Ինչպես հայտնի է, ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը մանդատը վայր է դրել, որ դառնա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:
Այս առնչությամբ Aravot.am-ը ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանին հարցրեց՝ խնդրահարույց չէ՞, որ ձեր թիմակիցը, կուսակցական մարդը լինի ԿԸՀ նախագահ: Նա պատասխանեց. «Դուք ծանո՞թ եք նրա կենսագրությանը»: Հիշեցինք, որ մեր նախկին գործընկերն է Հովակիմյանը, մեր աչքի առաջ է եղել, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց. «Ինքը երկար տարիներ անմիջական առնչություն է ունեցել ընտրությունների հետ, երեւի տեղյակ եք: Ինքը նաեւ կուսակցությունում համակարգել է այդ աշխատանքները եւ ամբողջ ընթացքին ինքը քաջատեղյակ անձնավորություն է, այդ թվում նաեւ Ընտրական օրենսդրությանը: Եթե դուք նկատի ունեք, որ ինքը կուսակցական է, բայց ինքը այն կուսակցության անդամն է, որը ստանձնել է Հայաստանում ժողովրդավարության ընթացքի՝ շեղված ուղուց դեպի նորմալ ուղի վերադառնալը, որը տեղի է ունենում: Եթե մենք ընտրությունները դիտարկենք գոնե վերջին 2 տարում, կարող ենք ասել, որ այս քաղաքական ուժը իրեն փորձում է պահել չափազանց կոռեկտ՝ այն խաղի կանոնների սահմաններում, որոնք հռչակված են, այսինքն, որ ընտրությունները լինեն թափանցիկ մրցակցային: Ինքը իր գիտելիքներով, փորձով այդ աշխատանքները համակարգելու լրիվ ունակ մարդ է: Ուղղակի կասկած կարող է լինել, թե կարո՞ղ ինքը լինի կողմնապահ, թե ոչ: Ես վստահ եմ, որ կյանքը ցույց կտա, ինքը իր չեզոքությունը կերաշխավորի: Ես բացարձակ խնդիր չեմ տեսնում: Ես չգիտեմ դուք կուսակցական ասելով ի՞նչ եք հասկանում, բայց այս դեպքում մենք գործ ունենք մի կուսակցականի հետ, որը ներկայացնում է այն կուսակցությունը, որն ամեն ինչ անում է Հայաստանը այլասերված ժողովրդավարությունից տեղափոխելու նորմալ ժողովրդավարական դաշտ»:
Վիգեն Խաչատրյանն ասաց, որ որոշիչ տեղերում այս քաղաքական թիմը, որը ստանձնել է պատասխանատվություն, պիտի նշանակի քաղաքական դեմքեր, որոնք պիտի իրականացնեն ռեֆորմներ: Զարմանքին՝ ԿԸՀ-ում ի՞նչ քաղաքական դեմք է պետք, պիտի լինի անկողմնակալ, անաչառ մասնագետ՝ նա պատասխանեց. «Եթե խոսքը գնում է այ մասին, որ ԿԸՀ նախագահը պիտի անաչառ իրեն դրսեւորի, խոսք չկա, այդպես էլ պետք է լինի եւ քաղաքական թիմը գտել է, որ իր անդամը կարող է ապահովել չեզոքություն այնտեղ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ