Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում հղի կնոջը վթարի ենթարկելու գործի նախաքննությամբ հաստատվել է ՃՈ հրամանատարի մեղավորությունը: Դատախազության այս հաղորդագրությունը վարույթով մեղադրյալ ներգրավված հրամանատարի պաշտպանին զայրացրել է:
Հիշեցնենք, որ ըստ դատախազության՝ այս դեպքով նախաձեռնված վարույթի նախաքննությունը մոտենում է ավարտին, այն կուղարկվի դատարան:
«Առաջին օրենքը հենց դատախազությունն է խախտել: Դատարան են ուղարկում, թող ուղարկեն, ոնց ուզում են թող անեն: Իրենք թույլ չեն տվել, որ փորձագետը պատասխանի Արամ Նավասարդյանի հարցերին, դա համարում եմ ապօրինություն դատախազության կողմից: Հետիոտնի գործողությունների գնահատական չի տրվել, վարորդի գործողություններին լիարժեք գնահատական չի տրվել, այդ հարցերը շրջանցվել են: Դատախազը զրկել է մեզ մեր իրավունքից՝ փորձագետին հարցեր առաջադրելու իրավունքից: Ես դա դիտում եմ օրենքի կոպիտ խախտում ու ակնկալում եմ, որ այդ հարցը կլուծվի դատական կարգով, քանի որ բողոք ենք բերել»,- Aravot.am-ին ասաց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:
Սոնա Մնացականյանի հայրն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իր մտահոգություններն ու կասկածները դստեր մահվան դեպքով նախաձեռնված վարույթի ավարտին էլ չեն փարատվել:
Կարդացեք նաև
«Քանի որ նախաքննությունն այդքան երկար տեւեց, այնինչ հենց սկզբից ապացուցված էր, որ վարորդը մեղավորություն ունի, ես շատ կասկածով եմ վերաբերում, որ հաջորդ փուլը նորմալ կընթանա: Ժամանակը ցույց կտա, ես հիմա դեռ վստահ չեմ, որ անաչառ ու օբյեկտիվ է ամեն ինչ ընթանալու: Իմ կարծիքով՝ երկար ժամանակ դատը կձգձգեն, ինչ-որ հույսեր փայփայելով, որ ինչ-որ բան կփոխվի, այնինչ վարորդը ազատության մեջ է: Ինչպես անհանգիստ չլինեմ, նա պետք է կալանավորված լիներ: Մտավախություն ունեմ, որ նա, գտնվելով ազատության մեջ, ազդելու է դատաքննության վրա ու չի ստանալու արժանի պատիժը: Ես նույն մտքին եմ՝ հանցագործություն կատարած անձը իր արժանի պատիժը պետք է ստանա »,- ասաց Սոնայի հայրը՝ Մնացական Մնացականյանը
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ