Civilnet. Օրերս հրապարակվեց 2023-ի պետական բյուջեի նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է պաշտպանության ապահովման բյուջեն հաջորդ տարի ավելացնել ավելի քան 47 տոկոսով։ Այն 2023-ին կկազմի 501,3 մլրդ դրամ՝ 2022-ի 340,6 մլրդ դրամի դիմաց։
1995-ից ի վեր սա Հայաստանի ռազմական բյուջեի ամենամեծ աճն է։
Ներկայիս փոխարժեքով (Դ405/$1) 2023-ին Հայաստանի ռազմական բյուջեն կկազմի շուրջ 1,24 մլրդ դոլար։
Ադրբեջանի ռազմական բյուջեն հաջորդ տարի նախատեսված է 3,13 մլրդ դոլար։ 2023-ին Հայաստանի ռազմական բյուջեն Ադրբեջանին կզիջի 2,5 անգամ, որը ամենացածր հարաբերակցությունն է 2005-ից ի վեր, երբ Ադրբեջանը սկսեց զգալիորեն մեծացնել իր ռազմական բյուջեն և սպառազինության ձեռքբերման ծավալները։ Համեմատության աղբյուրը Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների բազան և երկու երկրների պետական բյուջեներն են։
Կարդացեք նաև
Ադրբեջանի ռազմական բյուջեն պատմական առավելագույնին է հասել 2015-ին` կազմելով 3,4 մլրդ դոլար։ Նավթի և գազի միջազգային գների նվազմամբ պայմանավորված՝ այն կրկնակի կրճատվեց 2017-ին՝ հասնելով 1,7 մլրդ դոլարի։ Այդ ժամանակվանից սկսած Ադրբեջանի ռազմական բյուջեն կայուն աճում է։
Ադրբեջանի ռազմական ծախսերում ամենամեծ աճը գրանցվել է 2006 և 2011 թվականներին, երբ այն գրեթե կրկնապատկվեց՝ նախորդ տարիների համեմատ։
Հայաստանի ռազմական բյուջեի աճը առավել համեստ է եղել, բայց նաև մեծ ցնցումների չի ենթարկվել։ Վերջին 20 տարում, դոլարային փոխարժեքով արտահայտված, Հայաստանի ռազմական ծախսերը աճել են ամեն տարի՝ բացառությամբ 2011, 2016, 2020 և 2021 թվականների։
Նախկինում ամենազգալի աճը գրանցվել է 2016-19 թվականներին, երբ Հայաստանի պաշտպանական բյուջեն 453 մլն դոլարից հասավ 653 մլն դոլարի։
Հավասարակշռությունից՝ Ադրբեջանի խոշոր առավելություն
Պաշտպանական ոլորտի ծախսերի 2023-ին նախատեսված աճի շնորհիվ Հայաստանը ռազմական ծախսերով Ադրբեջանին 2023-ին կզիջի 2,5 անգամ։ Նախկինում նման ցածր ցուցանիշ գրանցվել է 17 տարի առաջ՝ 2005-ին, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեից ավելի էր կրկնակի։
Հովհաննես ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: