Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ:
Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր, կարևորում է ԱԷՄԳ հետ հաստատված արդյունավետ համագործակցության զարգացումը՝ ուղղված միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ և ապահով օգտագործմանը: Հայակական կողմը բարձր է գնահատել Գործակալության տեխնիկական համագործակցության ծրագրի և ԱԷՄԳ առաքելությունների դերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն ատոմային էլեկտրակայանի անվտանգ երկարաժամկետ շահագործման համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայկական ատոմային էլեկտրակայանի նկատմամբ հնչած սպառնալիքների, ինչպես նաև էլեկտրակայանի շահագործման հետ կապված անհարկի շահարկումների անթույլատրելիությունը:
Ռաֆայել Գրոսին նշել է, որ Հայաստանն ԱԷՄԳ վստահելի գործընկերն է և առանձնահատուկ շեշտել Հայաստանի թափանցիկ գործելաոճը և ԱԷՄԳ առաքելությունների առաջարկությունների հետևողական հասցեագրումը։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԱԷՄԳ ծավալուն օրակարգն իր մեջ ներառում է ինչպես միջուկային անվտանգության և էներգետիկայի, այնպես էլ՝ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է վերոնշյալ ուղղություններով Գործակալության ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ իրականացվող ծրագրերը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: