Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ստացա կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը, որպես դեկան հրաժարվել եմ ստորագրել այն․ Ռուբեն Մելքոնյան

Հոկտեմբեր 05,2022 14:14

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուսուցչի օրը ստիպված եմ գրառում անել ուսանողի մասին, քանի որ այսօր ստացա արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, սակայն ներկայում քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը:

Այդ թեմայով ցանկանում եմ որոշ արձանագրումներ և պարզաբանումներ անել. Տարոն Մանուկյանը մասնակցել է դասընթացներին, սակայն չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել: Այդ խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը եղել է հստակ և ես արել եմ համապատասխան քայլեր: Նախ՝ կալանավայրում գտնվող Տարոնին ուղարկել եմ անհրաժեշտ գրականությունը, իսկ այնուհետև տեսնելով, որ խափանման միջոցը չի փոխվում և մոտենում է քննությունների լուծարքային շրջանը՝ զեկուցագրով դիմել եմ ռեկտորատ և հայտնել, որ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները և ես անձամբ պատրաստ ենք Տարոնի քննությունները ընդունել կալանավայրում՝ տեսակցությունների համար նախատեսվող տարածքում: Ինձ մոտ տպավորություն է, որ սկսվեց բյուրոկրատական գործընթաց, իսկ հետո բյուրոկրատական քաշքշուկ արդեն ԵՊՀ-ից դուրս՝ համապատասխան նախարարություններում:

Իմ առաջարկը՝ քննությունները անցկացնել կալանավայրում, ըստ էության, մերժվեց՝ տարբեր պատճառաբանություններով: Դեպքերի նման դասավորվածության հետևանքով պարզ էր, որ Տարոն Մանուկյանը կհեռացվի համալսարանից: Հավաստիացնում եմ, որ Տարոնի գիտելիքները նրան թույլ են տալիս ոչ թե հավակնել բավարար, այլ ավելի բարձր գնահատականների և այստեղ հիմնական խնդիրն էր հնարավորություն ստեղծել, որպեսզի նա կարողանա հանձնել 3-րդ կուրսի քննությունները և փոխադրվի 4-րդ կուրս, իսկ դատաքննության ընթացքից արդեն պարզ կդառնային հետագա գործողությունները և նրա՝ որպես ուսանողի, կարգավիճակի պահպանումը:

Ինչևիցե, Տարոնը կկորցնի մեկ ուսումնական տարի և հետո կշարունակի ուսումը, սակայն ոմանք կորցրին իրենց դեմքը վերջնականապես և խղճի այն փշրանքները, որոնք, երևի, դեռ մնացել էին:

Հ.Գ. Ի դեպ, որպես դեկան ես հրաժարվել եմ ստորագրել Տարոն Մանուկյանի ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ` այդպիսով ևս մեկ անգամ հայտնելով իմ անհամաձայնությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31