Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես չեմ ուզում տեսնել մեր իջեցված դրոշը»

Հոկտեմբեր 04,2022 16:52

Հանրապետության հրապարակում լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական կողմնորոշում փոխելու ուղղությամբ գործող իշխանության վարած քաղաքականության մասին ասաց. «Այս ամեն ինչը շատ ուշացած է, շատ ձեւական է եւ ցույց է տալիս, որ այս մարդիկ քաղաքականության, դիվանագիտության, իրական ազգային շահի հետ ընդհանրապես որեւէ կապ չունեն:

Մենք պետք է աշխատենք բոլոր գործընկերների հետ: Եթե մեր դաշնակիցները, մեր քաղաքական գործընկերները, հավաքական անվտանգության մարմինները մեր որեւէ շահի հետ կապ չունեն, եթե չեն հարգում մեր ազգային պետական շահը, ուրեմն մենք համապատասխան քայլեր պետք է անենք: Բայց առաջին հերթին մենք պիտի հարգենք մեր իսկ սեփական պետական ազգային շահը, որն այս իշխանությունը ուղղակի ոտնահարում է յուրաքանչյուր իր խոսքով, ամբիոնից իր ճառով եւ յուրաքանչյուր իր քայլով:

Նոր իշխանությունը, որը պետք է ստեղծվի ազգային համաձայնության հիմունքով, եթե ուզենա մեզ տանել այս կամ այն պետության կազմ՝ զիջելով մեր ինքնիշխանությունը, դա լինի արեւելք, արեւմուտք, հյուսիս, թե հարավ, ուրեմն դա փակուղի է եւ մենք այդ ուղղությամբ չպիտի գնանք: Այս խաղերը ուղղակի ամերիկյան են, թե ՀԱՊԿ-ի հետ են կապված, մակերեսային հռետորաբանություն են: Եթե, ՀԱՊԿ կլինի, ՆԱՏՕ կլինի, չի ծառայում Հայաստանի պետական ազգային շահին, մենք այնտեղ գործ չունենք: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, այս խոսքերը՝ կառավարության նիստերում սպառազինության մասին, բողոքները այս կամ այն դաշնակցից, գործընկերոջից, ցույց է տալիս, որ մենք ուղղակի անլուրջ ենք աշխարհի առջեւ:

Օր առաջ, հույսս է՝ այսօր, վաղը, այս շաբաթ, մենք ունենանք կամավոր քաղաքական լուծում: Իսկ եթե դուք համարում եք, թե սա միամիտ է, իշխող քաղաքական ուժը կարծում է, որ շարունակելով այս քաղաքականությունը՝ ձերբակալելով համայնքներում հաղթող ուժերի ներկայացուցիչներին, շարունակելով պառակտել հասարակությունը, կկարողանա պաշտպանել մեր երկիրը, մենք պիտի ունենանք միայն մեկ երկընտրանք: Ժողովուրդը կամ բարձրանում է ու տեր է դառնում հայրենիքին, հետ է բերում մեր պետությունը, կամ այստեղ մտնում է օտար ուժը՝ իր տողանցքով, իր շքերթով, իր զինուժով: Եվ այն ժամանակ սուգը, ցավը մտնում է յուրաքանչյուր օջախ: Ես չեմ ուզում տեսնել մեր իջեցված դրոշը:

Դրա համար չէ, որ 31 տարի առաջ մեր պետական դրոշը բարձրացավ ՄԱԿ-ի շենքի առջեւ:

Դրա համար չէ, որ մեր տղաները զոհվեցին:

Պետությունը, հայրենիքը ամենից բարձր է, ՔՊ-ից բարձր է, ընդդիմությունից բարձր է, յուրաքանչյուր առանձին հատվածից առավել բարձր է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31