Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբար Աֆեյան․«Երբեք չենք մտածում, որ Հայաստանի անկախությունը երբեւէ վտանգի տակ կդրվի․ եթե ճիշտ օգտագործենք սփյուռքի մտահոգությունը, այն կարող է դառնալ կառուցողական ուժ»

Հոկտեմբեր 05,2022 14:46

Երեւանում այսօր մեկնարկած Գլոբալ նորարարական 5-րդ ֆորումում (GIF) ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն իր ելույթում նշեց, որ այս տարի ֆորումը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ պայմաններում՝ ընդգծելով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական լայնածավալ հարձակումը Հայաստանի հանրապետության վրա, 203 զոհերը, քանդված ենթակառուցվածքները․ «Բայց միաժամանակ՝ մենք իրականացնում ենք այս ֆորումը, որն ապացուցում է, որ Հայաստանը հանձնառու է բացահայտել նոր տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները, որն օգտագործվելու է ի շահ ժողովրդի բարեկեցության։ Մենք հասկանում ենք բարձր տեխնոլոգիաների կարեւորությունը, հատկապես՝ արհեստական բանականության կարեւորությունը մարդկային գործունեության բազմաթիվ ոլորտներում»։

The opening ceremony of the ‘Global Innovation Forum’ took place at Dvin Music Hall of Yerevan, Armenia

Ապա ելույթ ունեցավ FAST-ի համահիմնադիր, Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ «Սա այն միջոցառումն է, որին սպասում էի, քանի որ մեզանից շատերը վերադառնում են այն տեղերից, որտեղ ստիպված են բնակվել, եւ փորձում ենք կիսվել այստեղ նրանով, ինչ սովորել ենք այդ վայրերում։ Սա ամենամեծ առավելությունն է, որ ունենք մենք՝ հայերս, որ ապրում ենք դրսում»,-ասաց Աֆեյանը: Նա եւս ընդգծեց, որ ֆորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վտանգված է հայկական պետության եւ հայի գոյությունը, մի քիչ դժվար է խոսել մեքենայական ուսուցման, կենսաբանության կամ գիտական այլ տեխնոլոգիաների մասին, եւ սա լուրջ մարտահրավեր է:

«Բայց մարտահրավերները մեզ համար խիստ ծանոթ բան են: Երբ ասում եմ՝ մեզ՝ որպես հայ եւ որպես ստարտափով զբաղվող գործարար, եւ մենք, ըստ էության, ընտրում ենք այս պայմանները, որովհետեւ ստիպված են անընդհատ գոյաբանական պայքար տանել։ Մարտահրավերները ստիպում են մեզ մեր մտքերը կենտրոնացնել, ուժերը լարել: Մարտահրավերները, որոնք տեսնում ենք որպես պետություն, որը գտնվում է զարգացման փուլում, բազմաթիվ են: Մենք ունենք ոչ համարժեք ռեսուրսներ, թերզարգացած տնտեսություն 30 տարվա ընթացքում, ինստիտուցիոնալ կարողությունների բացակայություն, որի մասին անընդհատ խոսում ենք, դանդաղ է գնում զարգացումը, բարդ աշխարհագրական դիրք, մենք չենք ընտրում այդ աշխարհագրությունն ու հարեւաններին: Մենք ժառանգել ենք շատ բարդ աշխարհագրական տարածք, եւ հարեւաններ, եւ ճանապարհներ, մատչելիություն։ Բայց սա մեր տունն է եղել շատ ավելի վաղ, քան մեր բոլոր հարեւանները հայտնվեցին այստեղ։ Եվ ինչպես միշտ, քաղաքական շատ հակամարտություններ, երիտասարդ պետություն, տարբեր գաղափարներ, ունենք բազմաթիվ կուսակցություններ։ Մենք ունենք տարածաշրջանային հսկայական անապահովություն։ Բոլոր նրանք, ովքեր ապրել են սփյուռքում, երբ լսեցինք Հայաստանի անկախության մասին, երբեք չէինք մտածում, որ այդ անկախությունը երբեւէ վտանգի տակ կդրվի։ Եվ հիմա դա ամբողջ սփյուռքում լուրջ մտահոգություն է առաջացրել, եւ եթե ճիշտ օգտագործենք, այն կարող է դառնալ կառուցողական ուժ։ Երբ դուք խոսում եք այն մասին, որ չունեք համապատասխան դաշինքներ, դա սովորաբար լինում է ուժ։ Դրանք պետք է ժամանակին ձեւավորվեին։ Մենք կուզենայինք ունենալ այդ դաշինքները, բայց հինգ տարի հետո էլ խոսելու ենք այն մասին, որ լավ կլիներ ժամանակին ունենայինք դաշինքներ։ Ես հասկանում եմ, որ սրան պատասխան չկա»,-ասաց Աֆեյանը:

Նա ասաց, որ այսօր աշխարհն է դիմակայում անհավանական ինտենսիվության մարտահրավերների․ «Ամեն տարի թվում է, թե այս տարին ամենածանրն էր, բայց ամեն հաջորդ տարի նույն բանն ենք ասում։ Մենք պետք է գիտակցենք, որ այդ ուժերը բարդացնում են մեր սեփական մարտահրավերների կենտրոնացումը։ Մենք ամբողջ աշխարհում գործ ունենք պատերազմների, համավարակների հետ»։

Նա որպես մարտահրավեր նշեց նաեւ մանիպուլյացիաները, «ուղեղների լվացումը», մարդկանց հավատամքի եւ արժեհամակարգի փոփոխությունը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը, որը շուտով դառնալու է ամենակարեւորը:

Աֆեյանի խոսքով՝ այս դարը լինելու է այն դարը, որտեղ կենսաբանությունն է ամենամեծ ազդեցությունն ունենալու մարդկության վրա, կենսաբանությունը, տեխնոլոգիայի տեսանկյունից երբեք կապված չի եղել համակարգիչների հետ, հիմա կապվում է, ինչը շատ կարեւոր է։

Նրա ելույթի ընթացքում կապի խնդիր առաջացավ, նա կատակեց․ «Էս ի՞նչ եք անում, ինձ ստուգո՞ւմ եք, թե ինչ եմ ներկայացնելու սլայդերում, թե՞ հարեւաններն են միջամտում մեր աշխատանքին»։

Շարունակելով իր ելույթն, Աֆեյանն ասաց՝ ատում եմ արհեստական բանականություն եզրույթը․ «15 տարի է արդեն, որ սա օգտագործում ենք, եւ դրա առաջ քաշողը MIT-ին է եղել, իմ հարազատ տեխնոլոգիական ինստիտուտը։ Մեր նպատակն այն է, որ մենք ունենանք մեր սեփական արհեստական բանականությունը։ Ներկայի հետ բարդ է մրցակցել, անցյալը ճնշում է։ Բայց ես կուզենայի ունենալ այնպիսի միտք Հայաստանում, որը պիտի ողջունի արհեսատական բանականությունը եւ պիտի զարգացնի։ Եթե դուք վախենում եք ապագայից, ուրեմն փորձեք գտնել այդ հարցը լուծելու խնդիրը եւ արհեստական բանականությունը կարող է ձեզ օգնել այդ հարցում»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31