Բժիշկն ասում է՝ ծանրությունը ճիշտ բարձրացնելու դեպքում հնարավոր է խուսափել, ժողովրդի լեզվով ասած՝ ողնաշարի գրիժայից
«Մեջքս է ցավում» արտահայտությունը հաճախ ենք լսում։ Ընդ որում, նման գանգատներ են ունենում ոչ միայն միջին կամ բարձր տարիքի մարդիկ, այլեւ երիտասարդները նույնպես։ Պատճառներից կարող են լինել ողնաշարի հիվանդությունները, որոնք շատ տարածված են աշխարհում, Հայաստանն էլ բացառություն չէ։ Սկավառակի ճողվածքի հաճախականությունն աշխարհում կազմում է տարեկան մոտ 5-20 դեպք 1000 չափահասի հաշվով։ Այն առավել հաճախ հանդիպում է կյանքի երրորդից հինգերորդ տասնամյակում գտնվող մարդկանց մոտ: Առողջական այս խնդրի գրագետ բուժման կարեւորության մասին զրուցել ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար Արթուր Ամրոյանի հետ:
– Ի՞նչ է իրենից ներկայացնում միջողային սկավառակների ճողվածքը, որո՞նք են ախտանիշները:
– Միջողային սկավառակի ճողվածքները ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններից են, որոնք առաջանում են միջողային սկավառակի վնասվածքի կամ հյուսվածքափոխման պատճառով: Դրա հետեւանքով նախ գոյանում են տեղային ցավեր եւ եթե այդ գրիժան սեղմում է որեւէ նյարդարմատի, առաջանում է ստորին վերջույթի ճառագայթվող ցավ, ինչպես ժողովուրդն է ասում՝ ռադիկուլիտ եւ իշիաս:
– Ինչպե՞ս է իրականացվում բուժումը:
– Կախված ճողվածքի տեսքից, չափսից եւ նրանից, թե ճողվածքը վնասում է, այսպես կոչված՝ հետին երկայնական կապանը, բուժումը կարող է լինել դեղորայքային, ֆիզիոթերապեւտիկ կամ վիրահատական: Արդեն վիրահատական մեթոդները կարող են լինել տարբեր՝ բաց, լապարասկոպիկ կամ լազերային: Վիրահատությունների տարբերությունը տեխնիկական միջոցների կիրառման մեջ է, երեքն էլ նույն նպատակին են ծառայում՝ նյարդը ազատել ճնշվածությունից: Դեղորայքային բուժումը ներառում է ոչ ստերոիդ հակաբորբոքային խմբի դեղեր, B խմբի վիտամիններ, ցավազրկողներ, միորելքսանդներ (դեղորայք): Ֆիզիոթերապեւտիկ բուժումը մեծ խումբ է, որի մեջ մտնում են բազմաթիվ մեթոդներ՝ բուժական ֆիզկուլտուրա, կինեզոթերապիա, էլեկտրոֆարեզ, հոսանքով օգտագործվող այլ սարքեր եւ այլն: Կիրառվող բուժման մեթոդները ունեն խիստ, սահմանափակ ցուցումներ, որոնք պայմանավորված են հիվանդի հետազոտություններով, գանգատներով, հիվանդության առանձնահատկություններով: Այսինքն՝ եթե հիվանդին ցուցված է վիրահատական բուժում, նրան անիմաստ է դեղորայքային կամ ֆիզիոթերապեւտիկ բուժում նշանակել եւ հակառակը՝ ում պետք է բուժել, նրան պետք չէ վիրահատել: Ամենամեծ սխալն է զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ կան մի քանի հիվանդություններ, որոնք ունեն ինչ-որ տեղ միանման ախտանշաններ, բայց պահանջում են բոլորովին տարբեր բուժման մեթոդներ:
Կարդացեք նաև
– Խոսենք պատճառների մասին։ Ինչի՞ հետեւանքով կարող են առաջանալ հանրությանը հայտնի «դիսկի գրիժաները» եւ ի՞նչ կարող են անել մարդիկ հնարավորինս խուսափելու դրանցից:
– Երբեմն լինում են տրավմատիկ, այսինքն՝ վնասվածքի հետեւանք, բայց մեծամասնության դեպքում առաջանում են տարբեր անզգույշ շարժումներից, երկարատեւ նստակյաց աշխատանքից, հարկադրական դիրքերից, ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարելուց: «Դիսկի գրիժաները» հազվադեպ են լինում այն մարդկանց մոտ, ովքեր պատրաստված են եւ գիտեն, թե ծանրությունը ինչպես բարձրացնել: Ես չեմ հիշում դեպք, երբ ծանրորդների մոտ գրիժա լինի, որովհետեւ մարզիկը նրանց սովորեցրել է ինչպես բարձրացնել ծանրությունը, նույնը բանվորների դեպքում, ովքեր հմտացել են եւ գիտեն, թե ծանրությունը ինչպես է պետք բարձրացնել: Օրինակ՝ ծանրություն բարձրացնելուց պետք չէ կռանալ, մեջքը պետք է ուղիղ լինի եւ ծանրությունը բարձրացվի ոտքերի ուժի հաշվին, ոչ թե մեջքի:
– Արդյոք այս խնդրի դեպքում սեռատարիքային առանձնացված կազմ կա՞, թե՞ ոչ, ավելի շատ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են դիմում, ո՞ր տարիքային խմբի մասին է խոսքը:
– Ինչ վերաբերում է սեռատարիքային կազմին, ապա պետք է նշել, որ առանձնակի մեծ տարբերություն չկա, դիմում են թե կանայք, թե տղամարդիկ՝ մոտավորապես 48/52 տոկոս հարաբերակցությամբ: Իսկ տարիքային մասով պետք է նշել, որ ցավոք, ախտահարվում է ամենաաշխատունակ խումբը՝ 30-60 տարեկան մարդիկ, ինչը հանգեցնում է տարբեր ֆինանսական եւ սոցիալական խնդիրների:
– Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ միջողային սկավառակի ճողվածքի հիվանդությունն աչքաթող անելը, չբուժելը:
– Ճողվածքի ժամանակին չբուժելը կարող է հանգեցնել ընդհուպ հաշմանդամության՝ առաջացնելով ոտքերի թուլություն, քայլելու ֆունկցիայի խանգարում:
– Մինչեւ բժշկին դիմելը՝ ինչպե՞ս կարող է հիվանդը մեղմել վիճակը, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ եւ որո՞նք են այն հիմնական սխալները, որոնք անում են:
– Առհասարակ պետք է բացառել ինքնաբուժությունը, միայն կարելի է ցավազրկող ստանալ մինչեւ կհասնեք բժշկի մոտ, համապատասխան հետազոտություններ կանցնեք եւ կորոշի բուժման ընթացքը: Օրինակ՝ հարեւանի, բարեկամի, դեղատան աշխատակցի խորհրդով փորձել գրիժան ձգել-գցել տեղը, տաքացնել այդ հատվածը, ձգվել, եփած բանջարեղենով կոմպրեսներ անելը կամ էլ միզաբուժությամբ զբաղվելը բժշկության հետ կապ չունեն, դրանք կարող են վնաս հասցնել առողջությանը: Ճիշտ ախտորոշումը բուժման կեսն է, մինչեւ ինչ-որ բան բուժելը, նախ պետք է իմանալ ինչն ես բուժում:
Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.10.2022