Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևանից գործուղված բժիշկները շարունակում են ծառայել Արցախի ժողովրդին

Հոկտեմբեր 04,2022 16:20

«Բժիշկներ Արցախի համար» ծրագրի մասնակիցներին այցելելու և Արցախի առողջապահական համակարգը վերականգնելուն ու վերազինելուն ուղղված հետագա քայլերը քարտեզագրելու նպատակով ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի թիմը սեպտեմբերի 27 և 28-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի պետնախարարին, առողջապահության նախարարին ու ոլորտի պատասխանատուներին, ինչպես նաև ՀՕՖ-ի շարունակական բժշկական կրթություն ծրագրի շրջանավարտ բժիշկներին ու բուժքույրերին:

«Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում այս պահին Երևանից գործուղված 6 բժիշկ է աշխատում Մարտունիի, Մարտակերտի ու Ստեփանակերտի բժշկական կենտրոններում:

«Ինձ համար մեծ պատիվ է ապրել ու աշխատել Արցախում, հատկապես աշխատել պատերազմից տուժած մարդկանց, բալիկների հետ, ու ոչ միայն բուժել նրանց, այլ նաև ինչ-որ չափով մխիթարել հոգեբանորեն, խոսքով: Գուցե տարրական բան թվա, բայց երբ մի ժպիտ էլ ավելացնում եմ երեխաների դեմքին, դա ինձ համար մեծ ուրախություն է, մեծ բավարարվածություն: Երևի թե վախը ամեն օր կա, մանավանդ, երբ բալիկների հետ ենք, բայց դրական ենք տրամադրված և ուզում ենք խթան հանդիսանալ մյուս բժիշկների համար, որպեսզի գան ու աշխատեն այստեղ, հատկապես այս պահին, երբ կա նեղ մասնագետի ու բժշկի պահանջ», – նշել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանը, որը վնասվածքաբան ամուսնու հետ 11 ամիս ապրում ու աշխատում է Արցախում:

2021թ․ ապրիլից մեկնարկած «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի բժշկական կենտրոնների ավելի քան 40 առաջատար բժիշկներ են գործուղվել Արցախի տարբեր շրջաններ՝ իրականացնելու մասնագիտական պարտականություններն առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։ Գործուղման ավարտին նրանց փոխարինել է բժիշկների հերթական խումբը։ Ծրագրի նպատակ է լրացնել պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը, ինչպես նաև իրականացնել Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ լսարանային և առցանց ձևաչափերով՝ կազմակերպելով վարպետության դասեր տեղի և արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։

«Իրականում մենք այս ծրագրով լուծում ենք կենսական նշանակություն ունեցող հարց, որ կարելի համարել, ինչո՞ւ չէ, նաև զենք մեր այսօրվա պատերազմում, որպեսզի կարողանանք ստեղծել այնպիսի առողջապահական համակարգ, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կարողանա հստակ իմանալ, որ իր առողջության հետ որևիցե խնդիր չի կարող լինել», – հանդիպման ընթացքում ընդգծել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի թիմն այցելել է նաև Հանրապետական բժշկական կենտրոն և «Արևիկ» բուժմավորում, ծանոթացել ՀՕՖ-ի կողմից նվիրաբերված բժշկական սարքավորումների աշխատունակությանը, բացահայտել ու արձանագրել առկա կարիքները:

«Այցը կարևոր էր և արդյունավետ թե՛ հոգեբանական, թե՛ գործնական առումներով։ Հայ օգնության ֆոնդի և գործընկեր կազմակերպությունների կողմից Արցախում իրականացվող ու նախատեսված առողջապահական ծրագրերի վերաբերյալ քննարկումները հստակ ցույց տվեցին, որ մենք կարիքների բավարարման առումով ճիշտ ուղղության վրա ենք ու բոլոր ուղղություններով պետք է առնվազն նույն տեմպերով առաջ շարժվենք», – ամփոփել է ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։

«Բժիշկները Արցախի համար» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Րաֆֆի Հովհաննիսյան ու Նազարյան ընտանիք հիմնադրամների աջակցությամբ, Հայկական բժշկական ֆոնդի, ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով:

Հայ օգնության ֆոնդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31