Գյումրու քաղաքապետարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ, Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն արդեն ճամպրուկային տրամադրության մեջ է․ նա հաստատ կվերցնի մանդատը ու կգնա Ազգային Ժողով։
Aravot.am-ը պարոն Առուշանյանից հետաքրքրվեց, թե իրոք ճամպրուկայի՞ն են իր տրամադրությունները, դառնալո՞ւ է պատգամավոր։
Փոխքաղաքապետն ասաց ․ «Այս պահին բարոյական չէ մանդատ վերցնելու մասին խոսելը, քանի որ մանդատը տեր ունի։ Երբ Վահագն Հովակիմյանը վայր դնի մանդատը, պարոն Սիմոնյանն էլ ստորագրի, որ Վահագն Հովակիմյանն այլևս պատգամավոր չէ, նոր կխոսենք այդ մասին։
Այդ ժամանակ մանդատը կլինի դատարկ, իսկ հիմա որքանո՞վ է ճիշտ այդ հարցին անդրադառնալն»,-ասաց Դավիթ Առուշանյանը։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վահագն Հովակիմյանին առաջադրել է որպես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Պատգամավոր դառնալու հերթը հասել է Դավիթ Առուշանյանին, նա է ընտրացուցակում հաջորդ համարը։
Նշենք, որ Դավիթ Առուշանյանը Գյումրու քաղաքապետարանի այն եզակի պաշտոնյաներից է, որը մշտապես պատրաստակամ է շփվել լրագրողների հետ, ամենասուր հարցերից անգամ չի կաշկանդվում, չի նեղվում։ Նրա հեռախոսը մշտապես հասանելի է լրագրողների համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ