«Այն ոստիկանները, որոնց դեմքերը ֆիքսված են ու որոնք վայրենի ցեղերի նման քարշ էին տալիս զոհվածների ծնողներին, ուզում եմ ասել՝ անպայման սպասեք մեզ. վաղ, թե ուշ՝ մենք գալու ենք ձեզ մոտ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, ոստիկանության ծառայողներն անհամաչափ բենի ուժի գործադրմամբ Եռաբլուր պանթեոնից բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին՝ 37 հոգու: Նրանք փորձում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել Եռաբլուր։
Զոհվածների ծնողներին եւ հարազատներին բերման էին ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ հրապարակված տեսանյութերում հստակ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, անհամաչափ բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նախ տղամարդկանց, ապա՝ կանանց: Ոստիկանների գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների մայրերից հինգը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։
Կարդացեք նաև
Այս գործով 6 ծնող արդեն տուժող է ճանաչվել: Նրանցից մեկը Գայանե Հակոբյանն է:
Ծնողներին փոխանցել են, որ բռնություն կիրառող ոստիկաններին մեղադրանք առաջադրելու համար, որոշակի ընթացակարգեր կան, որոնցով պետք է անցնել ու նոր այդ փուլին հասնել: Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ է հուշում հարցաքննության ընթացքը, ի՞նչ ուղղությամբ է գործն ընթանում, Գայանե Հակոբյանն ասաց. «Այս երկրում ոչ մի կառույց իր տեղում չի եւ չի աշխատում. տեսանյութերը կան, ամեն ինչ շատ պարզ երեւում է ու դրանից հետո ասել՝ ընթացակարգեր, ժամանակ եւ այլն…Եթե ամեն ինչ մաքուր եւ ըստ օրենքի լիներ, ոստիկանները, ովքեր որ բռնություն են գործադրել, որոնց դեմքերը ֆիքսված է, արդեն պետք է պատասխանատվության ենթարկված լինեին: Ու ոչ միայն իրենք, այլ այդ ոստիկաններին՝ կարմիր բերետավորներին, հրահանգողը: Բայց այսօր չունենք այդ ամենը ու բոլորս էլ հասկանում ենք՝ ի՞նչ պատճառներով: Իրենց ձեռնտու չի, ժամանակ են փորձում շահել: Հավաստիացնում եմ՝ իրենց դա չի օգնելու»:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օրերս ԱԺ-ում հայտարարել էր՝ Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են: Գայանե Հակոբյանը հակադարձում է. «Եռաբլուրը սրբատեղի է ու պղծվածներն այնտեղ տեղ չունեն: Շատերը գիտեն՝ ո՞վ է այդ պիղծը, սրբապիղծը ու ո՞վ իրավունք չունի ոտք դնելու Եռաբլուր: Դրանք այն մարդիկ են, ովքեր մեղավոր են՝ մեր երեխաների՝ Եռաբլուրում գտնվելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ