Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոման Սիմովիչը զուգահեռներ տարավ Պրոկոֆեւի եւ Հարությունյանի ջութակի կոնցերտների ստեղծման միջեւ

Հոկտեմբեր 05,2022 12:00

Ըստ ճանաչված ջութակահարի, Պրոկոֆեւը գործել է ֆանատների առաջարկով, իսկ Հարությունյանը՝ ամբողջ մի ազգի

Օրերս Երեւանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ջութակահար Ռոման Սիմովիչը (Մեծ Բրիտանիա/Չեռնոգորիա) հանդես եկավ ջութակի համաշխարհային գրականության նմուշներից Պրոկոֆեւի ջութակի թիվ 2 կոնցերտի մեկնաբանությամբ։ Արվեստագետը վաղուց հայտնի է աշխարհում, այդ թվում՝ հայ հանդիսատեսին. ոչ վաղ անցյալում նա Երեւանում, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Ալեքսանդր Հարությունյանի ջութակի կոնցերտը։ Մեզ հետ զրույցում էլ հավաստիացրել էր, թե 1989թ. կոմպոզիտորի ստեղծած երկը, որը գրված է ավանդական եռամաս կոնցերտի ժանրում ու նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, այնչափ է գրավել իրեն, որ որոշել է ներառել իր երկացանկում։ Նշենք, որ կոնցերտի առաջին կատարողը Ռուբեն Ահարոնյանն էր, 1989թ.։ Եվ քանի որ Ռոման Սիմովիչը այս անգամ հյուրընկալվել էր Երեւանյան միջազգային փառատոնին, նշենք, որ ջութակահարը նաեւ հայտնի փառատոների պահանջված արտիստ է, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր», Մոսկվայի Զատկի փառատոն, Դուբրովնիկի Ամառային փառատոն, Մոնտենեգրոյի Kotor Art, Սերբիայի BEMUS & NOMUS, Շվեյցարիայի Sion-Valais, Նորվեգիայի Bergen, Ռուսաստանի «Ռուսական ձմեռ», Իտալիայի Portogruaro, Իսպանիայի Granada Music եւ այլն։ Երեւանյան միջազգային փառատոնին առաջին անգամ մասնակցող երաժիշտը նշեց, որ տարբեր փառատոնային ծրագրերում, տարբեր նվագախմբերի հետ ելույթ է ունեցել Վալերի Գերգիեւի, Անտոնիո Պապանոյի, Դանիել Հարդինգի, Զանանդրեա Նոզեդայի, Քրիստիան Յարվիի, Նիկոլայ Զնայդերի, Մարկ Էլդերի, Ջոն Վիլսոնի եւ այլ ճանաչված դիրիժորների հետ, հավաստիացնելով, որ մի այլ հաճույքով է ընդունել մեր ֆիլհարմոնիկի հրավերը։

Ռոման Սիմովիչը՝ ֆիլհարմոնիկի հետ ելույթի պահին։

«Պրոկոֆեւի ջութակի թիվ 2 կոնցերտը կոմպոզիտորի արտասահմանյան շրջանի վերջին խոշոր ստեղծագործությունն է, եթե չեմ սխալվում՝ Ալեքսանդր Հարությունյանի կոնցերտն էլ նրա եթե ոչ ամենավերջին, ապա վերջին ստեղծագործություններից է։ Ուսումնասիրելով հայ եւ ռուս կոմպոզիտորների ուղին, ինձ համար պարզեցի, որ նրանց վերջին գործերը կարծես ստեղծագործական կյանքի հանրագումարը լինեն։ Չեմ կարծում, որ կարիք կա ձեզ ներկայացնել Հարությունյանի կոնցերտը, բայց Պրոկոֆեւի գործի մասին հայ հանդիսատեսին տեղեկացնեմ, որ կոմպոզիտորը կոնցերտում շարունակեց նոր քնարական մեղեդիների որոնումները, որոնք դրված էին նրա «Անառակ որդին» եւ «Դնեպրի վրա» բալետներում, որոնք էլ ավելի լիարժեք կմարմնավորվեին «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետում։ Եթե պարզ է Հարությունյանի՝ կոնցերտը գրելու շարժառիթը, ապա հետաքրքիր է, որ Պրոկոֆեւը կոնցերտը գրել է իր մի խումբ երկրպագուների առաջարկով,- ասաց մեր զրուցակիցն ու մանրամասնեց,- 1935թ. ֆրանսիացի ջութակահար Սեթանսի մի խումբ մոլի երկրպագուներ դիմում են Պրոկոֆեւին՝ իրենց կուռքի համար ջութակի կոնցերտ գրելու խնդրանքով։ Նվիրվածության, գնահատման այդ արտահայտությունը հուզում է կոմպոզիտորին եւ միաժամանակ տարբեր ժանրերում ստեղծագործող Պրոկոֆեւը մի քանի ամիս թողնում է ամեն ինչ՝ իրեն նվիրելով կոնցերտի ստեղծմանը։ Եվ մեկ տարի էլ չանցած՝ 1935թ. դեկտեմբերին Մադրիդում Սեթանսի մեկնաբանմամբ կայանում է կոնցերտի պրեմիերան»։

Ջութակահարը՝ իր վարպետության դասերին մասնակցած
հայ երաժիշտների հետ։

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ բազմիցս է կատարել այս կոնցերտը՝ տարբեր դիրիժորների ու նվագախմբերի հետ, բայց մեր ֆիլհարմոնիկի, մասնավորապես՝ մաեստրո Թոփչյանի մեկնաբանությունը, իր խոսքերով՝ «ինձ համար նորություն էր կոնցերտի մեղեդիների էլ ավելի քնարական մատուցումը, այսինքն՝ այնպես, ինչպես Պրոկոֆեւն էր պատկերացնում։ Վերեւում ասացի, որ կոնցերտում կոմպոզիտորը շարունակեց նոր քնարական մեղեդիների որոնումները հայտնի բալետներից հետո»։

Հարցին՝ Հարությունյանի ջութակի կոնցերտը՝ իր խոստման համաձայն, հնչեցրե՞լ է որեւէ երկրում, Ռոման Սիմովիչը շեշտեց, որ հիշում է խոստումը, բայց առայժմ չի կատարել, քանի որ փառատոների հրավերները ստացվում են մեկ կամ մեկուկես տարի առաջ, իսկ հայ հեղինակի կոնցերտը ինքը կատարել է վերջերս։ Անդրադառնալով Պրոկոֆեւի եւ Հարությունյանի ջութակի կոնցերտներին, արվեստագետը մի միտք էլ արտահայտեց. «Եթե Պրոկոֆեւի կոնցերտը գրվեց մի խումբ ֆանատների առաջարկով, խնդրանքով, ապա Հարությունյանի դեպքում դա մի ամբողջ ազգի մխիթարանքի արտահայտություն էր»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31