Երևանի պետական համալսարանում տեղի են ունեցել «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի ամփոփումը և երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության արարողությունը:
Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը փաստել է, որ տարիներ առաջ ինքը ևս «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի մասնակիցների շարքերում է եղել. «Տարիներ ի վեր «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթը խրախուսում և քաջալերում է երիտասարդներին, որը սկզբի համար գաղափարի իրականացման հնարավորություն է, իսկ հետագայում նաև կարող է եկամուտ հետապնդել: 2022 թ. պետությունը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, և ես երիտասարդներին կոչ եմ անում ավելի շատ զբաղվել գիտությամբ, հետազոտական և նորարարական գաղափարներ իրականացնելու համար ընտրել ճիշտ ղեկավարներ: Երբեմն դեպքեր են լինում, երբ կան ֆինանսավորում, գաղափար, թեմա, սարքավորումներ, բայց չկա լավ ղեկավար: Այս առումով էլ պետք է լրացնել բացերը և երիտասարդներին առաջ տանել»:
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շնորհավորել է մասնակիցներին ու հաղթողներին, նրանց հորդորել է երբեք չմոռանալ այն բուհը, որտեղ հղացել են նորարար գաղափարները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Արփա» ինստիտուտին՝ երիտասարդներին քաջալերելու և նրանց ուժերին հավատալու համար:
Կարդացեք նաև
Շնորհավորելով հաղթողներին և մասնակիցներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է «ԱՐՓԱ» ինստիտուտի գործունեությունը` բուհական գիտությանն ու հետազոտական բաղադրիչին շարունակաբար աջակցելու առումով. «Հիմնադրամը շատ կարևոր գործունեություն է ծավալում ՀՀ-ում, որի հիմքում ընկած են երիտասարդ գիտնականների խրախուսումը, նորարարական գաղափարների ֆինանսավորումը՝ նպաստելով, որ երիտասարդները մնան գիտության մեջ և կայանան»:
«Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը, ներկայացնելով ինստիտուտի գործունեությունը, նշել է, որ «ԱՐՓԱ»-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել են մի խումբ սփյուռքահայեր: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանում կրթության և գիտության ոլորտների զարգացմանը: Այս տարիների ընթացքում ինստիտուտը մի շարք ծրագրեր է իրականացրել` աջակցություն ցուցաբերելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կառույցներին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ևս շնորհակալություն է հայտնել «ԱՐՓԱ» հիմնադրամին՝ նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ գիտնականներին աջակցելու համար: Նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, որոնցում հատկապես կարևորվում է գիտական ու նորարարական գաղափարների առկայությունը, ինչպես նաև ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական ծրագրերը, որոնց հիմքում բուհերի հետ սերտ համագործակցությունն է:
Ելույթներից հետո մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ, այնուհետև ներկայացրել են իրենց աշխատանքների թեմաներն ու նորարարական գաղափարները: «ԱՐՓԱ» ինստիտուտի կողմից սահմանված մրցանակներին՝ 1-ին տեղի համար 5000, 2-րդ տեղի համար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, համապատասխանաբար արժանացել են Նարինե Ամիրխանյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ) և Սվետլանա Հովհաննիսյանը (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոն)։
«ԱՐՓԱ» ինստիտուտի նորարարության մրցույթը կազմակերպվում է համալսարանական մակարդակով և գիտական տարբեր բնագավառներում քաջալերում է ուսանողներին, ասպիրանտներին ու երիտասարդ գիտնականներին, խրախուսում է աշխատանքային փոխհարաբերություններն ուսանողի, ասպիրանտի և դասախոսի միջև, որտեղ դասախոսը հանդես է գալիս որպես խորհրդատու:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ