Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը չպետք է թույլ տա, որ զբոսաշրջության ոլորտը փլուզվի»․Մեխակ Ապրեսյան

Հոկտեմբեր 04,2022 16:12

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զբոսաշրջության ոլորտի վրա շատ վատ է անդրադարձել։ Առանց այն էլ, դեռ քովիդի եւ 2020 թվականի պատերազմի հետեւանքները չհաղթահարած, ոլորտը մեկ անգամ էլ «հարված» ստացավ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի պատճառով։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց՝ զբոսաշրջությունը շատ զգայուն է նման իրավիճակներին, հայ-ադրբեջանական սահմանին ռազմական վերջին սրացումների պատճառով ոլորտի մի շարք միջոցառումներ հետաձգվել են։

«Շատ կարեւոր միջոցառումներ կային, որոնք ոչ միայն տեղական, այլ նաեւ միջազգային նշանակության էին։ Օրինակ՝ Արենիում գինու փառատոնը, որը հոկտեմբերի 1-ին պետք է լիներ Վայոց ձորում։ Սա միջազգային նշանակության կարեւորագույն միջոցառում էր, հատուկ այդ փառատոնին մասնակցելու համար զբոսաշրջիկներն այցելում էին Հայաստան։ Ստիպված հետաձգվեց»,-ասաց Ապրեսյանը։

Նրա ներկայացմամբ՝ արդեն ծրագրված զբոսաշրջային բազմաթիվ այցելություններ ժամանակավորապես վերաձեւակերպվում են։

Ապրեսյանի խոսքով՝ շատ երկրներ իրենց դեսպանությունների միջոցով իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս այցելել Հայաստան, հատկապես Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզեր, եւ այդ մարզերում անցկացվող փառատոնները կորցնում են իրենց նշանակությունը։

Ադրբեջանական ագրեսիան , ինչպես ասաց Ապրեսյանը, զբոսաշրջային ոլորտի համար նոր մարտահրավերներ է ստեղծել․ «Հայաստանը նույնիսկ այսպիսի դժվարին իրավիճակում չպետք է թույլ տա, որպեսզի զբոսաշրջության ոլորտը փլուզվի, որովհետեւ սա այն կարող ուժն է, որ ի վիճակի է իր հետեւից տանել տնտեսությունը, նպաստել սոցիալական, մշակութային վերականգնմանը և նույնիսկ քաղաքական խնդիրների լուծմանը»։

Ոլորտի ներկայացուցիչներն, ըստ Ապրեսյանի, դեռ չեն շտապում առաջարկություններ ներկայացնել պետության աջակցության համար, ինչն անչափ կարեւոր է ոլորտը փրկելու համար։ Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի բիզնեսները դեռեւս չեն դիմում նման աջակցության, քանի որ կարծում են, որ պետությունն առաջնահերթ խնդիրներ ունի պաշտպանական, անվտանգային ոլորտում․ «Սակայն պետությունը չպետք է թույլ տա, որպեսզի ոլորտը փլուզվի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31