Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ որոշակի լավատեսություն ունի խաղաղության գործընթացի նկատմամբ:
«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի նկատմամբ, քանի որ վերջերս՝ մի քանի օր առաջ, տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ այդպիսի առաջին հանդիպումը խաղաղության պայմանագրի նախապատրաստման օրակարգով: Հույս ունենք, որ դա երկար ժամանակ չի տանի»,- ասել է Ալիևը ՝ ելույթ ունենալով Աղդամում Ազգային քաղաքաշինական ֆորումի բացմանը:
Նա ընդգծել է, որ Բաքվում լավ գիտեն «այն մարտավարությունը, որ կիրառում է Հայաստանը, երբ չի ցանկանում անցնել համաձայնագրին», և այդ մարտավարությունն իրենք տեսել են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները 28 տարիների ընթացքում: Ալիևը սպառնացել է Հայաստանին զերծ մնալ նման քաղաքականությունից: «Եթե Հայաստանի ընտրությունը դա է, նշանակում է նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում»,- ասել է նա:
Ալիևի խոսքով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրենք Հայաստանին առաջարկել են խաղաղության պայմանագիր կնքել: «Մենք Հայաստանին առաջարկել ենք խաղաղություն: Մենք հրապարակային հայտարարել ենք միջազգային իրավունքի հինգ բազային սկզբունքների մասին, որոնք պետք է դառնան հիմք խաղաղության պայմանագրի համար»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահը նաև Հայաստանին կոչ է արել ակտիվ աշխատել սահմանազատման շուրջ:
«Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով համապատասխան հանձնաժողովները ժամանակ չեն կորցնի և ակտիվ կաշխատեն երկու երկրների միջև սահմանի որոշման ուղղությամբ, որը փաստացի գոյություն չունի,- ասել է Ալիևը: – Ավելի քան 400 կմ ձգվող սահմանը որոշելու քամար մենք պետք է ակտիվ աշխատանք տանենք՝ հիմնված պատմական փաստաթղթերի, պատմական քարտեզների վրա և հիմնվելով միջազգային փորձի և որոշակի մեթոդաբանության վրա: Գործընթացը գնում է, բայց կրկին, դժվար է ասել՝ որքան հաջող այն կընթանա»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ