ՔՊ-ն երեկ ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի իր թեկնածուների անունները։ Նրանք են՝ Վահագն Հովակիմյան, Ժիրայր Կարապետյան, Արուսյակ Տերչանյան, Աննա Գրիգորյան, Արմեն Սմբատյան, Սիլվա Մարկոսյան եւ Նունե Հովհաննիսյան։ Ուշագրավ է, որ ՔՊ-ի ներկայացրած 7 թեկնածուներից 3-ը ԿԸՀ գործող անդամներ են՝ Արմեն Սմբատյանը, Սիլվա Մարկոսյանը եւ Նունե Հովհաննիսյանը։
Նրանք երկարամյա ԿԸՀ-ականներ են, ընդունված տերմինով ասած` շատ ընտրությունների կեղծման մասնակիցներ ու ականատեսներ, բայց մասնագիտությամբ իրավաբաններ են եւ այսօր համաձայնել են աշխատել Հովակիմյան Վահագնի ղեկավարության ներքո։ Եվ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, ով տասնամյակներ շարունակ խոսել է ընտրակեղծիքների եւ ընտրակեղծարարների վերացման մասին, որոշել է այս «նախկինների» ունակությունները ծառայեցնել նաեւ իրեն՝ իշխանությունը պահելու համար։ Սիլվա Մարկոսյանի ու Արմեն Սմբատյանի հետ չհաջողվեց զրուցել, բայց զրուցեցինք Նունե Հովհաննիսյանի հետ։ Նա ասաց, որ դեմ չի եղել ՔՊ-ի առաջարկին եւ համաձայնել է առաջադրվել։ Ի դեպ, հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով է իշխանությունը ԿԸՀ կազմից ընտրել հենց այս 3-ին:
– Ինչո՞վ էր պայմանավորված, որ ցանկություն հայտնեցիք մնալ ու աշխատել նոր ԿԸՀ կազմում՝ Հովակիմյան Վահագնի գլխավորությամբ։
– Կարծում եմ, որ ես դեռ անելիք ունեմ եւ օրենսդրորեն կարող եմ եւս մեկ անգամ առաջադրվել։
Կարդացեք նաև
– Դուք տեսե՞լ եք ՀԿ-ների հայտարարությունը, տարբեր անձանց արձագանքը Վահագն Հովակիմյանի առաջադրման ու ԿԸՀ նախագահ դառնալու հետ կապված, հիմա ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այս քննադատական ալիքի ֆոնին Դուք եւս առաջադրվել եք ԿԸՀ անդամի թեկնածու։
– Եթե իմ կենսագրությանը Դուք ծանոթ եք՝ ԿԸՀ կայքում տեղադրված է, վերջին 20 տարին աշխատում եմ ԿԸՀ-ում, եւ էդ ընթացքում 3 նախագահ է ղեկավարել էդ մարմինը։ Մինչ այդ էլ՝ շատ կարճ ժամանակահատված՝ 96 թվականին, մի քանի ամիս եղել եմ ԿԸՀ-ի իրավաբանական բաժնում, եւ իմ գործառույթը՝ որպես իրավաբան եւ ԿԸՀ անդամ, եղել է զուտ մասնագիտական, օրենքի եւ օրենսդրության շրջանակներում, եւ աշխատել եմ անել հնարավորը, որպեսզի էդ ոլորտում ամեն ինչ լավ լինի։ Ինչ վերաբերում է Հովակիմյանի առաջադրմանը՝ օրենքը, կարծում եմ, տեղյակ եք, բավականին լավ գիտեք՝ էդ իրավունքը վերապահվում է ԱԺ-ում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերին։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում