Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության:
Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է, և «Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին, ձևավորելու երկարաժամկետ համագործակցություն:
Հանդիպմանը քննարկվել են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի գործունեությանը, եկամտաբերությանը, այդ առնչությամբ հանրային իրազեկվածությանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետ Փաշինյանին տեղեկատվություն է ներկայացվել ընթացիկ արդյունքների վերաբերյալ, մտքեր են փոխանակվել միջազգային ֆինանսատնտեսական իրավիճակով պայմանավորված մարտահրավերների և գնաճային զարգացումներին համահունչ արձագանքելու կարևորության շուրջ:
Կարդացեք նաև
Վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը կարևորում է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին բարձրակարգ ծառայությունների մատուցումը և հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի թափանցիկության, հանրային հաշվետվողականության ավելացմանը, հանրային վստահության բարձրացմանը, կենսաթոշակային բարեփոխման արդյունավետ իրականացմանը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ