Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ իշխանությունները կտրվել են իրականությունից՝ արձագանքելով դիտարկմանը, որ ընդդիմությունը խոսում է իշխանափոխությունից, իսկ իշխանություններն իրենց օրակարգն են առաջ տանում՝ Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետի քարոզարշավ է անում, Վահագն Հովակիմյանին ուղարկում են՝ ԿԸՀ նախագահ դառնալու:
Գեղամ Նազարյանը վստահեցրեց. «Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ Վահագն Հովակիմյանը իրենց մուրազին չեն հասնելու, Վահագը չի լինելու ԿԸՀ նախագահ, Ավինյանն էլ քաղաքապետ չի լինելու: Կարող եք սա արձանագրել պատմության համար: Ավինյանին չեն գրանցելու, որովհետեւ Ավինյանն արդեն կոպտորեն խախտում է «Ընտրությունների մասին» օրենքի բոլոր կետերը՝ սկսելով քարոզարշավը, ընդ որում, հենց ինքն է խոստովանել, որ եկել եմ՝ քարոզարշավի շրջանակներում: Իսկ Հովակիմյան Վահագը պարզապես չի կարող ԿԸՀ նախագահ լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ