Ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը վերջին ամիսներին սրընթաց աճում է, ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում, որը նա հղել է «Expo Russia–Armenia 2022» միջազգային իններորդ արդյունաբերական ցուցահանդեսի և Երևանյան գործարար համաժողովի բացման կապակցությամբ:
Ցուցահանդեսի բացմանը ՌԴ արտգործնախարարի ուղերձը ներկայացրեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Զգալի եկամուտներ է բերում նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի համատեղ իրացումը։ Այս առումով ձեր գործարար հանդիպումը էականորեն լրացնում է երկկողմ գործնական համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործադրվող եռանդուն ջանքերը», – նշել է Լավրովը։
Նա համոզմունք է հայտնել, որ այս միջոցառումն արդյունավետ կլինի, կնպաստի նոր հեռանկարային նախաձեռնությունների մշակմանն ու գործարկմանը՝ ի շահ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների: Սերգեյ Լավրովի խոսքով` խորհրդանշական է, որ այս անգամ այն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում:
Կարդացեք նաև
Հայաստանի իշխանությունների, մասնավորապես ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձն էլ ընթերցեց ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։ Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը հարթակ կդառնա կառուցողական երկխոսության, տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության ամրապնդման, համատեղ բիզնեսի զարգացման համար։ «Այս ցուցահանդեսների առանձնահատկությունն այն է, որ դրանք ծառայում են փորձի փոխանակմանը, փոխշահավետ կապերի հաստատմանը Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև և, իհարկե, նոր հնարավորություններ են բացում հետագա փոխգործակցության համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
«Expo Russia–Armenia 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը մեկնարկել է այսօր և կտևի մինչև ամսի 7-ը։ Միջոցառման նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել համատեղ բիզնես, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ