«Ամեն ինչ անում ենք, որպեսզի մինչեւ ցուրտ եղանակների վրա հասնելը գործարկվի հայկական լաստանավը, ինչը, պետք է թեթեւացնի Լարսի անցակետում առաջացող հերթերի խնդիրը»,-այս մասին այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա վստահեցրեց, որ Փոթիի նավահանգիստը թույլ չէր տալիս, որ հայկական կողմը կարողանար կանոնավոր հաղորդակցություն ունենալ․ «Նավահանգիստն իրեն իրավունք էր վերապահում ցանկացած բեռ ցանկացած ժամանակով կանգնեցնել, ստուգել եւ այլն: Հիմա, այնուամենայնիվ, մեր բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ կարողանանք հստակ պլանավորված եւ ժամկետներով սահմանափակված գործընթացներ ունենալ, որպեսզի իմանանք, որ բեռի տվյալները ստանալուց հետո նավահանգիստը շատ կարճ ու հայտնի ժամանակում կթողնի կամ չի թողնի: Չթողնելու դեպքում էլ իմանանք՝ ինչ պատճառով»։
Քերոբյանը նկատեց՝ այսօր միջազգային պատժամիջոցները շատ են, ուստի վրացական կողմն էլ փորձում էր այնպես աշխատել, որ դրանց ազդեցության տակ չընկնեն, իսկ դա պահանջում է բավականին բարդ աշխատանք․ «Այդ առումով մենք մեր ԵՄ գործընկերների հետ ենք հանդիպել անցյալ շաբաթ: Մոտ ապագայում հանդիպելու եմ իմ վրացի գործընկերոջ հետ։ Փորձելու ենք այնպես անել, որ շատ կարճ ժամանակում ավարտենք, քանի որ մոտենում է ձմեռը, եւ դա մեզ շատ է պետք։ Հիմա բանակցությունները շարունակում ենք Փոթիի նավահանգստի, Վրաստանի կառավարության, ԵՄ-ի եւ Փոթիի նավահանգստի մայր ընկերության հետ»:
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 11-ին Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ հայկական լաստանավի չվացուցակը շուտով կհրապարակվի․ 15-20 օրերի հարց է։ Դա հեշտ հարց չէ։
Կարդացեք նաև
Նկատենք, որ կառավարության որոշման համաձայն, նախատեսվում է, որ լաստանավի օպերատոր տեղական «C&M International» լոգիստիկ ընկերությունը շաբաթական երկու ուղերթ կիրականացնի «Փոթի» նավահանգստից դեպի «Կովկաս» ու հակառակ ուղղությամբ։
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ