Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Սերոբյանի հեղինակային հեքիաթի` «Գոբլինը և ընկերները» և Ադի Ալյենի «Երբ վարագույրը կիջնի․ Նարեկը» գրքերի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին անմահացած զինծառայողների ծնողները, Նարեկ Սերոբյանին դասավանդած թիվ 54 ավագ դպրոցի ուսուցիչները, նախկին և ներկայիս տնօրենները, ընկերներն ու մտերիմները: Նարեկի մասին պատմող ֆիլմում, ի թիվս այլոց, խոսեց նաև Վիքիպեդիայի խմբագիրներից Դավիթ Սարգսյանը՝ նշելով, որ Նարեկը հասցրել էր 500 հոդված խմբագրել Վիքիպեդիայում:
«Երբ վարագույրը կիջնի. Նարեկը» գրքի հեղինակ Ադի Ալյենը գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ տեսաուղերձով հանդես եկավ՝ պատմելով, թե ինչպես է ծնվել գիրքը, ինչպես է ճանաչել Նարեկին ու նրա ընտանիքին: Նա իր ասելիքն ավարտեց Նարեկ Սերոբյանի խոսքով. «Պետք է ապրել տվյալ պահով, որովհետև մեզանից ոչ մեկը չգիտի, թե երբ կիջնի վարագույրը»:
«Հայրենիքը սկսվում է խրամատից, որտեղ գիշեր ու զօր արթուն հսկում է հայ զինվորը»՝ Նարեկի հենց այս խոսքերով էլ իր ելույթը սկսեց գրքի խմբագիր Մարինե Թեմիրյանը, որը երբեք չի ճանաչել Նարեկին, սակայն, գրքի հետ ծանոթանալով, իր խոսքով, բացահայտել է նրան. «Եթե ընթերցենք գիրքը, կհասկանանք` ի՜նչ տարբեր կողմերից է տղան թույլ տալիս իրեն ճանաչել»:
Միջոցառման ընթացքում հուզիչ կատարումներով հանդես եկան երգիչ Ռուսլան Էլյազյանը և Duetro Kids խմբի երեխաները` նվագակցող Էդգար Ալեքսանյանի հետ:
Նատալի ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի լրագրություն բաժնի ուսանողուհի