Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցում է հողի դեգրադացիայի չեզոքացմանն ուղղված կառավարության ջանքերին

Հոկտեմբեր 05,2022 17:52

5 հոկտեմբերի, Երեւան ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ, այսօր պաշտոնապես մեկնարկեց մի ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ երկրում հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում տալու հարցում:

«Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ։

«Այս ծրագիրն առանցքային դեր կունենա Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացումը խթանելու գործում: Այն կարևոր ներդրում է հողի կայուն կառավարման բարելավման և Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում», – ասել է ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի առաջատար տեխնիկական մասնագետ Կարոլինա Սթարը: «Հողի կայուն կառավարման ապահովումը հիմք է հանդիսանում ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում և ավելի լավ միջավայր ապահովելու համար, ինչը հանգեցնում է ավելի լավ կյանքի»:

«Հայաստանում բնապահպանական Կայուն զարգացման նպատակները  կազմում են մեկ ամբողջություն: Ուրախ եմ արձանագրել, որ ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների իրականացմամբ ակնկալվում է թիրախային տարածքներում գրանցել հողային ռեսուրսների կայուն կառավարման մեխանիզմների և հողային ռեսուրսների դեգրադացիան չեզոքացնող համալիր մի շարք արմատական աշխատանքներ», – նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Հողերի դեգրադացումն ու անապատացումը Հայաստանում պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ անթրոպոգեն (մարդածին) գործոններով: Բնությունն ինքն է նպաստում հողերի դեգրադացմանը՝ տեղումների բացակայության, երաշտների և ավազամրրիկների հետևանքով, որոնք իրենց հերթին առաջանում են սեզոնային և տարածաշրջանային տեղումների անհավասար բաշխման, բնական աղակալման, ինչպես նաև անձրևային շրջանում ջրհեղեղների և սողանքների պատճառով: Մարդու գործունեության հետևանքով առաջացած դեգրադացման պատճառներից է գյուղատնտեսական անարդյունավետ գործելակերպը, ինչպիսիք են անբավարար ցանքաշրջանառությունը, ոռոգման մեթոդների անարդյունավետ կիրառումը, արոտավայրերի գերարածեցումը և հերկման կանոնների խախտումը, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի գերօգտագործումը (արտեզյան հորեր), հողի աղտոտումը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։

Հողերի շարունակական դեգրադացմանը զուգընթաց ահագնանում են նաև գյուղատնտեսության ոլորտին կլիմայի փոփոխության հետևանքով սպառնացող վտանգները։

Այս ծրագիրը լանդշաֆտային մոտեցում ունի, որը համահունչ է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսլականին, այն է՝ հողի դեգրադացումը չեզոքացնելու նպատակով խրախուսել կայուն ինտեգրացված լանդշաֆտների ընդլայնումը։  Լանդշաֆտի մակարդակում կատարվող աշխատանքները թույլ կտան բազմակողմանի մոտեցում ցուցաբերել խնդիրների լուծմանը՝ ներառելով այլ ոլորտներ, ներգրավելով շահագրգիռ կողմեր և աշխատելով տարբեր մակարդակներում, դիմագրավելով հողերի դեգրադացման և պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերների խորքային պատճառներին, այլ ոչ թե միայն դրանց դրսևորումներին։

Աշխատաժողովին մասնակցում էին պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, որոնք ակտիվ դերակատարում ունեն Հայաստանի հողերի դեգրադացման և կլիմայի փոփոխության շուրջ նախաձեռնությունների խթանման գործում, այդ թվում՝ ՀՀ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ, ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող գործակալությունները, քաղաքացիական հասարակության, կրթական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31