Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստաբիլ, քրոնիկ դժգոհություն Հայաստանից

Հոկտեմբեր 05,2022 11:00

Այդ ինչո՞ւ են Մոսկվային ու Բաքվին կապող թելերն այնքան ամուր, որոնք ոչ մի պարագայում չեն կարող պոկվել, իսկ Հայաստանի դեպքում՝ առհասարակ, չեն էլ կարող կապվել

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրությունները, որոնք տարածվել են համացանցում, կոչ է արել Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին անհապաղ հետաքննություն անցկացնել։

Ընդ որում, «անսպասելիորեն» Զախարովային հարց է ուղղվում՝ «հայերի ու ադրբեջանցիների կողմից» տարածված տեսանյութերի մասին, որպեսզի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը թեմային անդրադառնա «բալանսավորված», այսինքն, Մոսկվան հորդորն ուղղի ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին՝ հավասարության նշան դնելով հանցագործի ու զոհի միջեւ: Ինչն էլ սիրով եւ մեծ վարպետության արեց Զախարովան՝ մեկնաբանելով՝ «երկու կողմերի տեսանյութերը»:

«Այս տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն», – ասել է Զախարովան, ապա հավելել է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այդ տեսանյութերի համապարփակ խորը վերլուծություն: Եթե փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»:

Եթե Արեւմուտքից առայժմ հնչում են միայն անհանգստության, մտահոգված ու սարսափած լինելու մասին հավաստիացումներ ու արձանագրումներ նույն կադրերի վերաբերյալ, ապա Մոսկվան ավելի հեռուն գնաց՝ խորհուրդ են տալիս Հայաստանին ու Ադրբեջանին նստել սեղանի շուրջ ու միահամուռ ուժերով վերլուծել կադրերը:

Ճիշտ է, կատարվածի վերաբերյալ օգտագործվում է՝ «միջազգային մարդասիրական իրավունքի խախտում» ձեւակերպումը, բայց դա չի նշանակում, որ այս հիմքով Մոսկվան պետք է դատապարտի Ադրբեջանի իշխանություններին: Առավելեւս, եթե ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունում Ադրբեջանի ուղղությամբ պատասխանատվության սլաք չի էլ ուղղվել:

Մի պահ պատկերացնենք՝ հայերն ու ադրբեջանցիները որոշեցին «վերլուծել» կադրերը, ու Բաքուն, իրենց հատուկ կեղծելու ունակություններ դրսեւորելով՝ հայտարարեցին, թե տեղյակ չեն կադրերը որտեղից են ի հայ եկել: Կամ՝ Բաքուն հայտարարի, որ որեւէ «վերլուծության» չի պատրաստվում մասնակցել, քանի որ Ադրբեջանը կապ չունի տարածված կադրերի հետ, դրանք անհայտ ծագման կադրեր են: Ինչ է տեղի ունենալու… ՌԴ ԱԳՆ-ն, վստահաբար, բավարարված կզգա նման «վերլուծության» արդյունքներից եւ թեման նրանց համար կհամարվի փակված:

Իսկ այ մի քանի թեմաներ կան, որոնք ռուսական կողմը մշտապես թեժ է պահում՝ Մոսկվայի հովանու ներքո եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը խախտում է:

Զախարովայի բնորոշմամբ՝ Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու եւ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար։ «Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությունն այլընտրանք չունի, մենք պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Բոլոր հարցերում Մոսկվան միշտ պատրաստ է «անհրաժեշտ օգնություն» տրամադրել, իսկ ահա պատերազմական հանցագործության վրա աչք փակելու նպատակով՝ նրանք խորհուրդ են տալիս Հայաստանին ու Ադրբեջանին միասին վերլուծել կատարվածը:

Ավելին, վերջին շրջանում արդեն Մոսկվան հստակ ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանում իրավիճակի հնարավոր բարդացման մեղքերի համար, ըստ նրանց՝ արդեն կա պատասխանատու. Մոսկվան արդեն իսկ հստակ հող է նախապատրաստում Արեւմուտքի վրա պատասխանատվության մեղքեր բարդելով:

Վերհիշենք օրեր առաջ Զախարովայի կողմից ակնարկը արտաքին ուժերի ուղղությամբ: Ռուսաստանը նկատում է արտատարածաշրջանային դերակատարների կողմից փորձեր՝ Ուկրաինայում անկայուն իրավիճակը փոխադրել հետխորհրդային տարածության այլ հատված, մասնավորապես Հարավային Կովկաս, անցյալ շաբաթ ճեպազրույցում նշեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան՝ հավելելով, որ այդ գիծը չափազանց վտանգավոր է եւ ապակառուցողական: «Այո, մենք տեսնում ենք, որ մի շարք արտատարածաշրջանային դերակատարներ փորձեցին յուրացնել խաղաղ կարգավորման կամ խաղաղության պայմանավորվածությունների հարցում դափնիները: Մենք ագահ չենք, պատրաստ ենք կիսվել»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ նույն ուժերի կողմից նկատվում է միտում՝ սեպ խրել 2020թ. աշնանը ձեռք բերված պայմանավորվածությունների գործում: Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունների լիարժեք կատարումը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության գրավականն է: Ընդ որում, ըստ Զախարովայի, կարեւոր է այդ պայմանավորվածությունների կատարումը բոլոր ուղղություններով՝ հաղորդակցությունների բացում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում: «Մեր երկիրը Բաքվի ու Երեւանի հետ շփումներում շարունակում է եռանդուն ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր ձեռնարկվում է նաեւ ՀԱՊԿ գծով»,- ասել է Զախարովան:

2020թ. աշնանը ձեռք բերված այն պայմանավորվածությունների մասի՞ն է խոսքը, որոնց պահանջները մինչ օրս ադրբեջանական կողմը չի կատարել, իսկ Մոսկվան՝ որպես այդ պայմանավորվածությունների պահպանման երաշխավոր, դրանք չի՞ նկատում:

Իսկ ո՞ւմ են պետք նման պայմանավորվածությունները, որոնք Բաքուն արհամարհում է, չի կատարում, իսկ երաշխավորող կողմը համառ լռություն է պահպանում, չի դատապարտում Բաքվին, կամ գոնե կոչ չի անում հարգել ձեռքբերված պայմանավորվածությունները: Բացի այդ, նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ընդունումից հետո Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու հարցում դեռ որքա՞ն ժամանակ է ռուսական կողմը իր չնկատելը հիմնավորելու ու արդարացնելու՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները սահմանագծված չեն», «չգիտենք, որոնք են Հայաստանի սահմանները» ծիծաղելի ու անհեթեթ պատճառաբանությամբ: Մինչեւ երբ պետք է Ռուսաստանը շարունակի չճանաչել Հայաստանի ինքնիշխան տարածքը: Դա է՞լ էր 2020թ. եռակողմ համաձայնությունների պայմանավորվածությունների շրջանակում Բաքվին տրված երաշխիք:

Ռուսական կողմը որդեգրել է մշտապես հայկական կողմից դժգոհելու, բոլոր խնդիրները հայկական կողմի վրա բարդելու ստաբիլ քաղաքական գիծ:

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպությունների ներկայացուցչություններն օրեր առաջ այցելել էին Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու սեպտեմբերի 13-ին Հայաստանի արեւելյան սահմանների վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետեւանքով համայնքներում ստեղծված իրավիճակին:

ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց, որ ներկայումս մշակվում է հավաքական անվտանգության խորհրդի որոշում, որը կոչված է լինելու պատասխանել բոլոր հարցերին: «Ռուսաստանը հստակ է արտահայտում իր դիրքորոշումը ուժային մեթոդների նկատմամբ: Խնդրի խաղաղ կարգավորման քաղաքական-դիվանագիտական միակ իրատեսական ճանապարհը, որը հիմնված է եռակողմ պայմանավորվածությունների վրա, կարծում եմ, բավականաչափ հստակ է: Դրան ավելացնենք նաեւ Ռուսաստանի ձեռնարկած գործնական քայլերը, որոնք ոչ միշտ են հրապարակային հնչեցվում: Ռուսաստանին, իհարկե, կարելի է քննադատել, յուրաքանչյուրն իր տեսակետն ունենալու իրավունք ունի: Սակայն չընդունել, որ Ռուսաստանը, առաջին հերթին բարձրագույն ղեկավարությունը, իսկապես շատ մեծ ջանքեր է գործադրում, արդար չէ»:

Կոպիրկինը, իհարկե, նշեց, որ զորքերի հետքաշումը սկզբնական դիրքերին՝ սահմանային խնդրի կարգավորման միակ տարբերակն է։ «Կարող են լինել տարբեր ակնկալիքներ, մենք հասկանում ենք այս ողբերգական իրավիճակը, բայց Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման այն գործընթացը, որը 2020թ. նոյեմբերին մեկնարկել էր՝ եռակողմ հայտարարությամբ, առաջ գնա»։ Նա նաեւ հավելեց, որ Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել կողմերին ընդհանուր դիրքորոշումների մշակման գործում: Նրա խոսքով՝ դա մեծ ջանքեր ու լարվածություն է պահանջում բոլորից։

2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության տառին հավատարիմ մնալը, ուշադրություն դարձրեք, պահանջվում է բացառապես հայկական կողմից: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելի հովանու ներքո եռակողմ բանակցությունների են մասնակցում, դրանում Մոսկվան միայն Երեւանի մասնակցությունն է տեսնում, կարծես երրորդ կողմի՝ Բաքվի մասնակցությունը ռուսական կողմի համար խնդիր չի: Բաքուն կարող է ԵՄ-ի հետ փոխշահավետ համաձայնագրեր կնքել, բանակցել՝ այլ հարցերով, պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն որպես Ռուսաստանի արդեն ռազմավարական դաշնակից՝ Մոսկվայի համար որեւէ խնդիր չկա:

Հետաքրքիր է, ինչո՞ւ է այդպես: Այդ ինչո՞ւ են Մոսկվային ու Բաքվին կապող թելերն այնքան ամուր, որոնք ոչ մի պարագայում չեն կարող պոկվել, իսկ Հայաստանի դեպքում՝ առհասարակ, չեն էլ կարող կապվել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31