«Ձեզ համար ո՞րն է կարևոր՝ ադրբեջանական գա՞զը, թե՞ հայկական արյունը»,- ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հարցադրումների ժամանակ Ժոզեպ Բորելին հարցրեց Եվրոպական խորհրդարանի անդամ Ժոդան Բադելան։
Նա, շարունակելով իր ելույթը, հայտարարեց․ «Իհարկե, ես գիտեմ այս հարցի պատասխանը, քանի որ Եվրահանձնաժողովի նախագահը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահի հետ, որը նախատեսում է կրկնապատկել Ադրբեջանից Եվրոպա գազի ներկրումը։ Մենք օրեր առաջ տեսանք, թե ինչպես են ադրբեջանական զինվորները գնդակահարում հայ զինծառայողներին։ Այս ամենն աչքի առաջ ունենալով՝ մի՞թե Եվրոպան անկարող է կոնկրետ որոշումներ կայացնել և գործողությունների դիմել։ Կամ արդյոք ընդունելի՞ է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վարքագիծը, որն աջակցում է Ադրբեջանին։ Դրա մասի՞ն ինչ կասեք։ Մեր աչքի առաջ վառվում է Հայաստանը, մինչդեռ մենք այլ կողմ ենք նայում»։
Ի պատասխան Ժոզեպ Բորելը հայտարարեց․ «Ես Ձեր խոսքում չլսեցի հարց, որն արժանի կլիներ պատասխանի, որովհետև գազի և արյան համեմատությունը անհեթեթություն է։ Սա մի հարթակ է, որտեղ մենք պետք է քննարկենք լուրջ հարցեր, և որոնց ես կարող եմ լրջորեն պատասխանել»։
Կարդացեք նաև
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ հարցուպատասխանի ժամանակ Եվրոպական խորհրդարանի բոլոր անդամները դատապարտեցին Ադրբեջանին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար։
Եվրախորհրդարանի` Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Փիթեր վան Դալենն այս առիթով հայտարարեց․ «Սա քաղաքական հարթակ է, և մենք ուզում ենք տեսնել առանձնահատուկ քաղաքական գործողություններ, ոչ թե միայն լավ խոսքեր։ Ադրբեջանն ագրեսոր է, և մենք չենք պատրաստվում նրանց կանգնեցնել միայն քաղաքական երկխոսությամբ։ Մենք ագրեսորին կարող ենք կանգնեցնել միայն հստակ գործողություններով։ Օրինակ՝ դա կարող է լինել գազային պայմանագիրը դադարեցնելը կամ գոնե այս ժամանակահատվածում այն սառեցնելը։ Մենք նրանց չենք կարող միայն հայտարարություններով կանգնեցնել»։
Ժոզեպ Բորելը հարցրեց՝ ո՞րն է Ձեր հարցը ու շարունակեց․ «Եթե Դուք նկատի ունեք մեր կամքը՝ դադարեցնելու հետ կապված, ապա կարծում եմ՝ ոչ»։
Պատվիրակներից Կոստաս Մովրիդիսն էլ, դատապարտելով Ադրբեջանին, ասաց․ «Սեպտեմբերի 12-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը ռազմական հարձակում են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ յոթ ուղղություններով։ Սա ագրեսիա է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ։ Արդյոք դուք պատրա՞ստ եք քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ իրականացնելու հարցը»։
Ժոզեպ Բորելը պատասխանեց՝ իմ տեղեկություններով՝ ոչ մի անդամ երկիր այդ հարցը սեղանին չի դրել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ