Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իր կամքին հակառակ գնում է նոր կապիտուլյացիայի, ապա թող հրաժարական տա և այդ մարդկանց առաջարկի, որպեսզի գան ու պատասխան տան իրենց արածի համար»

Հոկտեմբեր 05,2022 21:44

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կապիտուլյանտն ԱԺ-ում փորձեց հերթական անգամ իրեն ուղղված մեղադրանքի սլաքներն ուղղել նախորդ բոլոր բանակցողների վրա, նշելով իբրև թե Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ:

Նման կեղծիքով հասարակությանը կերակրելու հերթական փորձը՝ սեփական արյունոտ մեղքերը խմբագրելու ճղճիմ քայլ է:

Աշխարհում, և հատկապես բանակցող Ադրբեջանում ու միջնորդ երկրներում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բոլորովին այլ կարծիքի են: Սերժ Սարգսյանը բանակցում և պայքարում էր Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի համար, որի բոլոր հիմքերը քանդել է Նիկոլ Փաշինյանը 2018-20թթ իր տգետ և դավադիր քաղաքականության միջոցով:

44-օրյա պատերազմը չէր լինի, եթե կապիտուլյանտ Նիկոլը չգնար ԵԱՀԿ բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ:

Շուշին, Հադրութը, Քարվաճառը և Քաշաթաղը Ադրբեջանի վերահսկողության տակ չէին լինի, եթե Նիկոլը չցանկանար այն հանձնել թուրքերին: Դա ռուս համանախագահ Պոպովն է խոստովանել: Այդ մասին Վլադիմիր Պուտինի հայտնի հարցազրույցում էր արձանագրվել:

Նիկոլը բոլոր տարածքները հանձնել է իր միանձնյա որոշմամբ և հնարավոր պահին չի կանգնեցրել պատերազմը՝ տալով հսկայական զոհեր:

Կապիտուլյանտը լացակումած ասում, իբրև թե Վարդան Օսկանյանը ստամբուլյան խարտիայով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ դեպքում ինչո՞ւ է հիմա Ադրբեջանը կապիտուլյանտի առջև խնդիր դրել՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, և հրաժարվել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից: Միթե Մինսկի Խումբն այդքան անգետ էր, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը ֆիքսում էր իր բոլոր համատեղ հայտարարություններում, իսկ Հայաստանը բանակցում էր մի բանի համար, որը ճանաչել էր Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ նախկինների օրոք, ԵԱՀԿ ՄԽ-ը գոնե մեկ փաստաթուղթ չհրապարակեց, որտեղ նշվեր, որ Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս և օկուպացրել է այն:

Նիկոլն ասում է, իբրև Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռանալով, սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ: Նիկոլի այս ստախոսությունն ընդամենը խղճահարություն է առաջացնում: Սերժ Սարգսյանի բանակցածային դիրքերը և քննարկվող տարբերակները եթե կապիտուլյացիոն լինեին, էլ ինչո՞ւ էին նրան հեռացնում իշխանությունից և Նիկոլի նման դավաճան կապիտուլյանտի բերում իշխանության: Հատկապես, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել էր շարունակել իշխանավարումը վարչապետի պաշտոնում՝ հանուն արցախյան հարցի խաղաղ կարգավորման:

Նիկոլը վախենում է նախկին նախագահներից, որովհետև նրանք լավ գիտեն թե իրականում ի՞նչ են թողել, և ինչպե՞ս է Նիկոլն ամբողջ գործընթացը շուռ տվել ի վնաս Հայաստանի և հօգուտ Ադրբեջանի: Հօգուտ այն բանի, ինչի համար, որ եկել է իշխանության, և մինչև հիմա կեղծիքով պայքարում է նախկին իշխանությունների դեմ:

Նիկոլի ճղճիմ «արդարացումները» չեն օգնելու ոչ իրեն, ոչ էլ մեր ժողովրդին: Նա միտումնավոր գնում է Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային, որից հետո շատ դժվար է լինելու պահպանել պետականությունն ու դիրքերը վերականգնելու հնարավորությունները: Նա, որպես օտար շահերի ներկայացուցիչ՝ վաղուց համաձայնվել է բոլոր խնդիրները լուծել ի վնաս Հայաստանի, դրա համար էլ իրեն պետք են ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը, որպեսզի պատմության դատաստանի առջև միայնակ չմնա: Այլ բացատրություն նա չունի:

Եվ վերջապես, եթե իր կամքին հակառակ գնում է նոր կապիտուլյացիայի, ապա թող հրաժարական տա և այդ մարդկանց առաջարկի, որպեսզի գան ու պատասխան տան իրենց արածի համար: Ինչո՞ւ է իր ձեռքով ուզում խորտակել երկիրը, եթե այդքան անմեղ ու հայրենասեր է: Որովհետև լավ գիտի, որ իշխանությունը փոխվի, շատ բան է փոխվելու հօգուտ Հայաստանի, ինչպես նաև բացահայտվելու են իր բոլոր հակապետական ու ապազգային խարդավանքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31