Դրա հետեւանքով փոխվել է քաղաքականության բուն իմաստը
Ռուսաստանյան հասարակությունը բաժանված է երկու մասի. մտածող մարդիկ, որոնք այդ հսկայական երկրում քիչ չեն, եւ հիմնական զանգվածը, որը շարունակում է հավատալ այն քարոզչությանը, որը հեռուստացույցով մատուցվում է Կրեմլի քարոզիչների կողմից: Հայաստանյան հասարակությունը նույնպես պառակտված է, բայց երեք մասի. 1/ մտածող մարդիկ, որոնք մեր փոքր երկրում այնքան էլ շատ չեն, 2/ նրանք, ովքեր անվերապահ հավատում են ընդդիմադիր քարոզչությանը՝ «թուրք», «դավաճան» թեմայով, 3/ հիմնական զանգվածը, որը հավատում է ֆեյսբուքում աշխատող Փաշինյանի քարոզիչներին:
Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնորդները հավատում են դավադրություններին, բայց ամեն մեկն իր «չարքերն» ունի: Պուտինին թվում է, թե ինքը շրջապատված է չարամիտ անգլոսաքսերով, ուխտադրույժ ՆԱՏՕ-ով եւ «կոլեկտիվ Արեւմուտքով», որոնց ուշքն ու միտքն իր երկիրը կործանելն է: Փաշինյանին թվում է, որ ինքը 4 տարի հրաշալիորեն ղեկավարում է երկիրը, որ այդ իր անզուգական աշխատանքի արդյունքում ամեն ինչ հոյակապ է, իսկ ահա նրանք, ովքեր դրանում դույզն ինչ կասկածում են, պարզապես ծառայում են «նախկիններին» եւ երազում են նրանց վերադարձի մասին: 2018 թվականի հեղափոխական էյֆորիան Երեւանում եւ 2022 թվականի հոկտեմբերին կայսրական էյֆորիան Կարմիր հրապարակում (դերասան Օխլոբիստինի գոռգոռոցներով) որքան էլ տարբեր լինեն, իրեն բնույթով նման են. ատելության եւ թշնամանքի սերմանում, զանգվածային փսիխոզ՝ երեւույթներ, որոնք սովորաբար ավարտվում են պարտությամբ:
Իրենց լիդերների հոգեբանական շեղումներին համապատասխան՝ աշխատում են նաեւ քարոզիչները: Սոլովյովն իր «քննարկումների» ընթացքում 8 տարի շարունակ «զգետնում» է «կոլեկտիվ Արեւմուտքին» եւ «նրան ծախված» Ուկրաինային: (Ի դեպ, դա ի՞նչ բանավեճ է, երբ բոլորը նույն բանն են գոռում): Մեր քարոզիչներն էլ ունեն իրենց մշտական թեման՝ նախկին թալանչիները, որոնք 2018 թվականին այնպիսի վիճակի էին հասցրել երկիրը, որ Փաշինյանը ոչինչ չէր կարող անել: Վերջին ամիսներին այդ թեզին, որպես «օժանդակ թեմա», ավելացել է եւս մեկը՝ «5-րդ շարասյան», «Կրեմլի գործակալական ցանցի» եւ «Պուտինի լրտեսների» դավադրության: Թեման, բնականաբար, պայմանավորված է Ռուսաստանի, մեղմ ասած, ոչ բարեկամական կեցվածքով մեր երկրի հանդեպ: Մի խոսքով, քարոզիչների խնդիրն է զարգացնել դավադրության այն տեսությունները, որոնց հավատում են երկրի առաջին դեմքերը:
Կարդացեք նաև
Բայց վերլուծելու տեսանկյունից հետաքրքիր է, թե ինչու են մեր ժամանակները ծնում հենց այդ տեսակի գործիչներին եւ քարոզիչներին՝ ոչ միայն Հայաստանում եւ Ռուսաստանում: Հասկանալու համար դիմենք ամերիկացի փիլիսոփա Հաննա Արենդտին, որը դեռեւս 1960-ական թվականներին դիտարկում էր տոտալիտարիզմի ակունքները (նրա հիմնական աշխատություններից մեկը հենց այդպես էլ կոչվում էր): Տոտալիտարիզմի ձեւավորման նախապայմանններից մեկը փիլիսոփան համարում էր սոցիալական եւ քաղաքական սթրատիֆիկացիայի (բաժանման) քայքայումը, երբ դասակարգերի եւ սոցիալական հստակ ձեւավորված այլ խմբերի փոխարեն ի հայտ է գալիս անորոշ զանգվածը: «Որպես հետեւանք, – նշում է Արենդտը, – նախկինում «քնած» մեծամասնությունները համակվում են բացասական համերաշխությամբ, որը սնում է հակահամակարգային տրամադրությունները: Նման իրավիճակը սրվում է ճգնաժամերի եւ ցնցումների ժամանակաշրջաններում»:
Երբ որոշակի շահերի շուրջ համախմված խմբեր չկան, եւ որպես քաղաքականության «հասցեատեր» հանդես է գալիս զանգվածը, դա հիմնովին փոխում է բուն քաղաքականության իմաստը: Այլեւս որեւէ նշանակություն չունեն այն ծրագրերն ու գաղափարները, որոնք առաջ է քաշում այս կամ այն կուսակցությունը: Ցույց տանք դա կրկին հայաստանյան օրինակով:
Ասացեք խնդրեմ, քվեարկող զանգվածից որեւէ մեկը կարդացե՞լ է 2021 թվականի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ գրված է, որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ կարգավիճակը կարող է որոշվել «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Եթե կարդացել է, արդյոք առաջնորդվե՞լ է այնտեղ գրված դրույթներով՝ ընտրություն կատարելիս: Որեւէ մեկը, որ քվեարկել է ՔՊ-ի օգտին, ակնկալո՞ւմ էր, որ այդ ծրագիրն իրականացվելու է: Բնականաբար, այդ հարցերի պատասխանները բացասական են: Ինչի՞ մասին է դա խոսում: Որ գոյություն չունի կուսակցություն, որը ներկայացնում է այս կամ սոցիալական խմբի շահերը, որովհետեւ, մյուս կողմից, գոյություն չունեն նաեւ այդ խմբերը: Հակառակ դեպքում դրանք կհետաքրքրվեին, թե կառուցողական տեսակետից ինչ է տվյալ քաղաքական ուժն առաջարկում, ու խստորեն կհետեւեին, որ այդ կուսակցությունն առաջ գնա հենց այդ ուղղությամբ: Բայց դրա փոխարեն կա զանգված, նրան ցույց են տալիս մուրճը, որով զարկելու են բոլոր «վատ մարդկանց» գլխին, եւ այդքանն ընտրազանգվածին միանգամայն բավարար է:
Հարցին մոտենանք այլ կողմից: Պատկերացրեք այսպիսի մի վիճակ: Վարչապետը հանդիպում է խորհրդարանական մեծամասնություն հետ եւ հայտարարում է, որ Հայաստան պետությունը լուծարվում է եւ մտնում է Թուրքիայի կազմի մեջ որպես «Արեւմտյան վիլայաթ»: Դուք կասկածո՞ւմ եք, որ մեծամասնությունը միահամուռ կպաշտպանի այդ ծրագիրը, Ազգային ժողովում բոցաշունչ ճառեր կարտասանի՝ հիմնավորելով, որ այն ուղղված է նախկին կոռումպացված համակարգի դեմ եւ, ընդհանրապես, Հայաստանը Թուրքիայի վիլայաթ դարձնելը որոշված էր դեռեւս 1991 թվականին: Սոցցանցերում էլ իշխանության քարոզիչները կապացուցեն, որ նման ծրագրի իրագործմանը խանգարում է միայն «5-րդ շարասյունը» եւ «գործակալական ցանցը»: Խնդիրն այստեղ ոչ միայն կարիերիզմն է կամ կոնֆորմիզմը: Խնդիրն այն է, որ ինչպես հասարակության մեջ, այդ քաղաքական ուժերի մեջ էլ չկան գաղափարական այն առանցքները, որոնց շուրջ հնարավոր է լուրջ խոսակցություն ծավալել: Այդ պայմաններում մեծամասնությանը, զանգվածին կարելի է «կերցնել» ամեն ինչ՝ սկսած «ծովից ծով Հայաստանից»՝ վերջացրած Թուրքիայի մաս դառնալով:
Ահա այդ պարագայում է, որ ցանկացած «իզմ» կորցնում է իմաստը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.10.2022
I would rank this article in the Editor’s top 5 analysis pieces. One that is a must read.
Mr. Abrahamyan, the diaspora’s educated classes don’t read Armenian well and get most of their Armenia related news by other diasporans living in Armenia who mostly write simplistic articles with a purely western lens (democracy building, progress, human rights, animal rights, peace, corruption, fair elections, Russia is bad, etc) or Russian lens (the opposite). I know there are translations of your articles already but to be frank the level of said translation is mediocre. Your articles should be translated by native English, French, Spanish (or other) speakers for communities that live with those languages, that speak those as a first/native language. I’m sure finding volunteers is not impossible.
Thank you Aha
I , former Pediatric doctor ,living in NY. will always be grateful for the amazing work of Aram Abrahamyan.
By nature, I am someone who hews to the middle . But now I must to hear all sides of a story.
He is a gem