Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես աշխատում եմ այսպիսի համայնքում, ի՞նչ է, դատապարտված եմ հավերժ նվազագույն աշխատավարձով աշխատելու». Նարինե Մաթեւոսյան

Հոկտեմբեր 05,2022 23:55

Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր: 2010 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվեց որպես Ուսուցչի օր:

Նարինե Մաթեւոսյանը Լոռու մարզի Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի է աշխատում: Մոլոկան երեխաներին հայոց լեզու եւ գրականություն է ուսուցանում: Ասում է՝ մոլոկան երեխաներին հայոց գիրն ու գրականություն դասավանդելը որքան հետաքրքիր է, մի քանի անգամ ավելի բարդ ու չգնահատված է: Այս համայնքում լավ կրթություն ստանալը մեղմ ասած առաջին տեղում չէ. «Սա այնպիսի համայնք է, որտեղ կրթությունն ամենահետին պլանում է: Գուցե մտածեք ամենահետին բառ չկա, բայց սա ուղղակի հորինում եմ հենց նրանց համար, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ է նշանակում նրանց հետ աշխատել եւ ընդհանարապես՝ կրթությունը մոլոկանների համար: Որովհետեւ իրենց հավատքը, սովորույթներն ու ազգային ավանդույթներն ուղղակի սովորեցնում են իրենց քրտինքով վաստակել: Իսկ կրթությունը, բարձրագույն կրթությունը եւ ընդհանրապես լավ մասնագետ դառնալն իրենց համար բոլորովին չհետաքրքրող երեւույթ է»,-ասում է Մաթեւոսյանն ու հավելում մի քանի խնդիրներ, որոնք բխում են այս ամենից. «Իսկ այսօր ատեստավորման, տարակարգի համար կարող է դիմել այն ուսուցիչը, ով օրինակ օլիմպիադաներում հաղթած աշակերտ ունի: Ինչո՞ւ են հավասար նժարի վրա դրվում ասենք մոլոկանների համայնքի հետ աշխատող ուսուցիչներն ու հայերի հետ աշխատող ուսուցիչները: Մինչեւ չընկնեք այս իրավիճակի մեջ, չեք կարող պատկերացնել այդ ծայրահեղ տարբերությունը՝ անդունդների ու ժայռերի տարբերություն է: Եթե աշակերտս ցանկություն չունի սովորելու, ես ինչպե՞ս խոսեմ օլիմպիադայի մասին: Եվ եթե ես աշխատում եմ այսպիսի համայնքում, ի՞նչ է դատապարտված եմ հավերժ նվազագույն աշխատավարձով աշխատելու: Չէ որ ես նույնպես ծախսում եմ նույն ժամանակը, նույն էներգիան, նույն նվիրումը: Շատ հաճախ մենք ինքներս ենք տետրեր գնում այդ աշակերտների համար ու ծնող դառնում»:

Նարինեն մոլոկանների հետ աշխատում է արդեն 21 տարի: Ասում է՝ մի շարք խնդիրների մեջ, Ուսուցչի օրն արդեն կորցրել է իր իմաստն ու կարեւորությունը. «Ասում են՝ տոնական օրերին խնդիրների մասին չեն խոսում: Բայց այսօր ուսուցիչների հետ կապված խնդրահարույց հարցերն այնքան են շատացել, որ տոնն ամբողջությամբ կորցրել է իր նշանակությունը: Ուսուցիչների մեծ մասն այսօր չի էլ ուզում շնորհավորանք լսել, որովհետեւ այնքան ոտնահարվեցին իրենց իրավունքները, արժանապատվությունը: Եվ ի՛նչ է նշանակում շնորհավոր, երբ ուսուցչինը երբեւէ իրեն գնահատված չի զգում»:

Նարինե Մաթեւոսյանի համար այսօր առավել ցավոտ հարց է կամավոր ատեստավորումը. «Այն ուսուցիչներին, ովքեր գնում են կամավոր ատեստավորևման, ես նմանեցնում եմ այն գերազանցիկ աշակերտներին, ովքեր սովոր են միայն դասն անգիր անել՝ առանց հեռուն մտածելու, առանց քննադատաբար եւ վերլուծական մտածողությամբ մոտենալու տվյալ խնդրին, առարկային, թեմային, թեմայի մեջ արծարծվող հարցերին: Այսինքն, ասվեց, առանց մտածելու գնում ենք: Իսկ ինչո՞ւ ենք գնում: Ես համաձայն եմ կամավոր ատեստավորման հավելավճարներին, եթե մենք ունենանք բազային արժանավայել աշխատավարձ, այ դրանից հետո արդեն կարելի է մտածել»:

Նարինեն ասում է, որ որպես մոլոկան երեխաների հետ աշխատող ուսուցիչներ, պետության կողմից երբեւէ առանձնակի ուշադրության չեն արժանացել. «Հակառակը հայերենի ուսուցման կրթության հետ կապված ինքս փաթեթ եմ մշակել ու առաջարկել նախարարությանը՝ նոր ծրագրերի ու չափորոշիչների մեջ ներառելու համար: Հաշվի առնելով համայնքային առանձնահատկությունները, նաեւ այն, որ 5 ու կես կամ 6 տարեկան երեխան միանգամից ստիպված են սովորել ոչ միայն իրենց մայրենի լեզուն, նաեւ որպես օտար լեզու՝ հայերենը: Միաժամանակ երկու լեզուների տառուսուցումը բավականին դժվար եւ սխալ գործընթաց է: Բազմիցս հանդես եմ եկել առաջարկություններով, բայց ոչ մի առաջարկություն չի ընդունվել, որովհետեւ ոչ ոք չի պատկերացնում այս համայնքի հետ աշխատելու դժվարությունները»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31