Հոկտեմբերի 3-ին մեզ հայտնի «Հավաստի աղբյուրը» գրեց «Հայկական ժամանակում», որ Ադրբեջանը մեզանից ուզում է Արցախի պաշտպանության բանակի լուծարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախի 0 ինքնավարությամբ, սահմանազատում՝ 1919-20 թվականների քարտեզներով (պարզ չէ, թե՝ որ), Հայաստանի տարածքով միջանցք (պարզ չէ թե ինչ կարգավիճակով): Անկախ այն բանից՝ ադրբեջանական կողմը կարձագանքի սրան, թե ոչ, ենթադրում եմ, որ իրենց ուզածը մոտավորապես դա է, եւ Ալիեւի՝ ավելի վաղ արված հայտարարությունները դրա ապացույցն են:
Հոկտեմբերի 4-ին նույն աղբյուրը նկարագրեց, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Ըստ հրապարակման՝ այդ երկիրն ուզում է, որ Հայաստանը մաս դառնա միութենական պետության կամ մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Եվ հենց այդ որոշումները մեզ պարտադրելու համար է, որ Ադրբեջանի ոտնձգությունները խրախուսվում են այդ երկրի կողմից: Թեեւ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հերքել է այդ պնդումները, ես հակված եմ մտածելու, որ դրանք մոտ են իրականությանը:
Բայց մի բան է, երբ այդ ամենն ասում է որեւէ մասնավոր անձ, մեկ այլ բան, երբ դա գրում է Հավաստի Աղբյուրը: Երկրորդ դեպքում դա դառնում է քաղաքականություն, եւ որքան էլ փոքր լինի մեր երկիրը, նման քայլերը պետք է դիտարկել տարածաշրջանում խոշոր խաղացողների շահերի համատեքստում: Դա թերթային բանավեճ չէ, դա Տեր-Պետրոսյանին հակահարված տալու ասպարեզ չէ, միջազգային քաղաքականության հանգուցային խնդիրներից մեկն է, եւ պահանջում է ավելի լրջմիտ մոտեցում:
Ենթադրենք՝ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, կա՞ արդյոք հաշվարկ, թե ինչ է դրան հետեւելու: Ենթադրենք՝ գազի գինը դառնում է միջազգային, կա՞ հաշվարկ, թե ինչպես են մենք այդ դեպքում կազմակերպելու մեր տնտեսությունն ու կենցաղը: Եթե այդ ամենը հաշվարկված է, ապա Ռուսաստանի հետ անհամաձայնությունների մասին պետք է խոսել բաց, առանց գրական կեղծանունների:
Կարդացեք նաև
Թե չէ՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ թերթում սենսացիա հրապարակելը եւ ընդդիմադիրների «պորտը տեղը դնելը» ավելի կարեւոր են, քան պետական հրատապ խնդիրները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան
Այս հոդվածի վերնագիրն անգամ բավական է հասկանալու համար, որ վարչապետի աթոռին հասած մարդը մնացել է թերթի լրագրողի մակարդակում: Իմ կարծիքով՝ վատ թերթի անհաջող լրագրող: Բայց իրականության մեջ այդ մարդն է մեզ ներկայացնում ու գնում ենք կործանում: