրանքին եւ ամբողջ արտադրամասին (ստիլլաժներին, տաշտակներին, լատոկներին, սարքավորումներին, ագրեգատներին եւ այլն):


Չնայած այս զարգացմանը, պարոն Տեր-Անտոնյանն այլ մտահոգություն ուներ: Նա ասաց. «Տեղեկացել եմ այսօր, որ այդ խաբեբաների խումբը, կատարածուների միջոցով Արմավիրի մարզի հարկադիրի թույլտվությամբ ցանկանում են արտադրամասը տեղափոխել այլ վայր, օրինակ՝ ք. Աշտարակ, խճճելու, իրենց հետքերը կորցնելու նպատակով: Իսկ թե ինչպե՞ս են դրսեւորելու այս դեպքում ոստիկանությունը եւ դատախազությունը՝ կասեցնելու համար այդ հանցավոր գործողությունները, ես դժվարանում եմ նշել եւ պատկերացնել, երբ ակնհայտ է դառնում անօրենությունները, ինքնաթողությունները»:

Արմավիրի մարզի դատախազը հանձնարարել է քննիչին նախաձեռնել քրեական վարույթ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31