«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանի, Թաթուլ Մանասերյանի և Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱրՊՀ-ում կազմակերպվել է քննարկում՝ արցախյան հիմնախնդրի առանցքային հարցերի շուրջ հանրային համաձայնության մասին։
Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը և Արամայիս Աղաբեկյանը։
Քննարկման մոդերատոր Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ կենտրոնի գործունեության առանցքում ողջ հայության ներուժի համախմբումն ու ազգային միասնական հայեցակարգի ձևակերպումն է՝ հանուն հայկական պետականության պահպանման, հայ ժողովրդի անվտանգության ապահովման։
Կարդացեք նաև
Ծրագրի նպատակն է վերհանել արցախյան հիմնախնդիրը երկրում և արտերկրում ներկայացնող պատասխանատուների շրջանում միասնական դիրքերից հանդես գալու և հանրային համախոհություն հաստատելու համար։
ԱՀ խորհրդարանի ղեկավարը ողջունելով մտքի կենտրոնի հրավիրած քննարկումը՝ իր խոսքում ընդգծել է․ «Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է․ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։ Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի։ Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Քննարկմանը մասնակից բոլոր բանախոսները իրենց ելույթներում անդրադարձել են առկա խնդիրների լուծման միասնական հայեցակարգի հաստատմանը։
«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները համոզված են, որ նման ձևաչափով քննարկումների և փոխգործակցության մթնոլորտում կունենան հաջողություններ։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին