Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով կաթողիկոսի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը, ասաց, որ շատ ողջունելի էր նախագահների պատրաստակամությունը, որը վկայում էր, որ իրոք, այնպիսի վտանգված իրավիճակ է, որ բոլորն էլ պատասխանատվությամբ են մոտենում հարցին, բայց խնդիր առաջացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության հետ կապված. «Օրերս էլ մեկ այլ հայտարարություն եղավ, թե այլեւս իշխանություն-ընդդիմություն երկխոսության հարթակը դադարել է գոյություն ունենալ: Իր հարցազրույցից հետո բոլորն էլ ասում էին, որ այն առաջարկը, որը ներկայացնում էր Տեր-Պետրոսյանը՝ գնալ իշխանության հետ երկխոսելու ու տեղեկանալու Նիկոլ Փաշինյանից բանակցային առաջարկների մասին, ասում էին, որ այդ մարդու հետ երկխոսելու որեւէ բան չկա: Խնդիրը ոչ թե երկխոսության հարթակ ձեւավորելն էր, այլ՝ իրավիճակից լուծում գտնելը: Ակնկալելի է, որ այդ ձեւաչափը կշարունակվի, թեկուզ առանց Լեւոն Տեր-Պետրոսյան: Իր հայտարարությունից հստակ չէր՝ եթե լինի հանդիպում, կմասնակցի՞, թե՞ չի մասնակցի: Արդեն իր որոշելիքն է»:
Հարցրեցինք՝ այսինքն, խնդիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մե՞ջ էր, թե՞ պարզապես նրա, ինչպես մեկնաբանում են ՔՊ-ականները, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես կոնսոլիդացիա էր պահանջում իր աթոռի շուրջ: Նա պատասխանեց. «Ի սկզբանե իշխանության շուրջ կոնսոլիդացիայի պահանջով հայտարարություն չի եղել: Եթե հիշեք Վեհափառի հայտարարությւոնը՝ իրավիճակի շուրջ լուծում գտնելու հարցն էր, ու դրա համար, երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր կոնսոլիդացվել իշխանության հետ, մենք հստակ ասում էինք՝ գնալ կոնսոլիդացվել Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն քաղաքականությանը աջակից դառնա՞նք, երբ Տեր-Պետրոսյանն ասում էր Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ ստախոս է, ստախոսի հետ ի՞նչ տեղեկություն կարելի է քննարկել: Ստախոսը կարո՞ղ է ամբողջական տեղեկությունը հաղորդել: Երկրորդը՝ այս իշխանության քաղաքականության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու ծրագիր էր, որն առաջարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը ու որը տապալված է»:
Հարցին՝ եթե 6 հոգով հավաքվում են մի տեղ մի հարցի շուրջ լուծում գտնելու ու չի լինում կոնսոլիդացիա, դուք ո՞նց եք պատկերացնում, որ ամբողջ ժողովրդին կարողանա համախմբել՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Որեւէ մեկս այդ հանդիպմանը չենք եղել ու չենք կարող ասել՝ կոնսոլիդացիա եղե՞լ է, թե՞ չէ, կամ «կոնսոլիդացիա -1» եղե՞լ է: Հրապարակային հայտարարությունները վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այլ տեսակետ ունի, նա պարզ ասաց՝ չփոփոխված տեսակետը դեռ 90-ականներից, բայց դա համատեղ քննարկման, համատեղ հավաքի եզրահանգումը չէ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ