«Ես հասկացա, որ մարդիկ կան, որոնք մեզ մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Էլի հստակ ասեմ։ Արդյոք ՀՀ որեւէ իշխանություն Ղարաբաղը ճանաչե՞լ է Ադրբեջանի կազմում։ Ո՞րն է եղել։ Այո, ՀՀ-ն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչել է, եւ դա իրականացվել է ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հրապարակած հոդվածին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որովհետեւ այն պահին, երբ ՀՀ-ն ընդունել է «մադրիդյան սկզբունքները» որպես բանակցությունների հիմք, այդ պահից ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը։
Նա պնդեց, որ այս մասին ԱԺ ամբիոնից մի ժամ ելույթ է ունեցել եւ որեւէ բովանդակային հակադարձում չի լսել․ «Մեկը չի ասել՝ չէ, ուստի հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին՝ Վարդան Օսկանյանն է հրապարակային ՀՀ-ին ճանաչել օկուպանտ։ ՀՀ-ն Օսկանյանի եւ իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել մինչեւ այսօր։ Հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետեւանքները, որովհետեւ այդ ժամանակ ոչ թե Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն։ Դա եղել է 2007-ին, եւ դա եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մաս»։
Ըստ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը նույնպես Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս․ «Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ այն դուրս թողնելով բանակցային գործընթացից՝ 99թ․-ին վավերացնելով Ստամբուլյան խարտիան…այդ ո՞ւմ վրա են ինչ ուզում բարդել»։
Բանակցային գործընթացի վերաբերյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը՝ այստեղ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ