Հայաստանյան մամուլում եւ սոցիալական ցանցերի տիրույթում ակտիվորեն քննարկվում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Բաքվի ներկայացրած ենթադրյալ 5 պահանջները: Դատելով Ադրբեջանի գործողություններից՝ հավանականությունը մեծ է, որ հրապարակված կետերը վերջինս, իրոք, ներկայացրել է որպես բանակցությունների հիմք: Դրանցում, թերեւս, նորությունն այն կետն է, որով առաջարկվում է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն իրականացնել 1919, 1920 թթ. քարտեզներով:
Ստացվում է, որ Ադրբեջանն առաջարկում է սահմանազատում իրականացնել այնպիսի փաստաթղթերով, որոնք չունեն իրավական որեւէ ուժ:
Մեծ հավանականությամբ՝ առաջարկվում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հիմքում դնել 1918-1920 թթ. մուսաֆաթական Ադրբեջանի ենթադրյալ քարտեզը, որը գծել էր այդ նորաստեղծ միավորման այն ժամանակվա ղեկավարությունը: Այդ քարտեզով Ադրբեջանի տարածքում ընդգրկված են ոչ միայն ՀՀ-ի, այլեւ Վրաստանի, ՌԴ-ի եւ Իրանի տարածքներ, ինչն աբսուրդային էին գնահատել դեռ այն ժամանակ գործող միջազգային կառույցները:
Սա է պատճառը, որ 20-րդ դարի սկզբին ՄԱԿ-ի իրավանախորդը՝ Ազգերի լիգան, չընդունեց Ադրբեջանի ներկայացրած քարտեզը, ասել է թե՝ դե ֆակտո ճանաչեց մուսաֆաթական Ադրբեջանը, որն անվանվում էր դեմոկրատական, բայց դե յուրե՝ սահմաններով չճանաչեց այդ միավորը՝ ներկայացված քարտեզների աբսուրդային մեծ անճշտությունների պատճառով:
Կարդացեք նաև
Ներկայացված քարտեզը օրինաչափորեն մերժվել էր Ազգերի լիգայի կողմից, որից հետո արդեն խորհրդայնացված Անդրկովկասում իրավաբանորեն հաստատվել էին այն ժամանակ միջազգայնորեն ճանաչված ԽՍՀՄ ներքին վարչական միութենական քարտեզները: Ավելորդ է հիշեցնել, որ 1991 թ. փլուզված ԽՍՀՄ սուբյեկտներին ՄԱԿ-ը ճանաչել է հենց այդ քարտեզների հիման վրա:
Ներկայում երկու երկրների միջեւ խաղաղության փաստաթղթի նախապատրաստման եւ ստորագրման գործընթաց է իրականացվում միջազգային հանրահայտ նորմերին համապատասխան, հետեւաբար, այն պետք է ընթանա հիմնավոր փաստարկների, այն է՝ իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա, ինչը պարտադիր պայման է միջազգային իրավունքի տեսանկյունից միջազգային հարաբերությունների համար:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: