Լրահոս
Օրվա լրահոսը

Անմեղության կանխավարկածի քրեադատավարական ինստիտուտը մեղադրյալին շնորհում է նաեւ հատուցում ստանալու եւ իր իրավունքների վերականգնմանն ուղղված երաշխիքներ

Հոկտեմբեր 05,2022 13:00

Քրեադատավարական նոր օրենսդրությունը արդարացվածին ոչ միայն պաշտպանում է նրա նկատմամբ ոչ իրավաչափ որոշումներից, այլեւ հենց քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ այնպիսի խնդրահարույց ձեւակերպումների հանդիպելուց, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա անմեղությունը։ «Առավոտի» իրավական էջը ներկայացնում է «ԱՀԱՐՈՆՅԱՆ ԼՈ ՖԻՐՄ» ֆաստաբանական գրասենյակի հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանի «Դատական իշխանություն» ամսագրում լույս տեսած «Անմեղության կանխավարկածը՝ որպես արդար դատաքննության իրավունքի հիմնարար բաղադրատարր» գիտական հոդվածը:

Իրավագիտության մեջ անմեղության կանխավարկածն անցել է զարգացման երկար պատմություն եւ ուսումասիրվել է առավելապես որպես քրեական դատավարության սկզբունք: Եվ այս հանգամանքը պատահական լինել չի կարող։ Պատճառներից հիմնականն այն է, որ անմեղության կանխավարկածը պատմական իր ամբողջ զարգացումն անցել է՝ առավելապես դիտարկվելով որպես քրեական դատավարության սկզբունք: Ըստ առանձին հեղինակների՝ անմեղության կանխավարկածն առաջին անգամ ամրագրվել է 1215 թվականին Անգլիայի «Ազատությունների մեծ խարտիայի» 39-րդ հոդվածում: Առավել ընդունված է այն մոտեցումը, որ նշված սկզբունքի օրենսդրական առաջին ընդհանուր ձեւակերպումը տրվել է 1789 թվականի օգոստոսի 26-ին ընդունված «Մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների մասին» ֆրանսիական հռչակագրի 9-րդ կետում: Բոլոր դեպքերում այս երկու փաստաթղթերում անմեղության կանխավարկածը կամ դրա դրսեւորումները վերաբերել են քրեական դատավարությանը:

Բացի դրանից՝ անմեղության կանխավարկածը Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթերում նույնպես ձեւակերպված է որպես քրեական դատավարության սկզբունք: Հատկանշական է, որ իրավական մտքի պատմության մեջ անմեղության կանխավարկածի գաղափարն առաջին անգամ վկայակոչել է ականավոր հրապարակախոս, իրավագետ Չեզարե Բեկարիան։ Վերջինս իր «Հանցագործությունների եւ պատիժների մասին» (1764 թ.) աշխատության մեջ ընդգծում է հանցագործության մեջ կասկածվող անձին մեղադրելու անթույլատրելիության մասին՝ նշելով, որ անձի մեղավորությունը կարող է ապացուցվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ըստ նրա՝ անձը, որի մեղավորությունը հաստատված չէ օրինական ուժ ստացած դատավճռով, չպետք է զրկվի հասարակության հովանավորությունից։ Նշենք նաեւ, որ անմեղության կանխավարկածն ամրագրված է Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթերում (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդված, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Մարդու իրավունքների եւ հիմարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան։ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 11-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ըստ օրենքի՝ հրապարակային դատաքննությամբ:

Նմանօրինակ նորմ նախատեսված է «Քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասում. «Քրեական հանցագործության մեջ յուրաքանչյուր մեղադրվող իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով»։ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի Եվրոպական համաձայնագրի (Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան: ՄԻԵԴ-ը «Բարբերան, Մեսեգեն եւ Ջաբարդոն ընդդեմ Իսպանիայի գործով» վճռում, անմեղության կանխավարկածի հարցին անդրադառնալիս, իրավական դիրքորոշում է ձեւավորել այն մասին, որ (…) 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Այն պահանջում է, ի թիվս այլոց. «իրենց պարտականությունները կատարելիս դատարանի անդամները չպետք է ունենան կանխակալ կարծիք առ այն, որ մեղադրյալը կատարել է մեղսագրվող արարքը, ապացուցման պարտականությունը պետք է կրի մեղադրանքի կողմը, եւ ցանկացած կասկած պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի»:

Անմեղության կանխավարկածի սկզբունքի վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի պահանջներն իրեց արտացոլումն են ստացել տարբեր տարիներին փոփոխված ՀՀ Սահմանադրությունում եւ քրեադատավարական օրենսդրությունում։ 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության մեջ եւս ամրագրվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Ըստ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի՝ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ գործող օրենսդրությունում անմեղության կանխավարկածը շարունակվում է դիտվել որպես քրեական դատավարության ճյուղային սկզբունք, քանի որ անմեղության կանխավարկածի ընդհանուր ձեւակերպումը, ՀՀ Սահմանադրությունից բացի, ամրագրված է միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: 1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը վերաբերում է անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Հիշյալ հոդվածի 1-ին մասում նշված է. «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։ Ներկայումս անմեղության կանխավարկածը՝ որպես քրեական դատավարության հիմնարար սկզբունք եւ սահմանադրական երաշխիք, համարվում է արդար դատաքննության իրավունքի անբաժան բաղադրատարրը, եւ, ըստ էության, գործում է քրեական դատավարության բոլոր փուլերում՝ մինչեւ դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Անմեղության կանխավարկածի սկզբունքն այն արժեքներից է, որը կոչված է ապահովելու քրեական արդարադատության ոլորտում կասկածյալի եւ մեղադրյալի իրավունքների պաշտպանությունը։ Անմեղության կանխավարկածի վերաբերյալ միջազգային փաստաթղթերում, ՀՀ Սահմանադրության մեջ, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված ձեւակերպումները թեեւ բովանդակային առումով նույնական են, սակայն գաղափարական իմաստով՝ իրավաընկալման տեսակետից տարբերվում են։

Մասնավորապես, նկատենք, որ միջազգային փաստաթղթերում անմեղության կանխավարկածի գաղափարը հիմնականում կապվում է օրենքով սահմանված կարգով անձի մեղավորությունն ապացուցված լինելու հանգամանքի հետ, մինչդեռ ՀՀ օրենսդրության մեջ խորհրդային իրավունքից դեռ ժառանգվել է եւ քարացած է այն մոտեցումը, որ անմեղության կանխավարկածի քրեադատավարական սկզբունքը կապվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անձի մեղավորությունը հռչակելու հետ։ Ըստ էության, անմեղության կանխավարկածի վերաբերյալ վերը թվարկված օրինակների միջեւ էական բովանդակային տարբերություն չկա, քանի որ անմեղության կանխավարկածը (սահմանադրորեն ամրագրված երաշխիք է) հռչակված է որպես՝ արդար դատաքննության իրավունքի կարեւորագույն բաղադրիչ։ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական դատավարության օրենսգրքում՝ 17-րդ հոդվածում, օրենսդիրը ամրագրել է անմեղության կանխավարկածի սկզբունքը առավել լայն ձեւակերպմամբ՝ հաշվի առնելով նաեւ ՄԻԵԴ մի շարք դատական ակտերով արտահայտած իրավական դիրքորոշումները։

Ըստ վկայակոչված 17-րդ հոդվածի՝ օրենսդիրը ապացուցված անմեղությունը հավասարազոր է դիտարկել չապացուցված մեղավորությանը։ Չնայած սրան՝ այս սկզբունքն առանձնանում է այնպիսի կարեւոր հատկանիշներով, ինչպիսիք են, օրինակ, մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնին ցույց տալ որեւէ աջակցություն, մեղադրյալի անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել նաեւ նրա պաշտպանի, օրինական ներկայացուցչի, գույքային պատասխանողի եւ նրա ներկայացուցչի վրա, մեղադրանքի ապացուցման եւ ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկների հերքման պարտականությունը հանրային քրեական հետապնդման դեպքում կրում է դատախազը, իսկ մինչդատական վարույթում` նաեւ քննիչը, իսկ մասնավոր քրեական հետապնդման դեպքում այդ պարտականությունը կրում են տուժողը եւ նրա ներկայացուցիչը:

Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր ողջամիտ կասկածները, որոնք չեն փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: Այս հատկանիշներն ուղղակի ամրագրված էին ՀՀ Սահմանադրության 1995 թվականի եւ 2005 թվականի խմբագրությունում, որոնք այս սկզբունքը դարձնում են առավել ամբողջական։

Ի տարբերություն վերը նշվածի՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածում՝ այս սկզբունքը ստացավ հետեւյալ կարգավորումը՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։ Նշված սահմանադրական կարգավորումից չեզոքացվեցին անմեղության կանխավարկածի սահմանադրաիրավական կարեւորագույն բաղադրիչները, որոնք հանցագործության մեջ ենթադրյալ մեղադրվող անձի՝ իր պաշտպանությունը կառուցելու հիմնասյուներն էին, ինչի արդյունքում նահանջեց անմեղության կանխավարկածի համակարգային գաղափարը՝ հանցագործության մեջ մեղադրվողի կողմից անհիմն մեղադրանքներից պաշտպանվելը։

Հայ իրավագետների մի խումբ գտնում է, որ անմեղության կանխավարկածը մեղադրյալի օբյեկտիվ կարգավիճակն է, ինչը ենթադրում է՝

  • անձն անմեղ է համարվում պետության կողմից, չնայած առկա են նրա կողմից հանցագործություն կատարելու կասկածներ, կամ նրան մեղադրանք է առաջադրվել,
  • մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ անձին անմեղ համարելու պարտականությունը կախված չէ կասկածյալի կամ մեղադրյալի մեղավորության վերաբերյալ քրեական վարույթ իրականացնող մարմի կարծիքից կամ ներքին համոզմունքից,
  • դատավորն իր պարտականությունները կատարելիս չպետք է ելնի այն համոզմունքից, որ մեղադրյալը կատարել է հանցագործություն,
  • հանցագործության մեջ մեղադրվելու կապակցությամբ անձի իրավունքների սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակներին։

Նման սահմանափակումները չեն կարող լիարժեք լինել քրեական պատժին։ Սույն հոդվածում ցանկանում ենք անդրադառնալ նաեւ այն հարցին, որ թեեւ ՀՀ օրենսդրությամբ անմեղության կանխավարկածի սկզբունքը առավելապես կապված է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետ, սակայն մինչդատական քրեական վարույթի ժամանակ քրեական հետապնդումը դադարեցնելը եւս անշեղորեն կապված է անմեղության կանխավարկածի սկզբունքի էական բաղադրիչ հանդիսացող «մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր ողջամիտ կասկածները, որոնք չեն փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի» օրենսդրորեն ամրագրված հիմարար իրավունքի հետ։ 2022 թվականին ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածում ամրագրված է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սպառիչ դեպքերը։

Նշված հոդվածի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են։ Այլ կերպ ասած՝ արդարացված մեղադրյալին ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրվելու է հատուցում, ինչպես նաեւ նրա իրավունքների վերականգնում։ Ասվածը վկայում է այն մասին, որ անմեղության կանխավարկածն անձին պաշտպանում է ոչ թե քրեական հետապնդման այն հիմքից, որը կասկած է հարուցում անձի` կոնկրետ ենթադրյալ հանցագործությանը մասնակից լինելու մասով, այլ այնպիսի քրեադատավարական որոշումերից կամ դրանցում արտացոլված այնպիսի խնդրահարույց ձեւակերպումերից, որպիսի պայմանները հնարավորություն կտան կասկածի տակ դնել անձի արդարացումը կամ անմեղությունը։

Թեպետ նոր է ընդունվել ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը եւ իրավակիրառ պրակտիկային հարկավոր է ժամանակ քրեադատավարական օրենսդրության խնդիրները վեր հանելու համար, սակայն նկատենք, որ քրեական դատավարության օրենսգրքի իմպերատիվ պահանջի համաձայն՝ արդարացված մեղադրյալին, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, տրվելու է հատուցում, ինչպես նաեւ նրա իրավունքների վերականգնում։

Այդուհանդերձ, քրեադատավարական նոր օրենսդրությունը արդարացվածին ոչ միայն պաշտպանում է նրա նկատմամբ ոչ իրավաչափ որոշումներից, այլեւ հենց քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ այնպիսի խնդրահարույց ձեւակերպումների հանդիպելուց, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա անմեղությունը։ Մասնավորապես, 2022 թվականին ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հիմքերով քրեական հետապնդում չհարուցելիս կամ այն դադարեցնելիս որոշման մեջ չպետք է տրվեն այնպիսի ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում անձի անմեղությունը»։ Նմանօրինակ կարգավորում նախատեսվել էր նաեւ 1999 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածում, որի 5-րդ մասի համաձայն` օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով եւ 2-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը հիշատակված հոդվածները, հանգում ենք եզրակացության, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է պաշտպանություն այն դատավարական ակտերի դեմ, որոնք խնդրահարույց ձեւակերպումների հիմքով կարող են կասկածի տակ առնել անձի արդարացումը կամ անմեղությունը, ուստի տվյալ պարագայում գտնում ենք, որ չի կարող նահանջել անձի անմեղության կանխավարկածը։ Դրանից բացի, հարկ է անդրադառնալ նաեւ փաստերի կանխավարկածներին, մասնավորապես, նոր քրեադատավարական օրենսգիրքը սահմանում է, որ եթե քրեական վարույթի ընթացքում հակառակը չի ապացուցվում, ապա ապացուցված է համարվում փաստը, որը մեղադրյալին հայտնի է կամ պետք է հայտնի լիներ՝ որպես նրա բացառիկ իրազեկության հանգամանք: Այս նորմն, ըստ էության, ապացուցման բեռը տեղափոխում է պաշտպանության կողմի վրա՝ ինչ-որ կերպ նաեւ բացառություն սահմանելով անմեղության կանխավարկածից։ Քրեական գործի շրջանակում անմեղ համարվելու անձի իրավունքը եւ նրան ներկայացված մեղադրանքի ապացուցման բեռը կրելու դատախազության համար սահմանված պահանջը բացարձակ չեն, քանի որ քրեական իրավունքի ցանկացած համակարգում գործում են փաստի կամ իրավունքի կանխավարկածներ, որոնք Կոնվենցիան սկզբունքորեն չի արգելում։

Այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի 2-րդ կետով պետություններից պահանջում է այդ կանխավարկածները սահմանափակել ողջամիտ շրջանակով, որում հաշվի կառնվի խնդրի կարեւորությունը պաշտպանության կողմի համար եւ պաշտպանության կողմի իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, անմեղության կանխավարկածը որպես՝ արդար դատաքննության հիմարար բաղադրատարր, նոր քրեական դատավարության օրենսգրքում մեղադրյալին շնորհել է այնպիսի հիմնարար իրավունքներով, ինչպիսիք են՝ պաշտպանությունը ոչ իրավաչափ որոշումներից, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ այնպիսի խնդրահարույց ձեւակերպումների հանդիպելուց, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա անմեղությունը։ Այնուամենայնիվ, արժանի ենք համարում շեշտել, որ անմեղության կանխավարկածի քրեադատավարական ինստիտուտը մեղադրյալին շնորհում է նաեւ հատուցում ստանալու եւ իր իրավունքների վերականգնմանն ուղղված երաշխիքները։

«Առավոտ» օրաթերթ
04.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31