Գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը՝ յուրօրինակ հեղինակների վերարժեւորման մասին
Օրերս 5-րդ անգամ անցկացված Գրքի երեւանյան փառատոնի բացման արարողության ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը գրահրատարակչության ոլորտը համարեց ամենահաջողվածներից եւ կատարված աշխատանքի համար երախտագիտություն հայտնեց հրատարակիչներին, թարգմանիչներին ու գրականության ոլորտի մյուս ներկայացուցիչներին։ Փառատոնի շրջանակներում «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հրատարակչության կողմից ներկայացվեց վաղամեռիկ արձակագիր Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպը, որի շուրջ ծավալված բուռն քննարկումները, կարծիքների փոխանակումը դեռ շարունակվում են։ Արձակագրի այս միակ վեպը լույս է տեսել հետմահու՝ 1992թ., կրճատումներով, իսկ ներկայիս հրատարակությունը ամբողջական է։ Հեղինակը Հայաստանից հեռացել է 1981թ., գործունեություն է ծավալել Ֆրանսիայում, Եգիպտոսում, Հորդանանում, դասավանդել յոգա, կարատե։ Մահկանացուն կնքել է Հնդկաստանում, անհայտ պայմաններում, 1983թ.՝ 30 տարեկանում։
Հանդիպեցինք «ԱՐԻ գրականության հիմնադրամի» եւ «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանին։
– Տիկին Աշխարոյան, կթվարկե՞ք այս վեպի արժանիքներից մեկ-երկուսը, որոնց պատճառով վերահրատարակել եք այն։
Կարդացեք նաև
– Վեպը պատմում է մենք-ի անունից եւ ներկայացնում է հայոց պատմության մի քանի կարեւորագույն իրադարձություններ՝ վերարժեւորելով դրանք։ Իսկ ամենակարեւորը՝ մտածելու տեղիք է տալիս այդ իրադարձությունների մասին, ինչը այժմեական է։ Օրինակ, վեպը սկսվում է պատմությամբ, թե ինչպես հայերը գնում են Անգլիա՝ Չերչիլի մոտ, խնդրում նրան երկիրը դուրս բերել ճգնաժամից, մինչդեռ Չերչիլը նույնիսկ Հայաստանի տեղը չգիտի քարտեզի վրա։ Այսօր էլ, երբ մեր երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, դարձյալ փորձում ենք օգնության կանչել մեծ տերություններին, որոնք շատ բան չգիտեն մեր մասին՝ ի տարբերություն մեր պատկերացումների, թե աշխարհը գիտի ինչ ազգ ենք, որտեղից ենք եկել, որ դարերից եկած մշակույթ ունենք եւ այլն։
– Մինչ այս հեղինակին անդրադառնալը ձեր հրատարակչության կողմից եղե՞լ են վերահրատարակության օրինակներ։ Վերջերս Աղասի Այվազյանի այրին՝ Գրետա Վերդիյանը, մեզ հետ զրույցում բարձրաձայնեց, որ մեծանուն գրողի գրքերը կարիք ունեն վերատպության, որ ժամանակին հրատարակիչները քիչ քանակով եւ փոքր տառատեսակով են դրանք հրատարակել, հետեւաբար բոլորին հասանելի եւ ընկալելի չեն եղել։
– Մեր հրատարակչությունը շահույթ չհետապնդող կազմակերպության մաս է։ Սա մեր առաջին ինքնուրույն հրատարակությունն է, որը ֆինանսավորում չի ստացել այս կամ այն կազմակերպության կողմից։ Մենք կարեւորում ենք մեր հայ գրականության, այդ թվում՝ խորհրդային շրջանի, մոռացված, անտեսված հեղինակների ստեղծագործությունների հրատարակությունը եւ պիտի շարունակենք ներկայացնել նմանատիպ արժեքները։
Գրաշուկայում զգալի մաս են կազմում թարգմանությունները, որոնք կարեւոր են եւ հետաքրքիր ընթերցողներին։ Սակայն հայ հեղինակները մնացել են դպրոցական ծրագրերում ու վերջիններս անցնում են անգիրի ու կենսագրությունների մակարդակով։ Փաստորեն, դպրոցային ծրագրից դուրս մենք չենք ճանաչում մեր գրականությունը, չենք վերլուծում, որպեսզի լավ հասկանանք, ասենք՝ խորհրդային անցյալը։ Ի դեպ, փառատոնի շրջանակներում Ռուբեն Ֆիլյանի վեպի քննարկումը անցկացրինք նոր ձեւաչափով։ Գրքի խմբագիրը Արամ Պաչյանն է, որը երեք երիտասարդ ընթերցողների՝ Մարիամ Ալոյան, Աննա Օհանյան, Զարուհի Կեւորկովա, առաջարկել էր նախ կարդալ գիրքը, հետո նոր մասնակցել քննարկմանը։ Մեզ կարեւոր էր տեսնել, թե Խորհրդային Միություն չտեսած երիտասարդ սերունդը ինչպես է ընկալում նմանատիպ գրականությունը։ Ականատեսը եղանք, որ ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում մեծացած երիտասարդներն ավելի անկողմնակալ եւ վերլուծող հայացք ունեն, քան, միգուցե, Ֆիլյանի ժամանակակիցները։ Երկար քննարկումից, վերլուծությունից հետո «Քո երկրի դեսպանը» գիրքը երիտասարդները համեմատեցին մեծանուն Փելեշյանի ֆիլմերի հետ։ Քննարկեցին գրքի տեղային եւ համամարդկային լինելու արժեքը եւ համոզեցին մեզ, որ Հայաստանն ու հայոց պատմությունը չիմացող ընթերցողին անգամ հասկանալի են գրքի ուղերձները։ Երիտասարդները նույնիսկ մեզ ստիպեցին նորովի եւ ավելի խորությամբ տեսնել, գնահատել այս վեպը՝ սյուժեից մինչեւ լեզվական ու ոճական առանձնահատկություններ։
– Կարծում եք՝ խորհրդային գրականությունն այսօր կհետաքրքրի՞ Արեւմուտքին։
– Վերջին մի քանի տարում ակնհայտորեն նկատելի է եվրոպական երկրների հետաքրքրությունը խորհրդային անցյալի հանդեպ։ Ես՝ որպես գրական գործակալ, ներկայացնելու եմ Ֆիլյանին Եվրոպայում եւ դա, ըստ էության, կլինի իմ առաջին խորհրդային գրողը։ Իմիջիայլոց, աշխարհին հետաքրքիր է, թե ինչ է կատարվել ԽՍՀՄ երկրներում եւ իրենք դրա մասին ուզում են տեղեկանալ առաջին ձեռքից՝ այդ ժամանակներում ապրող ու ազատ ստեղծագործող հեղինակներից։ Իսկ Ֆիլյանը հենց նրանցից մեկն է։ Այդ առիթով կուզեի նշել Արամ Պաչյանի հետեւյալ միտքը. «Քո երկրի դեսպանը» վեպը մինչեւ Խորհրդային միության փլուզումը անտիպ էր մնալու- որովհետեւ հնարավոր չէր վեպերի մեջ բանաստեղծությունը- հնարավոր չէր բանաստեղծության ճշմարտությունը- վեպում հայոցի միջով մի կառք էր անցնում- ճանապարհ չկար- ճանապարհը կառքն էր ստեղծում- եւ այդ կառքի անիվները չէին պատմում, այլ վերաարարում էին հայ ժողովրդի պատմությունը- այդ կառքում երկրի ու ժողովրդի անցյալ ու գալիք ունենալու միակ առհավատչյան- ստեղծելու ցնորքն էր»։
– Ինչո՞վ առանձնացավ 5-րդ անգամ անցկացված այս փառատոնը եւ ի՞նչ ցանկություն ունեք՝ կապված հաջորդի հետ։
– Ինձ համար ամենակարեւորն է, որ փառատոնը լինի շարունակական։ Դեռեւս կազմակերպչական առումով շատ անելիքներ կան, օրինակ՝ ճիշտ կլինի, որ փառատոնն ունենա անցկացման անփոփոխ վայր եւ ժամանակացույց, որպեսզի սպասված լինի ընթերցասերների համար։ Փառատոնը լայն լուսաբանման խնդիր ունի, կուզեի, որ այդ միջոցառումը դառնար տարվա ամենագլխավոր իրադարձությունը, որով, անկասկած, կմեծանար դրանով հետաքրքրվողների քանակը։ Հուրախություն մեզ՝ այս տարի փառատոնը միջազգային կարգավիճակ էր ստացել, հրավիրված էին գրողներ Ռուսաստանից, Իտալիայից, Վրաստանից, Սլովենիայից եւ Կիպրոսից։ Գալիք փառատոներին կուզեի հրավիրել նաեւ հրատարակիչների, հենց թեկուզ մեր գրականությունը նրանց ներկայացնելու համար։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
05.10.2022