«ԱԳ նախարարությունը քանիցս հայտարարել է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանին միջադեպերից խուսափելու համար ամենաարդյունավետ միջոցներից է միջազգային խաղաղապահների մեխանիզմի գործարկումը։ Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր եք արել։ Վերջին տասը օրում սա խորհուրդ են տալիս ու մատնանշում են նաեւ միջազգային գործընկերները՝ հաշվի առնելով որոշ աշխարհաքաղաքական գործընթացներ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Կա համընդհանուր ընկալում, այդ թվում միջազգային դերակատարների մոտ, որ միայն ագրեսիայի հետեւանքների վերացումը, Ադրբեջանի զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերումը եւ խաղաղության պայմանագրի կնքումը դեռեւս չեն ստեղծի բավարար երաշխիքներ, եւ հավելյալ երաշխիքներ կպահանջվեն, օրինակ՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին որեւէ միջազգային դիտորդական, մոնիթորինգային մեխանիզմի առկայություն։ Սա այլ գործիքակազմ է, որը քննարկվում է միջազգային գործընկերների հետ, նաեւ Ադրբեջանի հետ։ Սա շատ ակտիվ քննարկվում է»։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ մեկ այլ գործիք է ՀՀ-Ադրբեջան սահմանից զինված ուժերի հետքաշումը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ