Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլն ինքն է ասել, որ կազանյան փաստաթուղթը երբևէ եղած լավագույն փաստաթուղթն է եղել հայկական կողմի համար, էսօր ասում է, որ Սերժն է մեղավոր»․ Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 05,2022 23:50

«Եթե Սերժի թողած ժառանգությունը կապիտուլյացիա է, բա նոյեմբերի 9-ին քո ստորագրած փաստաթուղթն ի՞նչ է՝ քաղաքական կամասուտրայի երկրորդ հատո՞րը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԱԺ-ում արված հայտարարություններին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ հղում կատարել Սերժ Սարգսյանի ժառանգությանը։ Արմեն Աշոտյանն ասաց․ «Սերժի ժառանգությունը Նիկոլի կատարմամբ այդ տեսագրությունը, թե Սարգսյան-Նալբանդյան ստեղծագործական դուետը՝ Սերժի ժառանգություն վերտառությամբ Նիկոլը ոնց է կատարել, Կապանի ասուլիսում կար։ Նա է կարդացել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման՝ ոչնչով չսահմանափակման պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի կետ, Արցախի միջանկյալ կարգավիճակ երկու շրջանները՝ Քելբաջար, Լաչին, միջանկյալ կարգավիճակ նշանակում է, որ այնտեղ գործող իշխանության ուժերը ճանաչում էին, որ Արցախը կարող էր մասնակցել ԵԱՀԿ աշխատանքներին, ինչպես նաև այն միջազգային կառույցների աշխատանքներին, որոնք չեն պահանջում պետության ճանաչում լիարժեք։ Այդ ամենն արվելու էր հինգ շրջանների վերադարձի դիմաց։ Սա Նիկոլն է կարդացել՝ Սերժի թողած ժառանգությունը։ Էդ էր Սերժի թողած ժառանգությունը։ Եթե դա կապիտուլյացիա է, որով Արցախը կարող էր դառնալ անկախ կամ Արցախը կարող էր տասնամյակներ մնալ իր միջանկյալ ճանաչված կարգավիճակում միջազգային խաղաղապահ ուժերով՝ Քելբաջարն ու Լաչինն էլ մեջը։ Դա՞ է կապիտուլյացիան»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե 2007-ին մադրիդյան սկզբունքներով Արցախն արդեն տվել էին, Արմեն Աշոտյանը դա կատարյալ սուտ համարեց ու փաստերով հիմնավորեց․ «2007-ի մադրիդյան սկզբունքները մշակվել են համանախագահների կողմից և ենթադրում էին Արցախի հարցի կարգավորման միասնական, կուռ, երեք հիմնասյուների վրա խարսխված համակարգ՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում։ Այս երեք հիմնարար սկզբունքներն էին։ 2007-ին ամրագրվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Այս իրավունքը դրվում է արցախյան հակամարտության հիմքում։ Միայն Նիկոլի նման մարդը կարող է այս սկզբունքների մեջ տեսնել՝ որպես Ադրբեջանին տվիք Արցախը սկզբունք։ Ադրբեջանը երկար ժամանակ դիմադրում էր, որ այդ սկզբունքներով հանկարծ հիմնախնդիրը չկարգավորվեր։ 2008-ին Սերժ Սարգսյանի նախագահությամբ Մայնդորֆում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հովանու ներքո Ալիևին բերման ենթարկելով Մեդվեդև-Սարգսյան-Ալիև մայնդորֆյան հռչակարգիրը ստորագրվեց։

Մադրիդյան սկզբունքները հիմք էին ծառայելու ԼՂ խնդրի բանակցային գործընթացի զարգացման հարցում։ 2009-ին 3 համանախագահ պետությունները՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա՝ իրենց ղեկավարներով հավաքվել էին և Լակվիլայում ստորագրել էին փաստաթուղթ, որը կոչվել է հիմնարար սկզբունքներ։ Այս փաստաթուղթը ներառել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Վեց էլեմենտներից մեկը նկարագրել է, որ այդ սկզբունքը պետք է կյանքի կոչվի իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով՝ ԼՂ-ում։ Հերիք չէ 2009-ին աշխարհի ղեկավարները դա իրականացրել են, մի հատ էլ կրկնել են 2010,2011,2012,2013 թվականներին։ 2011-ին այս հինգ տարիների արանքում Կազանում Ադրբեջանի և ՀՀ նախագաները ՌԴ նախագահ Մեդվեդևի հովանու ներքո պետք է ստորագրեին շրջանակային փաստաթուղթ, որով պետք է արձանագրեին կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանն անձամբ ԱԺ ամբիոնից իր ելույթներից մեկի ընթացքում ասել է, որ կազանյան փաստաթուղթը երբևէ եղած լավագույն փաստաթուղթն է եղել հայկական կողմի համար։ Էսօր ասում է, որ Սերժն է մեղավոր։ Այդտեղ էլ նույնպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորման մեխանիզմներ են ներդրված եղել։ Ամեն ինչ արձանագրված է այնպես, որ եթե Արցախը որոշի գալիք հանրաքվեով չլինել Ադրբեջանի կազմում, լինի այլ երկրի կազմում, այդ հարցը դրվի հանրաքվեի, թե ի՞նչ եք ուզում արցախցիներ ջան, պետք է հետևանքներն էլ լինեին պարտադիր ուժ ունեցող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31