Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը «Հայկական ժամանակի» լուրը հավաստի չի համարում. «Նման որեւէ խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել»

Հոկտեմբեր 04,2022 13:49

«Փաստաթուղթ չկա: Գոյություն չունի նման փաստաթուղթ: Եկեք մի բան ֆիքսենք՝ ՀՀ-ն երբեւիցե տարածքային պահանջներ չի ունեցել իր հարեւան երկրներից եւ խոսքը գնում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես անդրադարձավ «Հայկական ժամանակի» «հավաստի աղբյուր» ձեւակերպմամբ տարածված տեղեկությանը՝ Ադրբեջանի 5 պահանջների մասին:

Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ կրկնեց. «Փաստաթուղթ չկա, երբ անընդհատ կրկնում եք, ինչ-որ մեկը եթեր կմտնի, կասի՝ «հեսա, փաստաթուղթ են ստորագրում» ու ժողովրդին կկանչի փողոց: Փաստաթուղթ չկա, մենք կարմիր գծերի մասի՞ն խոսենք: Միջազգային նորմերի հիման վրա մենք պատրաստ ենք կնքել խաղաղության համաձայնագիր»:

Անդրադառնալով «Հայկական ժամանակի» այն տեղեկությանը, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանը միութենական պետության կազմի մեջ մտցնել՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀԺ-ի լուրը հավաստի չէ. «Նման որեւէ խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել: Նման խոսակցություն չկա: Ինձ համար չի էլ կարող դա լինել: ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»: Երբ լրագրողները ճշտեցին՝ կարող է կա նման բան, դուք չգիտե՞ք՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Բացառում եմ, որ նման բան լինի ու ես չիմանամ»:

Aravot.am-ը հարցրեց՝ դուք էլ եք չէ՞ հասկանում, որ «հավաստի աղբյուրին» հղում անելով՝ այդ տեղեկությունները դաշտ նետելը բոլորովին էլ պատահական չէ՝ նա արձագանքեց. «Ես չգիտեմ նպատակը որն է եղել կոնկրետ այդ լրագրողի գրելու, բայց ամեն ինչ, ինչ գրվում է մի ԶԼՄ-ում, որը կարելի է կապել գործող իշխանությունների հետ եւ վերագրել իշխանությանը ցանկությանը՝ ճիշտ չի; Նույն տրամաբանությամբ դուք էլ տարբեր աղբյուրներ ունեք ու ամեն անգամ, երբ դուք ինչ-որ բան եք գրում, չեմ կարող ամեն անգամ ասել՝ այսինչ մարդն է պատվեր տվել: Ես նման ինֆորմացիա չունեմ ու չեմ համարում, որ նման հարց Հայաստանում պետք է քննարկվի: Խոսքը գնում է Ռուսաստանում եղած ցանկության մասին, հա՞: Ես չեմ կարող ասել, թե ով որտեղ ինչ ցանկություն ունի: ՀՀ-ում նման հարց չի կարող քննարկվել: Ես չգիտեմ՝ ՌԴ-ում կա՞: Ադրբեջանում էլ կարող է ցանկություն լինի, Թուրքիայում էլ կարող է լինի: Ես նման խոսակցության ականատես չեմ եղել եւ իմ համար դա անքննելի է: Ես կրկնել ու կրկնելու եմ՝ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը անքննելի են»:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը կարծում է՝ հենց Նիկոլ Փաշինյանն է այդ «հավաստի աղբյուր» ծածկանվան տակ հրապարակումներ անում՝ տրամադրություններ ստուգելու եւ պատրաստելու հանրությանը զիջումների՝ Ալեն Սիմոնյան արձագանքեց. «Այդ ընդդիմությունը ո՞րն է: Ընդդիմությունն ինչի մասին ուզում է, թող խոսի: Նոր ասացի՝ դա անքննելի է»:

Մեր հարցին՝ դո՞ւք էլ եք կարծում, որ ՌԴ-ն ՀՀ-ից ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, պարզապես՝ Ադրբեջանի միջոցով՝ նա պատասխանեց. «Բոլոր մեծ տերությունները, այդ թվում՝ ՌԴ-ն, ունեն իրենց շահերը: Հաճախ խոսում են՝ այս մեկին սիրում է, այս մեկին չի սիրում: Այդ սեր հասկացողությունը էական բան չի, պետություններն ունեն իրենց շահերը ու այդ շահերը առաջ են տանելու: Այլ հարց է, թե ինչպես կկարողանանք այդ շահերին դիմակայել ու ինչ հակակշիռներ ունենք»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀԺ-ի լուրերը հավաստի չի համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31