Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր են հայտնաբերվել. «Ալիք Մեդիա»

Հոկտեմբեր 04,2022 23:45

«Ալիք Մեդիա». Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցի կենտրոնում` հողային աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել են բազալտե տապանաքարեր առանց գրությունների։ Այսօր արդեն հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր:

Հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ներկայիս մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ դպրոցի տարածքում 14-րդ դարից ի վեր գտնվել է վիրահայոց թեմի ամենակարևոր առաջնորդանիստ եկեղեցին, որ օծված էր «Սուրբ Աստվածածին» անվամբ, բայց ամբողջ համալիրը կոչվել է «Վանքի մայր տաճար» կամ «Վանքի եկեղեցի»:

«Դա եռագմբեթ հսկայական շինություն է եղել, առանձին զանգակատնով. շուրջբոլորը եղել են կրթական, մշակութային կենտրոններ: Եվ հենց այստեղ է հիմնադրվել հայկական ամենահայտնի դպրոցներից՝ Ներսիսյան դպրոցը»,- ասում է Չիդիլյանը:

Նրա խոսքով, արդեն կոմունիստական անաստվածության տարիներին, երբ ոչնչացվում էին տասնյակ հազարավոր եկեղեցիներ՝ ոչնչացվել է նաև «Թիֆլիսի Վանքի մայր տաճարը»:

Ըստ հասարակական գործչի, հայտնաբերված տապանաքարերի մասին արդեն տեղյակ են մշակույթի նախարարությունում: Չիդիլյանի խոսքով, սպասվում է, որ աշխատանքների ընթացքում նոր նմուշներ ևս կհայտնաբերվեն:

«Այս պահին հայտնաբերվել է նաև 2 դամբարան, որտեղ ոսկորներ կան: Երեկ տեղում հանդիպում է կայացել վիրահայ թեմի առաջնորդ հայր Կիրակոս Դավթյանի, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթի և մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանիի հետ. որոշում է կայացվել հայկական եկեղեցու ավանդույթներով գտածոները վերադարձնել հայ համայնքին»,- ասում է հասարակական գործիչը:

Չիդիլյանը նկատում է՝ այդ տարածքում դեռ շատ մասունքներ և տապանաքարեր կգտնվեն, քանի որ Վանքը, բացի կրթական, կրոնական կենտրոն լինելուց, նաև ազգային պանթեոն է եղել:

«Այստեղ են թաղված եղել Ալեքսանդր Մանթաշյանը՝ իր կնոջ հետ, գեներալներ Հակոբ Ալխազովը, Արշակ Տեր-Ղուկասովը, հասարակական գործիչներ Աբգար Հովհանիսյանը («Արձագանք» թերթի հիմնադիր, խմբագիր), Պետրոս Սիմոնյանը («Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր), վիրահայ թեմի առաջնորդներ Գաբրիել Այվազովսկին (Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրը) և այլն, նաև Գաբրիել Սունդուկյանը, նաև Թբիլիսիի երկարամյա քաղաքապետ Ալեքսանդր Մատինյանցը»,- ասում է Չիդիլյանն ու հավելում, որ, ըստ իր հետազոտության արդյունքների, 80 հայտնի հայեր են թաղված եղել այդ տարածքում:

Ըստ նրա, երբ կոմունիստական իշխանությունները քանդել են հայկական եկեղեցին, դրա հետ միասին քանդել են նաև ամբողջ գերեզմանատունը. մարմարե քարերն օգտագործել են որպես շինանյութ՝ ներքին հարդարման համար.

«Այն ժամանակվա կարևոր շենքերի կառուցման համար օգտագործել են այդ մարմարե քարերը. դրանք են՝ Մարքսիզմ–լենինիզմի անվան ինստիտուտը, այսօրվա խորհրդարանի շենքը և այլն»:

Չիդիլյանի կարծիքով, տապանաքարերը պահպանվել են, քանի որ շինարարական աղբի տակ են մնացել:

«1960-ական թվականներին, երբ այդ տարածքում սկսել են կառուցել ներկայիս մշակույթի նախարարությունը, գտնվել է Կոմս Միքայել-Լորիս Մելիքովի աճյունը, որն այժմ տեղափոխված է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի»,- հավելում է Չիդիլյանը:

Նա նաև ընդգծում է՝ ամեն վայրկյան շինաշխատանքի անցկացման վայրում նոր կարևոր նմուշներ են հայտնաբերվում:

Չիդիլյանը «Ալիք Մեդիային» տրամադրել է նաև տապանաքարերից մեկի վրայի հետևյալ անոտացիոն տարբերակը`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31