Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութում ներկայացված գնդակահարված 8 տղաների անունները պաշտոնականացված գերիների ցուցակում ներառված չեն եղել. Սիրանուշ Սահակյան

Հոկտեմբեր 04,2022 18:04

2020թ. պատերազմի և հետպատերազմյան զարգացումների հետևանքով պաշտոնականացված տվյալների համաձայն՝ կա 33 գերի և 17 նոր գերի 2022թ. սեպտեմբերի 13-ի դեպքերից հետո, այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտնեց ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Ընդ որում նշեմ, որ վերջին 17 գերիների պաշտոնականացված թվերի մեջ որևէ կերպ արտացոլված չեն տարածված տեսանյութում ներկայացված գնդակահարված 8 տղաների անունները: Երբ մենք ասում ենք, պաշտոնականացված գերիներ՝ մենք պետք է նկատի ունենանք, որ նրանք ողջ են և այս պահին Ադրբեջանն ընդունում է ողջ գերեվարման փաստը: Հատուկ ընդգծում եմ, քանի որ թյուր ընկալում կա, թե նրանք հաստատված գերիների մեջ եղել են և գնդակահարվել են: Ոչ, նրանք երբևէ պաշտոնականացված գերիների ցուցակում ներառված չեն եղել»:

Սիրանուշ Սահակյան

Սիրանուշ Սահակյանի տեղեկություններով, առնվազն 80 անձ գերեվարվել է 2020թ. պատերազմում, որոնց գերեվարման փաստն ընդունված չէ Ադրբեջանի իշխանությունների կողմից, նույն կերպ էլ 2022թ. սեպտեմբերի 13-ին գերեվարման դեպքերն անհամեմատ ավելին են, քան պաշտոնապես հայտարարված 17-ն են:

«Այս տեսանյութն էլ շատ լավ ապացույց էր, որ իրական գնդակահարման դեպքերն ավելին են, պարզապես նրանք գնդակահարվել են: Նշեմ, որ գնդակահարված դիերը հանձնվել են ընտանիքներին և մատուցվել են լեգիտիմ զոհեր, որոնք իբրև թե զոհվել են մարտական գործողությունների հետևանքով, բայց ի սկզբանե առաջ քաշված չի եղել նրանց ողջ գերի եղած ժամանակ սպանելու կանխավարկածը և որպեսզի մենք իրական պատկերն ունենանք, կարծում եմ յուրաքանչյուր հանձնված դի պետք է հանգամանալից ուսումնասիրությունների, զննությունների և փորձաքննությունների ենթարկվի, որպեսզի պարզվի՝ արդյոք հավանական է ողջ եղած ժամանակ գնդակահարելու ճանապարհով սպանելու կանխավարկածը, ինչպիսի՞ հանգամանքներում են այդ վնասվածքները վրա հասել:

Մեծաքանակ զոհերի պայմաններում, վստահ եմ, որ պետությունը հետևողական գործողություններ չի իրականացնում, դրա համար մեր մոտ շատ զոհեր ընկալվում են որպես մարտական գործողությունների զոհեր, բայց նրանք իրականում գերեվարման ընթացքում, արտադատական կարգով սպանված զինծառայողներ են: Մենք այդպիսի դեպքեր արձանագրել ենք 2020թ. պատերազմում, ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ գնդակահարության դեպքեր:

Ունենք շատ ավելի վատ դրսևորում, օրինակ եմ բերում հանրության մոտ շատ քննարկված Հադրութի անտառներում մնացած 6 զինծառայողների դեպքը, որոնք ամիսներ շարունակ մաքառել էին, կարողացել գոյատևել, հետո գնդակահարվեցին և ադրբեջանական կողմը նրանց դիերը հանձնեց հայկական կողմին:

Ունենք նաև դրական դեպք, երբ որոնողական աշխատանքների արդյունքում 6 զինծառայողներ ողջ դուրս բերվեցին: Բայց այս դեպից հետո, այն վայրերում, որտեղ կարող էին հայ զինծառայողներ թաքնված լինել, ադրբեջանական կողմը արգելեց որևէ մարդասիրական գործողության իրականացում, ինտենսիվացրեց իր որոնողական աշխատանքները, հայտնաբերեց ողջ մնացած, բնականաբար քայքայված առողջությամբ, հյուծված հայ զինծառայողներին, որոնք ի զորու չէին որևէ դիմադրություն ցուցաբերել՝ անմարդկային կերպով գնդակահարեցին և նրանց դիերը հանձնեցին հայկական կողմին»:

Անդրադառնալով, միջազգային կառույցների մոտեցումներին, Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ շատ երկար ժամանակ միջազգային հանրությունը կեղծ հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի կողմերի միջև՝ դրանով իսկ արդարացնելով իր անգործությունը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31