Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը կբարդանա ռազմական ագրեսիայից տուժած բնակավայրերը վերակտիվացնելու ուղղությամբ

Հոկտեմբեր 05,2022 17:48

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում անդրադառնալով ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով կրած տնտեսական վնասներին, նշեց, որ վնասները գյուղատնտեսական եւ զբոսաշրջային ոլորտներում են, բայց դրանց չափն ընդհանուրի մեջ շատ չնչին է:

«Եթե խոսենք ընդհանուր թվերի մասին, ապա ընդհանուր առեւտրաշրջանառությունը սեպտեմբեր ամսին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին էր աճել: Այս պահին մեր ունեցած տվյալներն ասում են, որ մեծ հավանականությամբ մենք ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում չենք ունենա։ Կլինի մոտ 19-20%-ի մակարդակում։ Իհարկե, դա չի նշանակում, թե խնդիրներ չունենք»:

Նա նշեց, որ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի որոշակի հատվածներ գրեթե կաթվածահար են․ «Ես այցելել եմ թե՛ Վարդենիս, Սոթք, թե՛ Ջերմուկ եւ այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»։

Նախարարի խոսքով՝ տնտեսական վնասներն ամբողջությամբ չեն հաշվարկվել, այդուհանդերձ, որոշ տվյալներ կան՝ մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է․ «Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, եւ, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»:

Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ այսպիսով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում խնդիրներ են առաջացել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներո՞ւմ, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանց չափն ընդհանուրի մեջ չնչին է:

 Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31