Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսությունն իր ամբողջ ներուժով պետք է ծառայեցնենք անվտանգությանը: Պետք են իրական գործողություններ՝ իրապես ոտքի կանգնելու. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 05,2022 10:36

Երբ այս գարնանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսում մեր մտքի հերթական ցուցադրության ականատեսը եղա ու ամեն տեղ ոգեւորված պատմում էի այդ մասին, մեր տնտեսագետներից շատերը «սառեցրին» տաք գլուխս. ոգեւորությունը տեղին կլինի այն ժամանակ, եթե այդ մտքի ցուցադրությունը արտադրանքի արդյունք դառնա, եւ խոսք լինի ոչ թե 4-5 օրինակի, այլ՝ մեծածավալ արտադրության մասին։ Այո, ցուցահանդեսում ներկայացված օրինակները ցույց տվեցին, որ կա միտք եւ աշխատանք, որը վկայում է, որ կարող ենք աշխատեցնել գիտություն-տնտեսություն-անվտանգություն շղթան, բայց եթե չլինի արտադրություն, ապա այդ օրինակները իբրեւ նմուշ էլ կմնան։ Այլ կերպ՝ ոչ ոք չի ժխտում, որ ճգնաժամային վիճակում ենք, եւ ճգնաժամը ինչքան վտանգներ, նույնքան էլ հնարավորություններ է ներառում։ Եվ այս պարագայում եթե ռազմարդյունաբերություն չսկսենք, ուրեմն ակամա, հնարավորությունը բաց թողնելով, ընտրելու ենք ճգնաժամի վտանգների կողմը։

Տնտեսագետները շեշտում են՝ ոչ միայն այս, այլեւ երկրի զարգացմանն անհրաժեշտ տարբեր բնագավառներում ներուժ ունենք, բայց այդ ներուժը պետք է նպատակային հուն ուղղել եւ շատ արագ, այլապես կմնանք ցանկությունների ծիրում։ Մեզ պետք են իրական գործողություններ՝ իրապես ոտքի կանգնելու, տնտեսական փաստացի աճ ունենալու եւ թշնամու կողմից մեզ ուղղված պաշտպանական, տեղեկատվական եւ հոգեբանական մարտահրավերներին դիմակայելու համար։

Հստակեցնենք՝ անվտանգության բազմաթիվ մարտահրավերներ ունեցող մեր երկրի համար ի՞նչ կարգի զարգացած տնտեսություն է պետք, որովհետեւ երկրներ կան, որոնց զարգացածության «պրոդուկտը» զբոսաշրջությունն է, սպասարկումը…։ Հասկանալի է, որ մեզ պետք է անվտանգությա՛նը նպաստող տնտեսություն։ Բայց, ինչպես մեզ հետ ամենատարբեր զրույցներում շեշտում են տնտեսագետները, հարկ է, որ անվտանգությունը որեւէ, նույնիսկ աննշան ձեւով չզիջենք ի նպաստ տնտեսական զարգացման, այլ ճիշտ հակառակը՝ տնտեսությունն իր ամբողջ ներուժով պետք է ծառայեցնենք անվտանգությանը։ Իսկ դրա համար պետք է զարգանան ռազմական ինովացիան, ռազմական բարձրակարգ տեխնոլոգիական ոլորտը։ Հարցն այն է, թե Հայաստանն իրապե՞ս կարող է դառնալ բարձր տեխնոլոգիական երկիր։ Ի պատասխան մեր հարցի՝ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հիշեցրեց, որ խորհրդային շրջանում մի քանի կենտրոն է եղել՝ Մոսկվա, Լենինգրադ, Նովոսիբիրսկ եւ Երեւան, ու այսօր էլ ունենք ներուժը, ուստի զարգացման հնարավորությունը բաց թողնելը բացատրություն չի ունենա։

Ավելին՝ մասնագետները վստահ են, որ տնտեսությունն անվտանգությանը ծառայեցնելը հենց ընդհանուր տնտեսության շահից է բխում. քարշակի դեր կտանի ամբողջ տնտեսության համար՝ նպաստելով եւ՛ տնտեսության բազմազանեցմանը, ե՛ւ առանձին ոլորտների արագ զարգացմանը։ Ընդամենը պետք է պետական խթանող եւ ուղղորդող նպատակային քաղաքականություն։ Մեկ անգամ չէ, որ ՏՏ ոլորտի մասնագետները խոսել են այն մասին, որ հատկապես նոր սերնդի ԱԹՍ-ների, հետախուզական տարբեր միջոցների արտադրությունը մեր երկրում կարող է ունենալ լուրջ հաջողություններ, եթե պետությունն ապահովի համապատասխան պայմաններ։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31