Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Կարդացեք նաև
Թուրք ժխտողականներն անցյալ շաբաթ հայտնաբերեցին, որ իրենք չեն կարող պարտության մատնել հայերին Կալիֆորնիայում։
Հակառակ թուրքական մեծածավալ լոբբիստական ջանքերին, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսըմը 2022 թվականի սեպտեմբերի 29-ին ստորագրեց մի օրենք, որով ապրիլի 24-ը` Ցեղասպանության հիշատակի օրը, նշվելու է որպես նահանգային ոչ աշխատանքային օր: Օրինագիծը, որը նախաձեռնել էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը 2022 թվականի փետրվարի 7-ին, օգոստոսի վերջին միաձայն ընդունվեց նահանգի երկու օրենսդիր պալատների կողմից, իսկ ավելի վաղ միաձայն անցել էր պալատներից յուրաքանչյուրի երեք առանձին հանձնաժողովներով:
Նահանգային ժողովի թիվ 1801 օրենքը պարտավորեցնում է փակել բոլոր համայնքային քոլեջները և հանրային դպրոցները ամբողջ Կալիֆորնիայի տարածքում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին: Պետական ծառայողներին կտրամադրվի վճարովի արձակուրդ։ Օրենքում ամրագրված է. «Օրենսդիրը համարում և հայտարարում է, որ Ցեղասպանության հիշատակի օրը բոլորի համար կլինի անցյալ և ներկա ցեղասպանությունների մասին խորհրդածելու օր, բայց հատկապես նրանց համար, որոնք զգացել են այդ վայրագությունների ազդեցությունը և այն խմբերի համար, որոնք ապաստան են գտել Կալիֆորնիայում, ներառյալ, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հոլոդոմորով և հայկական, ասորական, հունական, կամբոջական և ռուանդական համայնքների ցեղասպանություններով: Ցեղասպանության հիշատակի օրը նշվելու է ամեն տարի ապրիլի 24-ին, որը նաև հայտնի է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, այն շաբաթվա ընթացքում, երբ Կալիֆորնիայի նահանգն ավանդաբար նշում է Ցեղասպանության իրազեկման շաբաթը»:
Օրենքում այնուհետև ասվում է. «Այս նահանգի բոլոր պետական դպրոցներն ու կրթական հաստատություններն կարող են վարժություններ անցկացնել, ֆինանսավորվելով առկա դրամական միջոցներից՝ ոգեկոչելու և հարգելու այս երկրում ցեղասպանությունը վերապրածների բազմաթիվ ներդրումները: Կրթության նահանգային խորհուրդը կարող է ընդունել ուսումնական ծրագրի օրինակելի ուղեցույց, որը հասանելի կլինի պետական դպրոցների կողմից Ցեղասպանության հիշատակի օրվան առնչվող վարժությունների համար»:
Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը (ATAA) սեպտեմբերի 6-ին ուշացած և ձախողված փորձ կատարեց հրապարակել Գործողությունների ահազանգ՝ խնդրելով նահանգապետ Նյուսըմին արգելափակել օրինագիծը՝ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի կողմից միաձայն ընդունվելուց հետո: Թուրքական գործողությունների ահազանգը տեղադրվել է նաև Թուրքիայի կայքերում՝ կոչ անելով աշխարհի միլիոնավոր թուրքերի պատգամներ ուղարկել նահանգապետ Նյուսըմին: Գործողությունների ահազանգը պարունակում էր երկու նմուշի նամակներ՝ ուղղված նահանգապետ Նյուսըմին, ինչպես նաև նրա էլեկտրոնային փոստը, փոստային հասցեն և ֆաքսի համարը: Թուրքական նամակները պարունակում էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ սովորական ժխտողականություն՝ անտեսելով այն փաստը, որ ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ինչպես նաև Կոնգրեսի երկու պալատները և նախագահ Ջո Բայդենը:
Օրինագծի վերաբերյալ նահանգապետ Նյուսըմի սեպտեմբերի 30-ի որոշման նախօրեին ATAA-ն սեպտեմբերի 29-ի կեսօրից հետո հայտարարեց երկրորդ Գործողությունների ահազանգը՝ կոչ անելով նրան վետո դնել դրա վրա: Ի դժբախտություն ATAA-ի՝ նահանգապետը հենց նույն օրը ստորագրեց օրինագիծը: ATAA-ն սեպտեմբերի 30-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի երկչոտ հաղորդագրություն՝ տպագրական սխալով. «Ցավոք սրտի, Կալիֆորնիայի թուրքերի համար կիսվում ենք ջախջախիչ տիկին [հավանաբար ցանկացել է գրել «լուր»]: Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսըմը ստորագրեց»։
Ցեղասպանության մասին օրինագիծը ստորագրելուց հետո նահանգապետ Նյուսըմը հայտարարեց. «Ցեղասպանության ոգեկոչումն ավելին է, քան պատմության դաս: Այն հզոր գործիք է՝ մարդկանց սերնդեսերունդ ներգրավելու մարդու իրավունքների սրբության, հանցագործությունների հրեշավորության և ապագա վայրագությունների կանխման համար: Ցեղասպանությունները ոգեկոչող նահանգային հիշատակի օրվա հաստատումը, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, խմբերի համար հնարավորություն է տալիս բուժվելու, և հզոր ուղերձ է հղում մեր Կալիֆորնիայի արժեքների մասին: Կարևոր է նշել, որ Կալիֆորնիան շարունակում է օրինակ ծառայել՝ ցեղասպանության վայրագություններից տառապող մարդկանց անթիվ խմբերին ապաստան տրամադրելու հարցում»:
Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը՝ օրինագծի հովանավորը, հայտարարել է. «Որպես ցեղասպանությունից տուժած համայնքի անդամ, դժվար է նկարագրել, թե ինչ արժեք ունի մեզանից յուրաքանչյուրի համար, որոնք այսքան երկար հանդուրժել են մեր ցավի ու պատմության հաճախ դիտավորյալ ժխտումը։ Այսօր Միացյալ Նահանգների ամենամեծ նահանգը և աշխարհի 5-րդ ամենամեծ տնտեսությունը պարտավորվել է ամեն տարի ճանաչել ցեղասպանության հետևանքները: Բոլոր նրանց, որոնք նահատակվել են ցեղասպանության հետևանքով, մենք հիշում ենք ձեզ: Բոլոր նրանց, որոնք ապրում են ցեղասպանության հետևանքներով, մենք ձեր կողքին ենք»:
Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Լորա Ֆրիդմանն ասաց «Կալիֆորնիա կուրիեր» թերթին. «Ապրիլի 24-ին «Ցեղասպանության հիշատակի օրը» ճանաչելով որպես Կալիֆորնիայի նահանգային հիշատակի օր՝ մենք ընդունում ենք Հայոց ցեղասպանության ողբերգությունն ու սարսափները և դրան հաջորդած ցեղասպանությունների ավերը: Մենք նաև հարգում ենք զոհերին ու վերապրածներին պատմության ընթացքում և կրթում ենք ապագա սերունդներին՝ նման վայրագությունների կրկնությունը կանխելու համար»:
Թուրքական գործողությունների ահազանգերն ապարդյուն էին, քանի որ դրանք ունեին անհնարին նպատակ՝ արգելափակել լայնորեն ճանաչված պատմական իրողությունը՝ Հայոց ցեղասպանությունը:
Միակ բանը, որ այժմ պետք է անեն թուրք ժխտողականները և նրանց կառավարությունը ավելի քան 100 տարվա կեղծիքից հետո՝ ճշմարտությունն ընդունելն է և Հայոց ցեղասպանության ժառանգներին համապատասխան փոխհատուցում կատարելը: Նման գործողությունը կբխի հենց Թուրքիայի շահերից։ Դրանից հետո Թուրքիայի քաղաքացիներն այլևս չեն ապրի խղճի խայթով և չեն դիմի ամոթալի քողարկման, երբ իրենց հիշեցնեն Հայոց ցեղասպանության մասին:
Ինչպես գրել էի 2006 թվականի դեկտեմբերի իմ հոդվածում, Ահմեթ Էրթեգունը՝ Atlantic Records-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Էրթեգունի որդին, Լոս Անջելեսում իր մահվանից առաջ հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու են թուրք պաշտոնյաները շարունակում հերքել Հայոց ցեղասպանությունը, մի փաստ, որը հայտնի է ամբողջ աշխարհին: Նա հստակեցրեց, որ Ցեղասպանության ճանաչման իր նպատակը հայերին գոհացնելը չէ: Նա կարծում էր, որ նախ և առաջ Թուրքիայի շահերից է բխում Ցեղասպանության ճանաչումը, քանի որ դա կօգնի Անկարային դիմել Եվրամիությանն անդամակցելու համար և ձերբազատվել խարանից, որն այսքան տարի հետապնդում է իր հայրենիքին:
Այժմ Թուրքիան և թուրք ժխտողականները պետք է որոշեն, թե որ ուղին ընտրել: Նրանք կարող են կա՛մ ընդունել Հայոց ցեղասպանության ակնհայտ ճշմարտությունը, կա՛մ շարունակել հերքել պատմական անվիճելի փաստը և դառնալ ծիծաղի առարկա ամբողջ աշխարհում:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի