«Նախ, մեր աշխատավարձը շատ ցածր է, շատ բարձր չէ: Որմնադրի աշխատավարձից ցածր է: Հանրության մոտ տպավորություն կա, թե պատգամավորները ինչ-որ շատ մեծ գումարներ են ստանում: Շատերը չէին գա աշխատելու այդ գումարով՝ 440 հազար: Ես վերջերս մի 5քմ-անոց բաղնիք նորոգելու համար ընդամենը 4 օրվա աշխատանքի համար այդ բանվորին տվեցի 2 անգամ ավելի մեծ գումար, քան իմ մի ամսվա աշխատավարձն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ի պատասխան հարցի, թե ե՞րբ եք վերադառնալու խորհրդարան, չէ՞ որ մայիսից հանրահավաքների համար գնացել եք, շարունակում եք ստանալ բարձր աշխատավարձ ու չեք գալիս:
Գեղամ Նազարանը նաեւ վստահեցրեց, որ իրենք խորհրդարանից երբեւէ դուրս չեն եկել ու ԱԺ-ում ավելի շատ են աշխատում, քան ՔՊ պատգամավորները: Նրա խոսքով՝ ՔՊ-ականներին սթափեցնելու համար բոյկոտում են ԱԺ լիագումար նիստերը ու դրանից արդեն երեւում է, թե ինչ բարոյահոգեբանական վիճակում է գտնվում ՔՊ խմբակցությունը՝ մի քանի րոպեում նիստն ավարտում են. «Մենք հասկացնում ենք, որ խորհրդարանը մի տեղ է, որտեղ կարծիքները պետք է բախվեն ու որոշում պետք է լինի դրանից, իսկ մեր մոտ կարծիքները բախվում են, բայց որոշումը ծնվում է մի մարդու սենյակում ու այդ մեկ մարդը նույնիսկ արհամարհում է ՔՊ խմբակցության կարծիքը: Այս մարդիկ անհատական զրույցներում մեր հետ լրիվ այլ բաներ են խոսում, քան դահլիճում ու լրագրողների ներկայությամբ: Այդ մարդիկ գերության մեջ են մի մարդու ձեռքին: Իրենք, իհարկե, կարող են այդ գերությունից դուրս գալ ու մենք բոլորս պետք է օգնենք նրանց այդ քայլն անեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ